Այսօրվա վարկանիշը կործանեց հեռուստատեսությունը

Այսօրվա վարկանիշը կործանեց հեռուստատեսությունը

Հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը հեռուստատեսությունում սկսել է իր աշխատանքը 1983-ից, որպես հեռուստահաղորդավար: Վարել է բազմաբնույթ ծրագրեր` լրատվական, երաժշտական, ժամանցային, ռուսալեզու: Եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր եւ ճակատագրեր», «Երեւանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»:



Ձեր աչքերում հայոց եղեռն է 



Աշխատում էի Ռուսական թատրոնում՝ որպես դերասան, երբ մի օր մորաքրոջս ամուսինը, որ հեռուստատեսությունում ինժեներ էր, ասաց՝ արի գնանք, թող մի հատ քեզ նայեն: Հեռուստատեսությունում կար մի հրաշալի մասնագետ՝ Վարուժան Հակոբյանը, ով ծրագրերի տնօրեն էր, նա նստեցրեց ինձ հեռուստախցիկի առաջ, տվեց տեքստ, որ կարդամ, որից հետո ասաց՝ կներեք, բայց Դուք չեք կարող դառնալ հաղորդավար, Ձեր խոսակցական ապարատը շատ ծանր է, բացի այդ, Ձեր աչքերում կարծես Հայոց եղեռնը լինի, այդքան տխրություն կա: Դրանից 2 ամիս հետո հայտարարվեց հաղորդավարների մրցույթ, դա 82 թվականին էր, իմ բախտից Վարուժան Հակոբյանն այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայում: Գնացի, մասնակցեցի, ու 140 հոգուց եզրափակիչ փուլին հասան 3 հոգի, որոնց միջից հանձնախումբն ընտրեց ինձ ու Ռուզան Մելյանին: 3-րդ մասնակիցը դուրս մնաց միայն այն պատճառով, որ նրա բաճկոնի դիմացի գրպանից երեւում էր սանրի ծայրը: Այ, այդպիսի բաների վրա էին անգամ ուշադրություն դարձնում հեռուստատեսությունում:



Ազնվություն ու պրոֆեսիոնալիզմ



Եթերին պատրաստվում էինք պարտադիր մատիտով կամ գրիչով, ամբողջ մեր տեքստը նշումների մեջ էր. որտեղ պետք է դադար տալ, որտեղ շունչ վերցնել, որտեղ բարձրացնել կամ իջեցնել ինտոնացիան: Այդ ամենը մենք եւ այստեղ ենք սովորել, եւ այն տարիներին ընդունված էր, ուղարկում էին Մոսկվա վերապատրաստման: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Մոսկվայում 2 ամիս սովորել եմ Խորհրդային Միության թիվ մեկ հաղորդավարի՝ Իգոր Կիրիլովի մոտ, ով ինձ շատ բան տվեց: Ինձ բախտ է վիճակվել ծանոթ լինել նաեւ Վլադ Լիստեւի հետ եւ նույնիսկ նրա հետ միասին բեմ դուրս գալ: Բարձր պրոֆեսիոնալիզմի մարդ, ով մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին: Իրենից ես մի կարգախոս վերցրի, որ ամբողջ կյանքում ինձ առաջնորդում է. հեռուստատեսային աշխատողի համար թիվ մեկ պայմանը ազնվությունն ու պրոֆեսիոնալիզմն է:



Նկատողություններ, բայց ոչ տաբուներ



Ինչ վերաբերում է թեմաներին, ապա կարող եմ ասել՝ որեւէ տաբու չկար, դա ավելի շատ խոսակցություն էր: Ես կասեի, որ անգամ այսօր մեր բոլոր 17 հեռուստաալիքներն իրար հետ վերցրած այդքան ազգային չեն, ինչքան որ ժամանակին եղել է պետական հայկական հեռուստատեսությունը: Խորհրդային Միության պայմաններում, բրեժնեւյան շրջանում «Հայ ժողովրդի պատմություն» հաղորդաշարը, որը հեղինակել էին Արտեմ Սարգսյանը, Ռոբերտ Մավիսակալյանը եւ Ստեփան Պողոսյանը, արժանացան պետական մրցանակի: Հենց այդ դեմիրճյանական եւ ստեփանպողոսյանական շրջանում էր, երբ եթերով սկսեցին հնչել ազգագրական երգեր: Ճիշտ է՝ լինում էին նաեւ թղթային մակարդակում նկատողություններ, բայց այդ ամեն ինչը թույլատրվում էր, չէր խոչընդոտում ոչ հանրապետության, ոչ հեռուստատեսության ղեկավարությունը:



Հաղորդավարի մասնագիտությունը վերացավ



Մրցակցություն, նախանձ չկար մեր մեջ, հակառակը՝ թեւ ու թիկունք էինք մեկս մյուսի համար: Հաղորդավարական բաժինն էլիտար բաժին էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Խորհրդային Միությունում: Օրինակ բերեմ: Երբ Մոսկվայում մտնում էիր «Օստանկինոյի» ճաշարանը, հայտարարություն էր փակցված՝ հաղորդավարներն սպասարկվում են արտահերթ: Նույն վերաբերմունքը նաեւ այստեղ էր, 15-16 հոգանոց հաղորդավարական խումբ կար, որի հետ հաշվի էին նստում հեռուստատեսությունում: Եվ շատ ափսոսում եմ, որ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին, երբ հեռուստատեսության նախագահ եկավ Հենրիկ Հովհաննիսյանը, փակեց հաղորդավարական բաժինը, եւ «հաղորդավար» մասնագիտությունը վերացավ ընդհանրապես: Ճիշտ է՝ դա իրենից չէր գալիս, որովհետեւ դա սկսվեց Մոսկվայից եւ խորհրդային մյուս հանրապետություններից: Իսկ արդեն Տիգրան Նաղդալյանի ժամանակ լրիվ վերացանք հայկական պետական հեռուստատեսության եթերից: Այդ ժամանակ բարդ էր այնքանով, որ իշխանությունն իրենց ձեռքին էր, եւ, ցավոք, մենք ոչինչ չէինք կարող անել: Մեր հաղորդումը՝ «3-րդ ալիքը», չփակվեց, Տիգրանը շատ ճարպիկ մոտեցավ ու հոգնացրեց մեր հաղորդումը: Այն տեւում էր 6-7 ժամ, հետո դարձավ 3 ժամ, 2 ժամ, մինչեւ 20 րոպե: Իսկ ի՞նչ կարելի է անել այդ 20 րոպեում այն ստեղծագործական խմբին, որը պատրաստում էր 6-7 ժամանոց ծրագիր: Երբ տեսանք, որ այդպիսի վիճակ է, մենք ինքնակամ դուրս եկանք, չափազանցություն թող չլինի, բայց հեռուստատեսությունում շատերը, հավաքարարներից սկսած, լաց էին լինում: 2 բեռնատար մեքենա՝ սեփական տեխնիկայով, արխիվներով, դուրս եկանք հեռուստատեսությունից: Մարդիկ կային, որ հեռուստատեսությունը թալանում տանում էին իրենց տուն, իսկ մենք այդ տարիներին տնից բերում էինք հեռուստատեսություն:



Կրճատել հեռուստատեսությունների թիվը



Այսօր բոլորը փորձում են մեկնաբաններ, լրագրողներ դառնալ՝ առանց կրթության: Թե մամուլը, թե հեռուստատեսությունը եւ թե ռադիոն, չգիտես ինչու, անտեսում են փորձառու մասնագետներին: Շատ կուզեմ, որ մեր երիտասարդությունը լինի ավելի լավը, քան մենք ենք եղել, բայց, ցավոք, չեմ տեսնում նման բան: Խորհրդային լրատվական ծառայություններում կային բաժիններ՝ մշակույթ, քաղաքականություն, սպորտ, երբեք չէիր տեսնի, որ մշակութային լրագրողը գնար գյուղնախարարության ասուլիս լուսաբաներ, իսկ հիմա դա չկա, դրա համար էլ այսպիսի վիճակ է: Մի բան էլ կուզեմ՝ որ մեր հեռուստատեսությունների թիվը կրճատվեր, անիմաստ շատ են, ով այսօր ուզում՝ հեռուստաընկերություն է բացում: Իմաստ չունի՝ հասկանո՞ւմ եք, թող լինի 3-4 հեռուստաընկերություն, բայց հզոր, ճիշտ հեռուստաընկերություններ: Երբեք քաղաքականացված չեմ եղել եւ կարծում եմ, որ հեռուստատեսությունն իրավունք չունի նաեւ լինել որեւէ կուսակցության խոսափողը: Չնայած այդ ամենին, բացահայտ ասվում է, որ այսինչ հեռուստատեսությունն այսինչ կուսակցությանն է: Գիտեմ, որ շատ հեռուստաընկերություններում աշխատողներին ստիպում են դառնալ այդ կուսակցության անդամ, բայց, օրինակ, «Երկիր Մեդիան», որտեղ ես աշխատել եմ, երբեք իր աշխատակցին չի ստիպի, որ դառնա Հայ հեղափոխական դաշնակցության անդամ:



Երբ թելադրում են ճաշակ 



Այդ «վարկանիշ» հասկացությունը մեր ժամանակ շատ պարզ էր, երբ Սերգո Երիցյանը, որն այն ժամանակ վարում էր «Առաջարկում է հեռուստադիտողը» հաղորդաշարը, փողոցում մոտենում էր մարդկանց, հարցնում՝ ո՞րն է ձեր սիրած հաղորդումը, հաղորդավարը, եւ դա ավելի ճիշտ վարկանիշ պարզելու ձեւ էր, քան այն, ինչ այսօր արվում է: Վերցնում են ինչ-որ սարք, տեղադրում մի 50 հազար հեռուստացույցի մեջ, եւ այդ 50 հազար հոգին թելադրում է իր ճաշակը 3 մլն-ին: Չի կարելի այդպես, հենց դա է պատճառը, որ այսօր եթերում չկա «Երկրի գանձերը» հաղորդումը: Ինձ ասացին՝ հաղորդումը չունի վարկանիշ, բայց ո՞նց կարող էր այն վարկանիշ չունենալ, երբ ամեն քայլափոխի մարդիկ մոտենում, ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու հաջորդ շաբաթ, ի՞նչ եք ընդգրկել հաջորդ տարվա մեջ: Մարդիկ նայում էին, չէ՞: Ի վերջո, ո՞նց կարող էր վարկանիշ չունենալ մի հաղորդում, որը տասը րոպեն մեկ ընդհատվում էր գովազդով, եթե գովազդատուն ուզում է, որ տասը րոպեն մեկ իր գովազդը լինի այդ հաղորդման մեջ, դա նշանակում է արդեն, որ ունի: Դրա համար այսօրվա վարկանիշը կործանեց հեռուստատեսությունը, ինչի համար ցավում եմ:



Գիշերվա ժամը 3-ին ո՞վ է նայելու



Հնարավոր չէ չնայել հայկական հեռուստատեսություն, ես գոնե, որպես մասնագետ, նայում եմ: Գուցե ծիծաղելի հնչի, անգամ սերիալներ եմ նայում ու հաճույք եմ ստանում որոշ դերասանների խաղից: Հիմնականում նայում եմ մշակութային, կրթական հաղորդումներ, որոնց թիվը շատ է պակասել: Շատ զայրանում եմ, երբ, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ գիշերվա ժամը 3-4-ին եթեր կտան այնպիսի բարձրակարգ երաժշտական ֆիլմ, որտեղ, ասենք, Գոհար Գասպարյանն է, Կոմիտասի քառյակը: Բայց ո՞ւմ համար եք տալիս, եղբայր, գիշերվա ժամը 3-ին ո՞վ է նայելու, կեսօրին ցույց տուր, որ այսօրվա սերունդը դաստիարակես: Հեծանիվ չես հայտնաբերի հեռուստատեսությունում, մեկ է՝ ամեն ինչը պետք է մի բանով կրկնվի ու կրկնի, այնպես որ, նոր հաղորդումների դեպքում միայն մատուցման ձեւը կարող է փոխվել: Բայց ցանկացած հաղորդման դեպքում շատ եմ կարեւորում լեզուն, այսօր մաքուր հայերեն շատ քիչ ես լսում եթերից: Հիմա մարդիկ կլինեն՝ կասեն, բայց դուք «3-րդ ալիքով» ո՞նց է, որ չէիք խոսում գրական լեզվով, այո, մենք գրական լեզվով գրեթե չենք խոսել, բայց մենք խոսել ենք սովորական երեւանցու լեզվով, ոչ թե հայհոյանքներով, ժարգոնով, այլ՝ ինչպես մարդիկ են խոսում միմյանց հետ: Դրա համար էլ մարդիկ մեզ սիրեցին:



Ո՞ւր եք՝ չկաք 



Առայսօր փողոցում շատերը մոտենում են ինձ ու ասում՝ ո՞ւր եք, ափսոս, որ այսօր չկաք եթերում: Եթերում կլինեմ միայն այն դեպքում, եթե իմ աշխատանքը գնահատվի ըստ արժանվույն՝ նաեւ ֆինանսապես, իսկ առաջնայինն այն է, որ նախագիծը, որն ինձ առաջարկեն, լինի իմ սրտով ու ճաշակով, լինի մշակույթին, պատմությանը, մեր քաղաքին առնչվող: Չնայած այսօր եթերում չեմ, բայց միշտ կմնամ հեռուստատեսությունում: Ու թեեւ այսօր համերգային բեմերում եմ, բայց Թատերական ինստիտուտում, Ռուսական թատրոնի բեմում, հեռուստատեսությունում ձեռք բերած պրոֆեսիոնալիզմս երբեք չեմ կորցնի, որովհետեւ պատասխանատվությունն իմ մեջ նստած է: Ես ինձ երջանիկ եմ զգում մի բանի համար էլ, որ ունեմ շատ մեծ հավաքածու, որն արդեն փոխանցել եմ իմ երեխաներին, դա իմ հաղորդումների հավաքածուն է, հիմնականում «3-րդ ալիքով» պատրաստած հաղորդումների հավաքածուն, որտեղ այնպիսի մշակութային գիգանտներ են եղել, որոնց հետ պատիվ եմ ունեցել մի բեմում լինելու, նրանցից հարցազրույց վերցնելու: Դա իմ հարստությունն է, որ չեմ փոխի ոչնչի հետ: