Հայաստանում ստեղծվում է «Ռուսական վարժարան» հիմնադրամ

Հայաստանում ստեղծվում է «Ռուսական վարժարան» հիմնադրամ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկում է ստեղծել «Ռուսական վարժարան» հիմնադրամ Երեւանում:





ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ նախարարն առաջարկում է 10 հոդվածից բաղկացած համաձայնագիր: Աշոտյանը վստահ է, որ հիմնադրամը «բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների երեխաների համար Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսերեն լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու համար: Վարժարանի հիմնադրումը կնպաստի երկու պետությունների ժողովուրդների փոխըմբռնման և փոխճանաչման բարելավմանը, ելնելով իրենց ազգային օրենսդրությունների նորմերից»:



 



Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր



 



Հայաստանի Հանրապետության Կառավարության



և



Ռուսաստանի Դաշնության Կառավարության



միջև



Հայաստանի Հանրապետությունում



 



«Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին



 



Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Հայկական կողմ և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Ռուսական կողմ, միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր,



հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության մասին 1995 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագիրը,



ձգտելով ամրապնդել Կողմերի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը,



գիտակցելով, որ համագործակցությունը կնպաստի երկու պետությունների ժողովուրդների փոխըմբռնման և փոխճանաչման բարելավմանը, ելնելով Կողմերի ազգային օրենսդրությունների նորմերից համաձայնեցին ներքոնշյալի մասին.

Հոդված 1



Կողմերը՝ իրենց իրավասությունների շրջանակներում և գործող իրավական ակտերին և նորմերին համաձայն, պարտավորվում են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել «Ռուսական վարժարան» հիմնադրամը (այսուհետ՝ Վարժարան) ռուսերեն լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու նպատակով:

 



Հոդված 2



Հայկական կողմը Վարժարանի գործունեության իրականացման համար պարտավորվում է տրամադրել տարածք:



 

Հոդված 3



 



Ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշումով հաստատված «Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգի» երկրորդ  կետով սահմանված փաստաթղթերի փաթեթը:

Հոդված 4



Ռուսական կողմը պարտավորվում է իրականացնել ֆինանսական ներդրում Հայկական կողմի տրամադրած տարածքում Վարժարանի շենքը կառուցելու և նյութատեխնիկական բազայով համալրելու նպատակով, ինչպես նաև հոգալ ռուսերեն լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:



Ֆինանսավորման լրացուցիչ/հիմնական աղբյուրներ կարող են հանդիսանալ`



ա) սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.



բ) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները և բարեգործական, նպատակային ներդրումները.



գ)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

 



Հոդված 5



 



Վարժարանի վերակազմակերպումն ու լուծարումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 



Հոդված 6



Ռուսական կողմը պարտավորվում է ապահովել Վարժարանի գրադարանի համալրումը, ինչպես նաև ռուսերեն լեզվով դասագրքերի և ուսումնա-մեթոդական ձեռնարկների և ուսումնական ծրագրերի տրամադրումը:

 



Հոդված 7



 



Կողմերը համաձայնում են առ այն, որ Վարժարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:



 

Հոդված 8



Կողմերը համաձայնում են առ այն, որ սույն համաձայնագրով ստեղծված Վարժարանը չի կարող ունենալ մասնաճյուղ:

Հոդված 9



 



Կողմերը պարտավորվում են Վարժարանի կողմից տրվող ավարտական փաստաթուղթը ճանաչել, որպես երկու երկրների միջնակարգ կրթության պետական ավարտական փաստաթուղթ:

 



Հոդված 10



Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից: Համաձայնագիրը ենթակա է փոփոխման կողմերի համաձայնությամբ: