Մենք գիտենք նաեւ … յուրովի «հիմարանալ»

Մենք գիտենք նաեւ … յուրովի «հիմարանալ»

“Հայաստանում Սահմանադրությունը կա, բայց չի գործում, եւ հենց այդպես վարկաբեկվում է”,- կարդում եմ մի լրատվամիջոցի կայքում: (http://www.1in.am/1356928.html) Հեղինակի մտքով “չի էլ անցել”, որ եթե Հայաստանում Սահմանադրություն չլիներ եւ չգործեր, ապա ինքը մասնավոր թերթ հիմնադրելու եւ սեփական կարծիքն ազատորեն արտայատելու իրավունք չէր ունենա:



 



Այլ բան է, որ “հասարակության մոտ սահմանադրական գիտակցությունն այդպես էլ չի արմատավորվել”: Բայց դրա համար պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր ի սկզբանե դեմ էին, որ Հայաստանը Սահմանադրություն ունենա: Ես չգիտեմ` վերոհիշյալ հոդվածի հեղինակը հիշում է, թե ոչ, բայց ինքս 1990-95թ.թ. եղել եմ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր եւ “առաջին ձեռքից” եմ տեղյակ, թե ինչ քաղաքական ուժեր եւ հանրային խմբեր էին պայքարում, որպեսզի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի չդրվի:



Ճիշտ է, նրանք դա “փաթեթավորում էին” ամենաբազմազան “մտահոգություններով”, ընդհուպ մինչեւ` որ ինչու՞ “նախագծում ոչինչ չի ասվում Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի մասին”, բայց նպատակը մեկն էր` տապալել կամ առնվազը վարկաբեկել սահմանադրական հանրաքվեն եւ, հընթացս` նաեւ  խորհրդարանական ընտրությունները:



Մենք, այո, բանաստեղծի ասած` ոչ միայն “հառաչել ու լալ”, կամ “շառաչել”, այլեւ  յուրովի “հիմարանալ” գիտենք. 1994-95թ.թ. ընդդիմությունը “կասկածում էր” ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված` Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողովի լեգիտիմությանը եւ պահանջում, որ հասարակությանը հնարավորություն տրվի` “ազատ ու անկաշկանդ ընտրել իր ներկայացուցիչներին` գումարելու Սահմանադիր ժողով”, որն էլ, նրանց կարծիքով, պիտի լիներ “Սահմանադրության նախագծի մշակման օրինական մարմինը”:



Թե ինչպե՞ս, ո՞ր օրենքով եւ ընթացակարգով պիտի ընտրվեր “ժողովրդական սահմանադիրը”, ոչ ոքի չէր հետաքրքրում: Ինչպես եւ ոչ ոք չէր կարողանում “հոդաբաշխ” պատասխան տալ, թե ինչո՞վ “Սահմանադիր ժողով” չէ 1990թ. մայիսի 20-ին ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորված Գերագույն խորհուրդը, որտեղ, ի դեպ, նախագահի քաղաքական հենարան ՀՀՇ-ն վարչապետի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո բացարձակ փոքրամասնություն էր դարձել:



 



… Ահա, Սահմանադրության ընդունումից 19 եւ սահմանադրական երկրորդ հանրաքվեից մեկուկես տասնամյակ անց Հայաստանում ինչ-որ “Նախախորհրդարան” է ձեւավորվում` որպես Ազգային ժողովի այլընտրանք: Վաղը նրանք կպահանջեն, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե չանցկացվի, իսկ եթե հանրաքվեն այնուամենայնիվ կայանա, անմիջապես այն կհռչակեն “կեղծված”: Որովհետեւ, տեսնու՞մ եք, ոչ ոք հարկ չի համարի լսել փողոցում “ընտրված նախախորհրդարանականների միակ ճիշտ կարծիքը”:



 



Ինչպես որ 1995թ. հուլիսի 5-ի երեկոյան խորհրդարանական ընտրությունները եւ սահմանադրական հանրաքվեն “կեղծված” հայտարարեցին “Սահմանադիր ժողովի ազգընտիր անդամները”: Պիտակը կպավ ու մինչ այսօր չի քերվում Հայաստան պետության դեմքից: Թեեւ “Սահմանադիր ժողովականներից” շատերը “կեղծված” հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորություններով 1998թ.-ի իշխանափոխությունից ի վեր եւ “հանգամանքների փոփոխությամբ” քրեական հետապնդումից ու կալանքից են ազատվել, եւ պետական պաշտոններ ստացել ու հասցրել “մոռանալ”, թե ի~նչ մոլեռանդությամբ էին պայքարում Սահմանադրության դեմ:



Ինչո?վ յուրովի «հիմարություն» չէ…