Շեքսպիրի մեկ կիլոգրամն արժե քսան դրամ

Շեքսպիրի մեկ կիլոգրամն արժե քսան դրամ

Գործազուրկ ծանոթներիցս մեկը վերջերս Հայաստանից փախչելու հնարավորություն է ստացել (Եվրոպայում բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել) եւ շտապ վաճառում է բնակարանը, քանի որ գնում է անվերադարձ: Պատկառելի գրադարան ունի. օրերս ինձ ասաց, որ 20 դրամով արդեն վաճառել է 650... կիլոգրամ գիրք: Մարդիկ գալիս են, գրքերը կշռում, փողը տալիս ու գնում: Կարեւորն այն չէ, թե դրանք ինչ ընկերություններից են, կարեւորն այն է, որ այդ գրքերը վերամշակումից հետո դառնում են ձվերի տուփեր (ÿփպռՍՈ): Այսինքն` գիրքը, անկախ բովանդակությունից ու հեղինակից, այսօր ընդամենը հումք է, ձվի տուփի հումք: Ոչ մեկին չեմ մեղադրում, քանի որ գիր ու գրականության հետ հաշիվները փակած երկրում այլ բան լինել չէր կարող:



 



Իրականությունն այն է, որ այսօր եթե գիրքն ու ամսագիրը սեքսի տեխնիկայի մասին չեն (նկարներով), ուրեմն, աղբ են. ի՜նչ դասական գրականություն, ի՜նչ ազգային պատմագրություն: Շատերը կասեն` գիրքը հնացել է, համացանցից ամեն ինչ կարելի է իմանալ. ապուշություն, քանի որ մեկը կարդում են, մյուսը` նայում: Այստեղ մեկնաբանելու բան էլ չկա. գրքի արժեքն իմացողը գիտե, իսկ չիմացողին ինչ-որ բան բացատրելն անիմաստ է: Հիշո՞ւմ եք «Մոսկվան արցունքների չի հավատում» կինոնկարը. չի լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հայաստանում այս «մարգարեությունը» մասամբ իրականացել է, քանի որ ոչ կինո կա, ոչ էլ... չէ, ներողություն, թատրոն դեռեւս կա: Հիմա նույնը համացանցին է վերաբերում:
Բոլորս էլ գիտենք, որ եղել են ու հիմա էլ կան զուտ «հումքային» գրքեր: 90-ական թվականներին շատերիս են ջերմացրել Լենինի հատորները մեր վառարաններում. հրաշալի վառվում էին հատկապես կազմերը: Էժան էին եւ լավորակ թղթով, այսինքն` փայտը շատ էր: Համ «մուռ էինք հանում», համ տաքանում: Այսօր էլ հրատարակվում են գրքեր (գրողի փողով), որոնք, դատելով ընթերցողների թվից, հասցեագրված են միայն գրողի ընտանիքի անդամներին: Ասել կուզի` այս գրքերն ու ձվերը կարող են մտերիմ լինել եւ իրար տեղավորել, դասավորվել:




Սովետի ժամանակ մակուլատուրայի ընդունման կետեր կային, ուր հանձնում էինք հավաքած թերթերը, կտրոններ վերցնում, որ բաժանորդագրական գրականություն գնեինք. դրանք ազատ վաճառքում չկային: Դա այլ բան չէր, քան գրքի պաշտամունք. հիմա գիրքը կիլոյով են ծախում:
Բայց այս նորությունը, ճիշտն ասած, տխրության հետ մեկտեղ, մեջս հեռանկարային զվարճություն ծնեց եւ պետական կարեւորության առաջարկություններ: Այսուհետ ձու գնելիս ես անպայման հետաքրքրվելու եմ, թե որ ժանրի գրականությունից է ստացված տուփը, որի մեջ շարված են ձվերը, եւ ճիշտ կլինի, որ հատուկ մակնշում լինի դրա մասին. ասենք, «Պուշկինի պոեզիայի միջի ձվեր», «Շեքսպիրյան ողբերգական ձվեր», «Փանջունու ձվեր», «Քիմիական անալիզի ձվեր» եւ այլն: Բայց, այ, քաղաքագիտական գրականությունից ստացված տուփերի ձվերը չենք գնի, որովհետեւ դրանց կեսը փչացած կլինի եւ ժամանակից շուտ` ժամկետանց: Եթե խոսում ենք քաղաքակիրթ սպասարկման մասին, եկեք ամեն ինչ քաղաքակիրթ ձեւով անենք, քանի որ տուփերի ինչից լինելը չիմանալը նաեւ սպառողների իրավունքների ոտնահարում է: Ասում են, չէ՞, տարան ազդում է պարունակության վրա. ուրեմն, ձվերի տուփերն էլ ազդում են ձվերի վրա. չիմանա՞նք, թե ինչ ազդեցությամբ ձու ենք ուտում, ուտելուց հետո ուրախանալո՞ւ ենք, տխրելո՞ւ, թե՞ քաղաքականապես հասունանալու ենք: Հավերը թերեւս նույնպես շահագրգռված լինեն ածած ձվերի բանասիրական-տեխնիկական-փիլիսոփայական տեղավորման հեռանկարով: Այս առումով կարելի է Ծաղկաձորում կազմակերպել ածող հավերի ներկայացուցիչների հանրապետական համաժողով ամենաբարձր մակարդակով: Ծաղկաձորյան գրանտային ու պաշտոնական հավաքների փորձը կա, ինչո՞ւ չտարածել նաեւ հավերի վրա: Թող հավաքվեն, կչկչան, իսկ մասնագետ-վիճակագիրները որոշեն, թե որ գիտաճյուղից ստացված տուփերն են վայելում հավերի համակրանքը:
Ինչ ենք առաջարկում մեր իշխանությունների հազվադեպ ուսյալներին: Ասում ենք հազվադեպ, քանի որ հաշվի չենք առնում այն բազմաթիվ ղեկավարներին, որոնք իրենց բարձրագույն չեղած կրթության եւ գիտական չեղած կոչումների մասին դիպլոմները գնել են Ռուսաստանի տարբեր բուհերից: Առաջարկում ենք Ազգային ժողովի ընդունած օրենքների հատորները եւ կառավարության օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ-մաթեթները դնել «ձվերի տակ»: Միեւնույն է` դրանք ոչ մեկին պետք չեն, բայց այդ քայլով կփրկվի արժեքավոր հսկայական գրականություն: Մենք էլ գործնականում կհամոզվենք, որ իշխանությունները զարկ են տալիս գիտությունների զարգացմանը, փրկում են գիրքը, որովհետեւ գիտեն գրքի արժեքը:
Իսկ մեր ղեկավարները գրքի արժեքն իսկապես գիտեն. համ էլ ունեն: Հիշեցի մի անեկդոտ «մլիցեքի» թեմայով: Միլպետի ծննդյան տոնին ընդառաջ` հավաքված որոշում են` ինչ նվիրել: Մեկն ասում է. «Եկեք գիրք նվիրենք»: Մյուսը մերժում է. «Այ հիմար, պետը մի հատ գիրք ունի, երկրորդն ի՞նչ պիտի անի»:




Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ