Այսօր նշվել է Հայկական մամուլի օրը

Այսօր նշվել է Հայկական մամուլի օրը

Հայաստանում այսօր նշվում է Հայկական մամուլի օրը: Tert.am-ի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, խոսելով մամուլի խնդիրների մասին, նշել է, որ Հայաստանում այսօր մամուլն ունի ավելի մեծ խնդիրներ, քան երբևէ ունեցել է:



«Հայաստանի նման անկում ապրող տնտեսություն ունեցող երկրում, երբ գովազդային դաշտը չի ձևավորվում, բիզնեսը չի կայանում և արտագաղթը մեծ է, մենք ունենում ենք թերթ գնող ընթերցողի և գովազդատուի պակաս, որոնք անմիջականորեն անդրադառնում են մեր ֆինանսական վիճակի, անկախության, հետագա զարգացման վրա»,- ասել է նա:



Երկրորդ խնդիրը Արմինե Օհանյանը համարում է մամուլի նկատմամբ պետական պաշտոնյայի, քաղաքական էլիտայի բացասական վերաբերմունքը, որոնք խնդիր են դրել՝ ոչ թե օգնել, նպաստել մամուլի կայացմանը, այլ ամեն կերպ խոչընդոտել, ճնշումներ գործադրել, որպեսզի փակվի մամուլը...



«Երրորդ խնդիրը կադրային ռեսուրսի պակասն է, ես երկար տարիներ եմ աշխատում մամուլի դաշտում և արձանագրում եմ, որ նոր, վառ, հետաքրքիր անուններ, նոր մտքի թռիչք ունեցող լրագրողներ, կարծեք թե չկան, ինչը շատ վատ է: Դա նշանակում է, որ բուհերը լրագրողական լավ արտադրանք չեն տալիս, իսկ լրագրողական միջավայրում ինքնակրթություն չկա»,- ասել է նա:



Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, որքանով է հաջողվում խուսափել պատվեր իրականացնելու գայթակղությունից, Արմինե Օհանյանը նշել է, որ չի ընդունում այդ «պատվեր» ասվածը, ապա հավելել. «Ինչ է նշանակում պատվեր, ի վերջո պատվերն իրականացնում է ընթերցողը: Այդ բառը վատ իմաստով օգտագործում են չինովնիկները, տարբեր կուսակցական շրջանակներ, որոնք վառված են, դժգոհ են մամուլի աշխատանքից, որովհետև մենք իրենց այնքան շատ ենք քննադատում, որ իրենց միայն պաշտպանվելու ձևը մնացել է այդ «պատվեր» բառի շահարկումը»:



Գլխավոր խմբագիրը փոխարենն ընդունում է, որ ֆինանսական դժվարություններ կան մամուլում և հնարավոր է, ինչ-որ շրջանակներից մամուլը ստանա ինչ-որ գումարներ, որոնք ազնիվ, արդար չեն և չեն ծառայում ոչ օբյեկտիվ մամուլին:



«Այդ երևույթը կա և դա գաղտնիք չէ: Ես այդ երևույթը համարում եմ այսպես, որ երբ պետությունը, հասարակությունը չի նպաստում մամուլի կայացմանը, երբ լրագրողի աշխատավարձը 2014 թվականին ամենացածր աշխատավարձն է հասարակության մեջ, անհնարին է, որ այդ նեգատիվ երևույթները չհայտնվեն մամուլում: Սակայն մենք դա չենք անում մեր խղճի, ազատության, օբյեկտիվության հաշվին, մենք փորձում ենք այդ հարցերը լուծել այն ճանապարհով, որ լրատվամիջոցը չընկնի կանխման մեջ, չհայտնվի անհեթեթ վիճակում, ազնիվ լինի իր ընթերցողի նկատմամբ:



«Հրապարակ» թերթն ամեն ինչ անում է, որ թերթում չհայտնվեն կեղծ, սուտ տեղեկություններ, ինչ-որ մարդկանց շահերին ծառայող հոդվածներ»,- ասել է նա:



Արմինե Օհանյանը նաև նշել է, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, մի կերպ աշխատավարձ են տալիս և մի կերպ փակում են տպագրական ծախսերը:



Ինչ վերաբերում է ընթերցողների պահանջարկին, ապա խմբագիրը համոզմունք է հայտնել, որ եթե թերթը վաճառվում է, ուրեմն ընթերցողի ցանկությունները կարողացել են հասկանալ. «Հայաստանում չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու, հասարակական կարծիքը լրջորեն ուսումնասիրելու ինստիտուտ»:



Ըստ Արմինե Օհանյանի՝ էլեկտրոնային մամուլի պատճառով տպագիր թերթի վաճառքի թիվը նվազել է և գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում կա թերթերի նկատմամբ պահանջի նվազման միտում: