Արգամիչն իրեն պահում էր ինչպես փողով ԲՈՒՀ ընդունված ուսանող

Արգամիչն իրեն պահում էր ինչպես փողով ԲՈՒՀ ընդունված ուսանող

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նորամուտն Ազգային ժողով ոչ շռնդալից էր, ոչ անակնկալներով լի եւ ոչ էլ նույնիսկ մուկ ու կատվի ուղեկցությամբ, բայց, շնորհիվ ընդդիմադիրների` ուշագրավ: Թեպետ այն բավական հեռու էր իրական էմոցիոնալ «ներկայացումից», որպիսին հաճախ էինք տեսնում նախորդ կառավարության ժամանակ, երբ հրաշալի կոչվող քառյակի եւ հատկապես ԲՀԿ պատգամավորները խորհրդարանի դահլիճում «գզում» էին Տիգրան Սարգսյանին, բմբլահան անում ու եթե ճար ունենային, դա կվերածեին նաեւ ձեռնամարտի:



 



Հովիկ Արգամիչին վարչապետ դարձրած քառյակը երեկվա հարցուպատասխանին  այնքան էր համրացել, որ կառավարությանն իներցիայի ուժով քիչ մը նեղը գցեց միայն իրեն արմատական ընդդիմություն համարող ՀԱԿ խմբակցությունը, ՀՅԴ-ի իզն ու թոզը չզգացվեց, իսկ իշխանության հետ վերջին երկու օրերին «խաղեր տվող» ու ՕԵԿ խարանն այլեւս իր ճակատին քաշած ԲՀԿ-ի հարցադրումներից ակնհայտ դարձավ, որ սրանք նոր որսի են  դուրս եկել եւ նոր «զոհ» են ասես փնտրում՝ ի դեմս Աշոտյանի: Այդուհանդերձ, Արգամիչն իրեն ինքնավստահ էր զգում միայն խորհրդարանի միջանցքներում, երբ տեր ու տնօրենի կարգավիճակով Գալուստ Սահակյանի եւ իրենից հեռու չգնացող Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ երբեմնի «վոտչինայի» միջանցքներով արագ քայլով եւ հարցերից հրաժարվելով շտապում էր ֆրակցիա՝ մի թաս գցելու եւ Գրիգորիչին շնորհավորելու: Բայց դահլիճում, որտեղ նույնիսկ քառյակի պատգամավորներն իրենց հարցերը հնչեցնում էին մեղմ տոնով, ու ասես ապահովված էր վարչապետի անվտանգությունը, միեւնույն է՝ Հովիկ Աբրահամյանը փողով բուհ ընդունված ուսանող էր հիշեցնում եւ չուներ իր նախորդի ինքնավստահությունը, ով փռվում էր վարչապետական աթոռին եւ երբեմն-երբեմն անթաքույց հրճվում ԲՀԿ-ականների ղժղժոցների վրա: ԱԺ խոսնակին շնորհավորելուց եւ դահլիճի ծափահարություններից հետո Արգամիչն ակնհայտորեն ձգվեց, դպրոցականի պես ձեռքեր



 



ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը փորձեց քնահարամ անել ներկաներին եւ սրել իրավիճակը, վերստին ապացուցելով, որ քառյակը յոթ երգ գիտի՝ յոթն էլ Տիգրան Սարգսյանի մասին, մերժելով հայկական ասացվածքները գնացողների մասին՝ «կամ լավ, կամ ոչինչ»: Մանուկյանը նորից հիշեց Տիգրան Սարգսյանի օֆշորի պատմությունը, ապա դիմեց Հովիկ Աբրահամյանին. «Ի՞նչ դիրքորոշում եք ունենալու այդ օֆշորային սկանդալը բացահայտելու գործում, արդյո՞ք պատրաստ եք Ձեր ուսերին վերցնել Տիգրան Սարգսյանի բացասական ժառանգությունը»: Հովիկ Աբրահամյանն ինքնագոհ պատասխանեց, որ ինքն առհասարակ պատասխանատվություն վերցնող անձնավորություն է եւ վարչապետի պաշտոնին նշանակվել է` գիտակցելով դա: «Բայց համաձայն չեմ, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալներ են եղել: Այո, նա ունեցել է թերություններ:



 



Մենք մեր գործունեության մեջ լինելու ենք անկեղծ, բաց ու թափանցիկ, չենք խուսափելու ասել, որ սխալներ կան, հաշվի ենք առնելու ձեր կարծիքները, բայց դա պետք է լինի երկկողմ, ոչ թե կառավարության առաջ ուլտիմատում դնելու ձեւով: Ձեր խմբակցությունը հայտարարում է, որ չի ցանկանում աշխատել կառավարության հետ, դա ձեր իրավունքն է: Կուզենայի, որ այս ամբիոնը ոչ թե բռունցքների, այլ գաղափարների ամբիոն դառնա: Ես եւս հրահանգ եմ տվել հարգալից լինել բոլոր պատգամավորների հետ, նույնը ակնկալում եմ պատգամավորներից»,- ասաց վարչապետը: Արամ Մանուկյանը խմբագրեց խոսքը, որ ՀԱԿ-ի վերաբերմունքը Հովիկ Աբրահամյան անձի դեմ չէ, այլ քաղաքական դիրքորոշում է, որը կապ ունի քաղաքական իշխանության հետ: Աբրահամյանն առիթը բաց չթողեց խոստումներ շռայլելու. «Վարչապետը պետք է աշխատի թափանցիկ: Դա պետք է լինի իմ սկզբունքը, ասելու ենք այն, ինչ անելու ենք: Առաջիկայում ներկայացնելու ենք իրատեսական ծրագիր, գրելու ենք քիչ, անելու ենք շատ»։ Սպասելի էր, որ պատգամավորներից մեկը Հովիկ Աբրահամյանին հարց կուղղեր կուտակայինի հարցում անորոշությունների հստակեցման մասին, եւ դա արեց ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Քանի որ երկու օր է՝ կառավարության կողմից ԱԺ ուղարկված փոփոխությունների փաթեթը կրակի մեջ է գցել անգամ իշխանության ներկայացուցիչներին, որոնք չեն կարողանում Արգամիչի խոստումների տակից դուրս գալ, ով հայտարարել էր «ԴԵՄ եմ» եւ խնդրել էր հավատալ, որ ինքը օրենքն իրենց սրտով փոխելու է: Փաթեթից պարզ դարձավ, որ միայն տույժերն են վերացվելու, այն էլ մինչեւ սեպտեմբեր: ԲՀԿ-ից երեք հարց հնչեց, մյուսն իրենց ոչ պակաս «թշնամի» Արմեն Աշոտյանին էր ուղղված, երրորդը՝ նորանշանակ քաղշին նախարար Նարեկ Սարգսյանին:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]