Ժողովուրդը նրանց հետ կվարվի այնպես, ինչպես բոլշեվիկները վարվեցին ռուս ցարի հետ

Ժողովուրդը նրանց հետ կվարվի այնպես, ինչպես բոլշեվիկները վարվեցին ռուս ցարի հետ

Հարցազրույց երգահան Էդվարդ Զորիկյանի հետ



 



-Պարոն Զորիկյան, օրերս քաղաքում Պուտինի հայաստանյան այցի եւ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, տեղի ունեցավ զանգվածային ցույց, որին ներկա էիք նաեւ Դուք։ Նկատեցի, որ Ձեր ձեռքին կար պաստառ, որտեղ գրված էր՝ 1920թ.-ի դեկտեմբերի 2-ը չի կրկնվի։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է կանխել մի բան, երբ իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում լսել սեփական ժողովրդի ձայնը։









- Ահավոր է, երբ իշխանությունը սեփական ժողովրդի ձայնին ականջ դնել չի ցանկանում: Նույնիսկ եթե իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէ, բայց ազգային է (ռուս չէ, ուզբեկ չէ` հայ է), նույնիսկ այս դեպքում ինքնակոչ իշխանությունը պարտավոր է լսել ժողովրդի ձայնը եւ կատարել նրա կամքը: Բայց, ինչպես վերջին զարգացումներն են վկայում, մենք նման իշխանություն չունենք: Զարմանալի չէ, քանզի նրանց իշխանատենչությունը ձեւավորվել է մեծամասամբ խորհրդային տարիներին, երբ այսօրվա չինովնիկները, լինելով դեռ դեղնակտուց կոմսոմոլներ, Մոսկվային էին ծառայում: Այս առումով նրանք առանձնապես չեն էլ փոխվել, եթե, իհարկե, մի կողմ դնենք բյուջեն գրպանելու նրանց անհագ ցանկությունը, ինչն այս սրիկաներն արդեն չեն էլ թաքցնում: Հիմա կասեք՝ իսկ ինչպե՞ս կանխենք այս ազգակործան երեւույթը: Կամ նրանք խելքները գլուխները կհավաքեն, կամ ժողովուրդը նրանց հետ կվարվի այնպես, ինչպես ժամանակին բոլշեւիկները վարվեցին ռուս ցարի հետ: Իհարկե, սա սցենարներից ամենաանցանկալին է եւ ամենամերժելին: Այս ամենը ժողովուրդն էլ է հասկանում, բայց էդ հաստագլուխներն աչքիս չեն հասկանում: Հիմա՝ ՄՄ-ի մասին: Բոլորն էլ գիտեն, որ ՄՄ-ն ընդամենը կայսրությունը վերականգնելու սնանկ Ռուսաստանի հերթական փորձն է: ՄՄ-ն գաղութացման ծրագիր է: Այս ամենը գերազանց հասկանում են մեր քաղաքագետները, տնտեսագետներն ու մյուս բոլոր մասնագետները, բայց նրանց լսողն ո՞վ է: Ինչպես ժողովրդին չեն լսում, այնպես էլ այս մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում: Մի խոսքով, իշխանության լկտիությունն արդեն հասել է գագաթնակետին, իսկ մեր համբերությունն անսահման չէ:



 



 - Ինչո՞ւ Նալբանդյան փողոցից ցույցը եւ ցույցի մասնակիցները ցրվեցին, եւ չեղան այնպիսի ընթացք ու զարգացումներ, ինչպես այս օրերին տեսնում ենք Ուկրաինայում։









 - Մենք պիտի Ազատության հրապարակից գնայինք Բաղրամյան 26 եւ մեր մտահոգությունն ու բողոքն այնտեղ բարձրաձայնեինք: Սրա մասին իշխանությունները տեղեկացված էին, եւ ոստիկանությունն ամեն ինչ արեց, որ ցուցարարները նախագահի նստավայր չհասնեն: Մեր հանդեպ կիրառվեց նույն «Կոլցո» օպերացիան: Ցուցարարների կողմից որոշում կայացվեց ցրվել եւ միավորվել Բաղրամյան 26 հասցեում: Այդպես էլ արեցինք: Ես դստերս հետ, պաստառը (փակ) ձեռքիս, տրանսպորտով ուղեւորվեցի դեպի նախագահի նստավայր: Ցուցարարներից որոշ մարդիկ ոտքով էին բարձրանում դեպի Բաղրամյան 26: Ինձ եւ դստերս Բաղրամյան 26-ում ոստիկանությունը բերման ենթարկեց, եւ ոստիկանության մեքենայով տարան Նոր Նորքի ոստիկանության բաժին: Երեքուկես ժամ լուսանկարում-հարցաքննություն-խուզարկում-արձանագրություն անցկացնելուց հետո մեզ, իհարկե, բաց թողեցին (ոստիկանատանը մեր հանդեպ ոչ մի բռնություն չի իրականացվել): Ես ոստիկանությունում, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չստորագրեցի եւ կատարվածին տվեցի իմ բացատրությունը: Ինչեւիցե: Տուն գալուց հետո համացանցից տեղեկացա, որ 100-ից ավելի մարդիկ են բերման ենթարկվել: Երբեք մտքովս չէր անցնի, որ իշխանությունը ժողովրդից էդքան վախեցած է: Համացանցից նաեւ տեղեկացա, թե ինչպես են այս մարդկանց բերման ենթարկել: Իրականում նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ դեպի Բաղրամյան 26 տանող տարբեր փաղոցներում ուղղակի առեւանգել են: Համացանցը լի է նման տեսանյութերով: Սա, իհարկե, իրավունքի կոպիտ խախտում է:



 



- Ի՞նչ եք կարծում՝ գուցե չկա առաջնորդ, որ մինչեւ վերջ բողոքի ալիքն այդպես էլ չի հասնում Բաղրամյան 26։









 - Մինչեւ 88-ն էլ ժողովուրդն Անկախության շարժման տղաներից ոչ մեկին չէր ճանաչում, ու թվում էր, թե Խորհրդային Միությունը հավերժ է, բայց թե ինչ եղավ՝ բոլորս տեսանք: Համոզված եմ, որ մինչեւ 88-ը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի մտքով անգամ չի անցել, որ իրենք կարող են ինչ-ինչ ոլորտներում առաջնորդներ լինեին, էլ չեմ ասում նախագահի աթոռին հայտնվելու փաստի մասին: Էնպես որ, պետք չէ ժամանակից առաջ անցնել. առաջնորդը կհայտնվի՝ չկասկածեք:



 



- Ոստիկանների գործողություններն ինչքանո՞վ էին ադեկվատ, երեկ ցույցի օրը 100-ից  ավելի մարդ ձերբակալվեց, դա ինչի՞ մասին է խոսում, որ իրավիճակն արդեն դո՞ւրս է գալիս կոնտրոլից։






 - Հայաստանում վաղուց ամեն ինչ կոնտրոլից դուրս է: Կոնտրոլից դուրս ասելիս նկատի ունեմ ժողովրդին, իսկ իշխանությունը միայն Մոսկվայի կոնտրոլին է ենթարկվում, ասել է թե՝ չի ուզում սեփական ժողովրդին ծառայել եւ Մոսկվայի առջեւ փորսողում է: Ամոթ է: Արդեն իրար մեջ սկսել են ռուսերեն խոսել:



 



Հիմա՝ ոստիկանության մասին: Կարծում եմ, որ ոստիկանության առջեւ կոնկրետ խնդիր էր դրված` Բաղրամյան 26 հասցեում ոչ ոք չպիտի երեւա, ինչը ոստիկանության աշխատակիցները կատարեցին, թեպետ՝ օրինախախտ ճանապարհով:



 



Մեծ առումով, Բաղրամյան 26 հասցեում ցուցարարներ չերեւացին: Բայց մեր նախագահը մինչեւ հիմա չի հասկացել, որ երեւալ-չերեւալը ոչ մի կապ չունի: Պուտինը հո սեփական աչքով չէ, որ պետք է տեսներ ցուցարարներին: Հավատացնում եմ, որ ինչ որ պետք է, նրան արդեն զեկուցել են: Կայսրական բարդույթով տառապող Պուտինն ի վերջո պետք է ընտրություն կատարի` ինչ անել, ավելի ճիշտ՝ ինչպես անել. հերթական մարտի մեկեր ու հոկտեմբերի 27-ե՞ր կազմակերպել, թե՞, այնուամենայնիվ, ժողովուրդների կարծիքի եւ ընտրության հետ հաշվի նստել: Դեկտեմբերի 2-ին մենք մեր կարծիքը հայտնեցինք, եւ այս առումով գտնում եմ, որ մեր ձայնը տեղ հասել է: Հետագայում ինչ կլինի` ես չգիտեմ: Ես ինքս եմ ամեն ինչի մասին ընթացքում տեղեկանում եւ, որպես ՀՀ քաղաքացի, որոշակի դիրքորոշումով արձագանքում: 



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]