Բուֆետում ԽՍՀՄ ժամանակների գիշերանոթների մեջ աղցան են պատրաստում (լուսանկարներ)

Բուֆետում ԽՍՀՄ ժամանակների գիշերանոթների մեջ աղցան են պատրաստում (լուսանկարներ)

Ժողովրդական հայտնի խոսք կա՝ մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը:



Ազգային ժողովի բուֆետում, թվում էր, ամեն ինչ կարգավորվել է՝ ճաշացանկ, գներ, սպասարկում, նույնիսկ ծաղիկներ են ավելացել սեղաններին: Բայց արի ու տես, որ դա միայն արտաքուստ է: Նախկին սպասարկող ընկերության ղեկավարը՝ Սարգիս Նավասարդյանը, հրաժարվեց բուֆետն սպասարկելուց, եւ նրա տեղը եկավ Էդիկ Գրիգորյանն իր «Ազգային սնունդ» ՍՊԸ-ով: Նրանից, սակայն, աշխատողները գոհ չեն, ասում են՝ լավ չի վճարում, հիգիենիկ անհրաժեշտ պայմանները չի ապահովում, իրենց չի գրանցում եւ այլն:



Օրերս խոհարարներից մեկն է ազատվել աշխատանքից՝ 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Անահիտը, ով մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց: Նա աշխատել է Սարգիսի ժամանակ, ով իրենից գոհ է եղել, աշխատել է նաեւ ԱԳՆ-ի ճաշարանում, որը եւս սպասարկվել է Գրիգորյանի ՍՊԸ-ի կողմից: «Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»: Բայց խնդիրը միայն վարձատրությունը չէ, այլեւ սանիտարահիգիենիկ պայմանները: Խոհարարը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին հիվանդանոցներում օգտագործվող գիշերանոթների մեջ, որոնք նախատեսված էին հիվանդների համար, իրենք աղցաններ են պատրաստում:



Բացի այդ, կարտոֆիլի պյուրեն խոհարարներից մեկը ձեռքով է ճմռում, ամենուր աղբ է թափված, որը նորմալ չի մաքրվում, պղնձյա կաթսաներն աղտոտ են ու նորմալ չեն մաքրվում: «Դուք էդ ամբողջ կեղտը պիտի տեսնեք, ճաշարանի հակասանիտարական վիճակը պիտի տեսնեք: Ես ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, կեղտի մեջ կորած է, սնունդ ենք տալիս, ի վերջո»,-ասաց խոհարարուհին՝ ավելացնելով, որ խոհարարներից որեւէ մեկը բժշկական ստուգում չի անցել: Երբ բարձրացրել են մաքրության հարցը, Գրիգորյանն ասել է՝ ինքներդ արեք: Ըստ խոհարարի՝ հավաքարարի ու աման լվացողի պակաս կա, եւ նրանց գործը թողնված է մյուսների վրա: Այդ բուֆետում խոհարարը խորհուրդ չի տալիս օգտվել հատկապես որոշ ճաշատեսակներից, որոնց պատրաստման ժամանակ հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում:



Մենք մտանք խոհանոց եւ նկարահանեցինք տիրող իրավիճակը՝ արձանագրելով խոհարարի նկարագրածին համապատասխանող ոչ հաճելի պատկեր՝ աղտոտ կաթսաներ, սեղանների տակ ու հատակին թափված աղբ, իրար կողք շարված աղբով լի տոպրակներ եւ ոչ այդքան հիգիենիկ պայմաններում աշխատող կանայք: Ճաշարանում աշխատող աղջիկներից մեկը, որը, ըստ երեւույթին, մատուցողուհու եւ սեղանները մաքրողի ֆունկցիա է կատարում, նաեւ մաքրում էր սրահի հատակը, հյութերի ծանր արկղերն էր քարշ տալիս ու դասավորում, եւ այս ծանր տղամարդկային աշխատանքի դիմաց վճարվում էր օրական ընդամենը 3 հազար դրամ:



Այս ամենի շուրջ զրուցեցինք տնօրենի՝ Էդիկ Գրիգորյանի հետ, ով հերքեց բարձրացված խնդիրների առկայությունը՝ հասկացնելով, որ խոհարար տիկին Անահիտը չափազանցնում է:
«Ես չգիտեմ ինչի մասին ա խոսքը, որ էդ կինը եկել ասել ա, բայց եթե դու որեւիցե ճաշարանում կգտնես քլորամին, ինչպես մեր մոտ… բա ինքը տենց պիտի ասի, որ նախորդը լավն էր, բայց, ընկերական, արի քեզ մի բան ցույց տամ, էլի»,-ասաց պարոն Գրիգորյանն ու մեզ ուղեկցեց դեպի նկուղ, որպեսզի ցույց տա բեռնատար վերելակի հորում կուտակված աղբը, որը, ըստ նրա, կուտակվել է Սարգիսի ժամանակ: Ինչ խոսք, վերելակի հորում աղբ կար, բայց դա վերելակի տակ է՝ ճաշարանից դուրս: Գրիգորյանը նաեւ նշեց, որ աշխատանքային օրվա վերջում խոհանոցի ամբողջ աղբը մաքրվում է: Ինչ վերաբերում է խոհարարների աշխատավարձին, ապա ասաց, որ տիկին Անահիտն ստացել է օրական 4 հազար դրամ, գլխավոր խոհարարը՝ 5 հազար, իսկ մեկ այլ՝ նոր ընդունված խոհարար էլ՝ 3 հազար դրամ:



Մատուցողուհու մասով էլ ասաց, որ տվյալ անձը, ում մենք տեսել ենք, մատուցողուհի չէ, այլ ուղղակի այնտեղ է՝ սեղանները հավաքելու համար, քանզի դա ինքնասպասարկվող ճաշարան է, որտեղ մատուցողուհի չպետք է լինի: Իսկ հավաքարարություն էլ այդ աղջիկն արել է սեփական ցանկությամբ. «Ինքն իրա համար արել ա, ես չեմ էլ ստիպել, չեմ էլ խնդրել»: Այս պահին ունեն 3 խոհարար, մեկ աման լվացող, մեկ հավաքարար եւ դրամարկղի մոտ կանգնած 2 աշխատող:



Անդրադառնալով ֆինանսական կողմին՝ Էդիկ Գրիգորյանն ասաց, որ շատ հնարավոր է՝ ինքը չկարողանա երկար սպասարկել ԱԺ-ի բուֆետն ու ստիպված հեռանա, որովհետեւ ապրանքների գները գնալով թանկանում են, իսկ ինքը գները չի բարձրացնում, Ազգային ժողովի կողմից էլ դոտացիա չի տրամադրվում, արդյունքում շահույթ չի ապահովում: Դոտացիայի համար դիմել է գործերի կառավարիչ Մինասյանին, ասել են՝ կնայենք: Նկատենք, որ, ըստ Գրիգորյանի, ԱԳՆ-ում եւ այլ պետական ու առեւտրային խոշոր հիմնարկներում դոտացիա տրամադրվում է: Թե ինչ է մտածում ԱԺ աշխատակազմն այս ամենի մասին, արդյոք տեղյա՞կ է հիգիենայից եւ մյուս խնդիրներից կամ ինչպե՞ս է պատրաստվում դրանց լուծում տալ, որ ե՛ւ բուֆետից օգտվողները գոհ մնան, ե՛ւ բուֆետում աշխատողները, դեռ պարզ չէ: