Գագիկ Ծառուկյանը՝ ձեզ օրինակ

Գագիկ Ծառուկյանը՝ ձեզ օրինակ

Մեր երկրում քաղաքական «վայրիվերումները» շարունակվում են: Ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում մեկ պատերազմական վիճակ է, մեկ էլ մեռյալ սեզոն է հայտարարվում՝ ինչպես վերջին շաբաթներին: «Ախր ընդդիմությո՞ւն ա մնացել, Գագիկ Ծառուկյանի պես նառ տղամարդուն դարձրին փալաս, կանգնեցրին մի կողմ: Տեր-Պետրոսյանի մասի՞ն ինչ ասեմ, ինչ հիշում եմ, պետք ա հեղափոխություն կազմակերպեր, ո՞ւր է՝ չենք տեսնում: Ժողովուրդը հիասթափված է, սենց չպիտի լիներ». այգիներում, քաղաքային տրանսպորտում, քաղաքացիների տներում, Ֆեյսբուքում, բոլոր հնարավոր վայրերում մարդիկ ակտիվորեն քննարկում են, բարկանում միմյանց կարծիքների վրա: Մենք էլ քաղաքացիներից խնդրեցինք կիսվել իրենց կարծիքներով եւ մանավանդ նշել, թե վերջին քաղաքական իրադարձություններից որն է ավելի շատ տպավորվել իրենց մոտ: «Դե, քանի որ վերջին իրադարձությունը մարտի 1-ի հանրահավաքն էր, նշեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամեն տարվա նման դեմագոգություն էր, միայն անսպասելի էր, որ Փաշինյանին հակահարված կտա: Իսկ ընդհանուր առմամբ նկատել եմ, որ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմությունը լքելուց հետո նորից նույն կետում ենք հայտնվել՝ ոչ մի ծրագիր, ոչ մի անելիք»,- ասաց ավտոբուսի սպասող մարդը:



«Որ Գագիկ Ծառուկյանը դառնար նախագահ, թոշակներս գոնե կբարձրանար, բայց ես Րաֆֆի Հովհաննիսյանին եմ ավելի շատ սիրում, ինքը բարի մարդ ա երեւում». թոշակի հույսին ապրող մի կին: «Կարծում եմ, որ եթե ընդդիմությունն ստեղծվեր ոչ թե կուսակցությունների խաղերի վրա, այլ անկեղծության հիման վրա, հիմա պայքարող հասարակություն կունենայինք, ոչ թե այն, ինչ ունենք: Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ համարել ու չեմ համարում ընդդիմադիր գործիչ ու չեմ էլ հետեւում իրեն». սա էլ մի ուսանողի կարծիքն է:



«Ընդհանրապես, երբ սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է լինում, հաստատ հայտնվում է մեկը, ով ժողովրդին ուղղորդում է, լիդերություն է անում: Այդ պատճառով էլ իշխանությունը ժամանակ առ ժամանակ կեղծ լիդերներ է դնում ու ճիշտ պահին դուրս հանում խաղից: Գագիկ Ծառուկյանը՝ ձեզ օրինակ»,- ասաց մի տնային տնտեսուհի:
«Ճիշտն ասած՝ մենք Ծառուկյանին էինք «բալետ» անում, ճիշտ ա, բոլորը հիմա քարկոծում են, որ թողեց ընդդիմության շարքերը, բայց ի՞նչ իմանանք. հնարավոր ա՝ մարդուն սպառնացել են կամ ուրիշ բան: Հիմա ինչ-որ Րաֆֆի Հովհաննիսյանն է այլ ուժերի հետ փորձում ինչ-որ բան անել, բայց չեմ կարծում, որ լուրջ է»,- ասաց մի լուրջ մարդ կանգառում: Ի դեպ, նշենք, որ մեկ անգամ չէ, որ լսեցինք «սաղ սուտ են» արտահայտությունը:
«Կարծում եմ, որ բոլորի մոտ էլ տպավորվել է Սերժ Սարգսյանի ելույթը: Եթե վերլուծելու լինենք, ապա բում առաջացրեց սկզբից, հետո հեղափոխական ալիք եկավ, վերջում էլ Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը ճիշտ էր մեկնաբանել ամբողջը: Ահա եւ մեր քաղաքական դաշտը: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջին մի քանի տարիներին Հայաստանում ընդդիմություն չի եղել». սա էլ ֆեյսբուքցի մի երիտասարդի խոսքն է:



«Բերձորն ու Ժիրայր Սեֆիլյանը, Սերժ Սարգսյանի նոկդաունը, բայց այս վերջինն ամեն դեպքում անսպասելի էր». անակնկալի եկած ուսանող: