ՍՈՍԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

ՍՈՍԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Ես չեմ խոսի այն ամենի մասին, ինչ կոչվում է պետական պարգևատրություն, չեմ խոսի Սոսի պետական պարգևների մասին, դրա մասին թող պետական բարձրագույն այրերը խոսեն: Ես ուզում եմ Սոսին հեռացնել բոլոր քաղաքականություններից, սրբել նրա վրայից քաղաքականության թանձր փոշին ու տեսնել այն, ինչ նա ուներ: Ինչպես ինքն է ասում՝ տեսնել վարագույրից այն կողմ: Արվեստագետի համար վիրավորանք է, իմ տեսակետն է, խոսել պարգևներից, շքանշաններից, որովհետև դրանք մանրուքներ են ժողովրդի սիրո կողքին, դրանք ոչնչություն են ժողովրդի սիրո կողքին: Ու ես այս բոլորից կուզեի առանձնացնել ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը, որն ամեն ինչ ասում է: Արվեստագետը հավերժանում է միայն ժողովրդի սիրով ու պարգևով: Ինձ ավելի շատ հուզում ու հմայում է Սոսի կախարդական օրերից մեկը, որտեղ իր պատկերն ամբողջովին գծագրվում է, հեռու աշխարհիկ հոգսերից, ու վարագույրը հենց Սոսի ձեռքով բացելով, տեսնում եմ նրան ու Ֆրունզին: Սոսի հուշերից է. « ... Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված... Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն... Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կախարդական օրերից էր... »: Ես արվեստագետին այսպես եմ պատկերացնում՝ աշխարհը մոռացած, գործով զմայլված ու հմայված… Սա, իրոք, կախարդանք է, որը կարող է պատկերացնել միայն ողջ կյանքն անմնացորդ արվեստին նվիրած մարդը: Դա է պատճառը, որ Սոսն այդ օրը համարել է իր կախարդական օրերից մեկը, որովհետև ոչ մի բան չի շեղել նրա ուշադրությունը, որովհետև երկուսով եղել են ամենավեհ աղոթքի մեջ: Տա Աստված, որ յուրաքանչյուր արվեստագետի մոտ այդ կախարդական օրերը կյանք կազմեն…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ