Ես ավելի լավ ընդդիմություն եմ. Տեր-Պետրոսյանը՝ իշխանություններին

Ես ավելի լավ ընդդիմություն եմ. Տեր-Պետրոսյանը՝ իշխանություններին

Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, կարծում եմ, շատերը հասկացան, որ նա փակել է ԲՀԿ-ի սիրահետումների թեման: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը ասաց, որ հապշտապ հետևություններ անել չի սիրում, այդուհանդերձ, բոլորը հասկացան, որ առաջին նախագահը խորամանկեց՝ թեման շրջանցելու նպատակով:



Ճիշտն ասած՝ թվում էր, նա իր ելույթը կսկսի հետևյալ տողերով. «Սիրելի հայրենակիցներ, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի մասին խոսում էինք այս տարիներին, ավարտվեց»: Ավաղ: Բայց օրը խորհրդանշական էր և միայն այդ տեսանկյունից էլ, թերևս մեզ հասկանալի է ՀՀ առաջին նախագահի լռությունը ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ:



Փոխարենը Տեր-Պետրոսյանը հանրությանը զգուշացրեց իշխանությունների ջանքերով ընդդիմադիր դաշտը նոր ընդդիմադիրներով (բնականաբար՝ իշխանահաճո) կոմպլեկտավորելու նկրտումներից՝ փոխանցելով նաև կոդը, թե ինչպես են մտածում դա անել. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»: Տեր-Պետրոսյնը հայտարարեց, որ ՀԱԿ-ը հոժարակամ այս ուժերին է զիջում իր արտոնված հանրահավաքները:



Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքն է խոստովանում, քննադատություններին սովորել է, իմունիտետ է ձեռք բերել, և իր վրա այլևս ոչինչ չի ազդում, անգամ «թուրք» որակումը: Մենք, հեռու մնալով որևէ որակում հնչեցնելու գայթակղությունից, պարզապես կասենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մնացել է նունը դաշնակիցների և հակառակորդների տարբերակման հարցում՝ ով մեզ հետ չէ, նա հակառակորդ է (կարդացեք՝ թշնամի): Քաղաքականույան մեջ սա ճիշտ մոտեցում չէ: Մի՞թե, որևէ քաղաքական ուժ Հայաստանում ընդդիմադիր կոչվելու իրավունք չունի, եթե ՀԱԿ-ի հետ չէ, կամ՝ ՀԱԿ-ի հովանու ներքո չէ: Ուրեմն ինչո՞վ է զբաղված Տեր-Պետրոսյանը, երբ կոչ է անում հանրությանը չհավատալ ընդդիմադիր ուժերի և շարժումների հանրահավաքներին:



Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի մասին՝ Տեր-Պետրոսյանը, ըստ էության, խոստովանեց, որ հռչակագրի թեման շարունակում է հուզել իրեն և այդ թեմայով նախագահի հետ հանդիպել-բանակցելու հարցը, առնվազն իր համար, օրակարգից հանված չէ: Չի բացառվում, որ դա ակնարկ էր Սերժ Սարգսյանին՝ նախաձեռնություն ցուցաբերելու և հանդիպման հրավեր ուղարկելու:



Տեր-Պետրոսյանը անչափ կարևորում է 100-ամյակի հռչակագիրը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, առանց որի, ըստ իրեն, անհնար է Հայաստանի որևէ զարգացում և Արցախի հարցի հայանպաստ լուծում: Տեր-Պետրոսյանն ուղղակի պահանջում է վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի համար նույնիսկ օրվա իշխանություններին խոստանում է փակել մարտի 1-ի էջը՝ օրենք ընդունելով այդ օրը մարտի 1-ի զոհերի հիշատակի օր հռչակելու մասին: Պետք է նկատել, սակայն, որ առնվազն ճիշտ չէ, ունենալ հիշատակի այդպիսի օր՝ չիմանալով ում պետք է դատապարտես դրա համար, ովքեր են կազմակերպիչներն ու անմիջական հանցագործները: Տեր-Պետրոսյանը, սակայն, խնդիր չի տեսնում, ինչը, մեղմ ասած, խնդրահարույց է հենց իր համար:



Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթն աչքի ընկավ հումորային երանգներով ու այլաբանական կոդերով: Այդպիսի մի հումորային պատմությունով էլ ես ավարտեմ ասելիքս:



Պարսկաստանի թագավորը մի անգամ իր ծառաներից հետաքրքրվում է, թե այդ ի՞նչ տոն են նշում իրանահայերը, որ կոչվում է Վարդանանց տոն: Թագավորին բացատրում են, թե դա պարսիկների և հայերի միջև տաղի ունեցած Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդանի ու նրա զինակիցների հիշատակի օրն է: Իսկ ո՞վ է հաղթել այդ ճակատամարտում՝ հետաքրքրվել է թագավորը: Մենք՝ պատասխանել են ծառաները: Դե ուրեմն թող շարունակեն նշել՝ վճռել է թագավորը:



ՀՀ իշխանությունները, կարծում ենք, միայն երկու ձեռքով կողմ կլինեն Տեր-Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությանը: Այնպես որ հենց հաջորդ քռօրիային էլ կարող են տալ մենարկը: Մնում է միայն ճիշտ ձևակերպել: Տեր-Պետրոսյանի ձևակերպումը կարող է կոշտ թվալ իշխանություններին (մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր), բայց թեթևակի խմբագրումից հետո միանգամայն ընդունելի կլինի: