Պաժա~ռ, պաժա~ռ, վուրդի՞ պաժառ, ՀՀԿ-ի «չուզողների» սրտում պաժառ

Պաժա~ռ, պաժա~ռ, վուրդի՞ պաժառ, ՀՀԿ-ի «չուզողների» սրտում պաժառ

Մարզահամերգային համալիրի երեկվա հրդեհից ու ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի «կրակոտ» ստատուսից հետո նրա հետ զրույցն այսօր ստացվեց մի փոքր տրագիկոմեդիկ ոճում։ Նշենք, որ երեկ ուսանողների տոնի առթիվ ՀՀԿ երիտթևի կազմակերպած համերգից հետո Համալիրի հանդերձարանում և սաունայում հրդեհ էր բռնկվել, և ամբողջությամբ այրվել էր սաունան, ու մասնակի՝ հանդերձարանը։




«Եթե համերգին հուր ու կրակ կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում»,-ցիտելով իր ֆեյսբուքյան գրառումից մի հատված՝ նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Hraparak.am-ի հարցին՝ բոլո՞ր հանրապետականներն են այդան կրակոտ, թե՞ միայն ինքը, Ավագյանն ասաց․ «Ես իմ անունից եմ խոսում, բայց մեր երիտասարդական կազմակերպության երիտասարդների բոլորի սրտերում ու հոգիներում կրակ կա»։
Հետո նա խնդրեց լրջացնել թեման։




«Այդ պատահարը որևէ կապ չի ունեցել համերգի հետ։ Միջոցառումը սկսվել և ավարտվել է նախատեսված ժամին, բազմամարդ է եղել, և, իրականում, եթե պաժառ եղել է, ապա պաժառ եղել է էն մարդկանց մոտ, ովքեր տեսնում են, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միայն ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարող հավաքել «աշխարհացունց» միտինգներ կազմակերպողները»,-ասաց Կարեն Ավագյանը։




Հարցին, թե ովքեր էին սաունայում զվարճանում, ՀՀԿ երիտթևի նախագահն ասաց, որ ինքը չի կարծում, թե սաունայում զվարճանում էին ինչ-որ մարդիկ, բացի այդ՝ ինքը տեղյակ չի եղել ոչ մի բանից, որովհետև դա համերգից հետո է եղել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ