Ֆրանսիայի կինոարվեստների ակադեմիան հրապարակել է 2013-ի հաղթողների անունները

Ֆրանսիայի կինոարվեստների ակադեմիան հրապարակել է 2013-ի  հաղթողների անունները

Փարիզի «Շատլե» թատրոնում կայացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:



 



«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիյոմ Գալյենի «Ես, կրկին ես և մայրիկը» ֆիլմը: Մի քանի անվանակարգերում ներկայացված այս ֆիլմը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեժիսորական դեբյուտ» անվանակարգում։ Բացի այդ, Գալյենն արժանացել է նաև «Լավագույն դերասան» մրցանակին:



 





 



Լավագույն ռեժիսոր է ճանաչվել 80-ամյա Ռոման Պոլանսկին՝ «Վեներան մորթու մեջ» ֆիլմի համար, որը ստեղծվել է Դևիդ Այվզի համանուն պիեսի հիման վրա։ Ալբեր Դյուպոնտելի «Խիստ ռեժիմի ինն ամիսներ» ֆիլմն արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակի։ Այդ ֆիլմն օգնել է նաև դերասանուհի Սանդրին Կիբերլենին ստանալ մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։



 



Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Նիլս Արեստրուպը, իսկ ահա երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ադել Անելը՝ ետևում թողնելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհուն՝ դերասանուհի Ժյուլի Գայեին։



 



Ֆելիքս Վան Գրոենգինենի բելգիա-հոլանդական «Բաց շրջան» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»:



 



Իսկ «Սեզար»-ի պատվավոր մրցանակին է արժանացել ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը։ Նա դարձել է ամենաերիտասարդ կինոգործիչը, ով արժանացել է այդ մրցանակին:



 



«Սեզար» կինոմրցանակը  1976-ից ի վեր յուրաքանչյուր տարի շնորհվում է Ֆրանսիայի կինոարվեստների և տեխնիկայի ակադեմիայի կողմից՝ նախորդ տարվա ընթացքում թողարկված լավագույն կինոստեղծագործություններին և դրանց հեղինակներին: