Ղրիմը ռուսական տարածք է, Ղարաբաղը հայկական չէ՞

Ղրիմը ռուսական տարածք է, Ղարաբաղը հայկական չէ՞

ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ռուս չինովնիկների եւ ռուսականությունը քարոզողների հայաստանյան այցերն ու աղմկահարույց հայտարարությունները շարունակվում են: Երեկ հերթը Նիկոլայ Ռիժկովինն էր՝ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահինը: Հայաստանի բարեկամ, 1988-ի ողբերգությանն իր մեծ աջակցությունը ցուցաբերած եւ 2008-ին Հայաստանի բարձրագույն՝ «Ազգային հերոս» կոչումը վաստակած Ռիժկովը երեկ Երեւանում հանձնաժողովի 25-րդ նիստից հետո իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց Արցախի՝ պատմական Հայաստանի տարածք լինելու իրողությունը: Հարցին, թե ինչու Ղրիմը կարող է հայտնվել Եվրասիական միության կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ, Նիկոլայ Ռիժկովը նախ զարմանքը չթաքցրեց. «Դուք համեմատում եք Ղարաբաղն ու Ղրի՞մը», ապա հայտարարեց, որ Ղրիմը հնուց ի վեր բուն ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի, եւ եթե այն հայկական կլինի, ապա խնդիր չկա՝ Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ Եվրասիական միության անդամ: «Նախեւառաջ պետք է, ինչպես ասում են, հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե այն կլինի հայկական, ոչ թե նահանգ, այլ հայկական տարածք, ապա հարց չկա: Բայց այսօր այդ հարցն առկախված է: Իսկ թե ինչպես կլուծվի՝ կլինի առանձին պետություն, թե Հայաստանի կազմում, կյանքը ցույց կտա»,- ասաց Ռիժկովը: Ղարաբաղի հարցը, ինչպես հայտնի է, լուրջ խոչընդոտ էր դիտվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին, որի մասին ամիսներ առաջ Աստանայում՝ ԵՏՄ գագաթնաժողովում բարձրաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:



Քիչ անց Նիկոլայ Ռիժկովը հաջորդ ուշագրավ հայտարարությունն արեց: Նա ասաց, որ տեղյակ չէ, թե Ռուսաստանից ով եւ ինչ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: «Ես չգիտեմ: Այս հարցին պատասխանել եմ հունիսի սկզբին Նիժնի Նովգորոդում: Ի՞նչ սպառազինություն, ո՞վ է մատակարարում եւ այլն, ինձ համար պարզ չէ: Որպես խորհրդարանի անդամ՝ ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում, եւ խորհրդարանն էլ որեւէ որոշում չի կայացրել սպառազինության մատակարարման վերաբերյալ»: Ռիժկովն իր անտեղյակությամբ բացահայտեց նաեւ, որ Հայաստանը երբեւէ այդ հարցը չի բարձրացրել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, որի նախագահը մոտ երկու տասնամյակ այդ հանձնաժողովի համանախագահն է:



Հետո լրագրողները Ռիժկովի կարծիքը հարցրին Կրեմլի պաշտոնական քաղաքականությունը ներկայացնող մի շարք անձանց Հայաստանում արած այնպիսի հայտարարությունների վերաբերյալ, թե ռուսերենը պետք է ընդունել Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու, կամ ռուսերենի տարածումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: «Մենք եղբայրներ ենք եւ պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով՝ խոսեք, եթե ոչ՝ ոչ»,- ասաց նա ու խոստովանեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են նման բան ստիպել. «Ուշադրություն մի դարձրեք նմաններին, նրանք խելք չունեն»: Հիշեցնենք, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու իդեան Կիսելյովինն է, որի մասին նա բարձրաձայնեց ամիսներ առաջ: Ռիժկովը, միեւնույն ժամանակ, խորհուրդ տվեց հայերին չմեկուսանալ: «Ուզում եք ռուսերեն խոսել՝ խոսեք, չեք ուզում՝ մի խոսեք: Սակայն ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում օտար լեզուներից հրաժարվելը դրական հետեւանքների չի հանգեցնի»,- ասաց Ռիժկովը: