Բիզնես ունեմ ոչ միայն ես, այլև ՀԱԿ-ի, այլ ընդդիմադիր ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ

Բիզնես ունեմ ոչ միայն ես, այլև ՀԱԿ-ի, այլ ընդդիմադիր ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ

ՀՀՇ վարչության նախագահ ու վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասնակցած Արարատ Զուրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը լավ չի կառավարում երկիրը, ու դրա համար բերում է, օրինակ, հարեւան Վրաստանի օրինակը, որ Հայաստանից գործարարները գնում են Վրաստան՝ բիզնես հիմնելու, իսկ Վրաստանից չեն գալիս Հայաստան՝ նույն գործով: Բայց այն, որ Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ըստ Զուրաբյանի, չի խանգարում, որ մենք շարունակենք ապրել, շնչել Հայաստանում ու ձգտել փոփոխությունների:



Նա նաեւ նշում է, որ Սերժ Սարգսյանի լավ կամ վատ կառավարիչ լինելը որեւէ կապ չունի այն բանի հետ, որ նա՝ այդ վատ կառավարիչը, նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, ինչին ի սկզբանե կողմ է եղել ՀՀՇ-ն: ՀՀՇ-ում, սակայն, ոչ բոլորն են կողմ եղել, որ Արարատ Զուրաբյանն ու Ալիկ Արզումանյանը գնային «ռեժիմի կնքահոր» հետ հանդիպման ու, ժպիտը դեմքներին, մտքեր փոխանակեին Սահմանադրությունը փոփոխելու հարցում, որը, շատերի արդարացի համոզմամբ, միտված է նույն այդ ռեժիմի վերարտադրությանը:Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի տված պատասխաններից՝ իր վերարտադրության մասով, Արարատ Զուրաբյանը հասկացել է, որ մինչեւ 2018 թվականը պաշտոնավարման մեջ գտնվող Սարգսյանը, ով մտադիր չէ այլեւս զբաղեցնել նախագահի ու վարչապետի պաշտոնները, չի կարող 2017-ի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ դառնալ նաեւ պատգամավոր, որ մի հատ էլ Սահմանադրությամբ կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելուց հետո դառնա ԱԺ նախագահ՝ այդպիսով կրկին երկրի սանձը պահելով իր ձեռքում: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի այդ «երաշխիքները» դեռ չեն երաշխավորում «ռեժիմի» վերարտադրման բացառումը, ու, բացի այդ էլ, կյանք է, ի՞նչ իմանաս, թե երկու տարի հետո ինչ կլինի: ՀՀՇ-ն, այդուհանդերձ, կողմ է, որ Հայաստանում անցում կատարվի կառավարման խորհրդարանական մոդելին, ինչի մասին էլ հայտնել են Սերժ Սարգսյանին, ով դեռ երկընտրանքի մեջ է այս հարցում: Այս թեմայի շրջանակներում մի քանի հարց ուղղեցինք Արարատ Զուրաբյանին: Նախ նրանից, որպես ընդդիմադիր քաղաքական ուժի վարչության նախագահ, հետաքրքրվեցինք՝ մի բան, որ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, դրանից կարելի՞ է լավ բան սպասել: «Եկեք մի բան արձանագրենք՝ չի եղել աշխարհում որեւէ վատ կառավարիչ, որի արած գործերի մեջ չկարողանաս գտնել մեկ, երկու կամ տասնյակ դրական քայլեր: Հիմա լավ կառավարիչ է Սերժ Սարգսյանը, թե վատ, դրա մասին չենք խոսում մենք, մենք խոսում ենք, որ վատ համակարգ է ստեղծված, եւ ինչ կառավարիչ էլ լինի, նա ստեղծելու է այն իրականությունը, որը մենք ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը, իր համոզմամբ, իսկապես վատ կառավարիչ է, ինչի մասին ինքը բազմիցս է ասել: Նա, սակայն, խիստ կասկածներ ունի՝ կհաջողվի՞ Սահմանադրությունը վերափոխել, որովհետեւ հնարավոր է, որ իշխանությունները վերջում ձախ ոտքից արթնանան ու ասեն, որ իրենք որոշեցին պահպանել կառավարման կիսանախագահական մոդելը՝ հրաժարվելով խորհրդարանականից:



- Պարո՛ն Զուրաբյան, ՀՀՇ վարչության անդամներից Կարապետ Ռուբինյանը մեզ հետ զրույցում դժգոհություն էր հայտնել, որ առանց իր հետ քննարկելու եւ համաձայնեցնելու եք գնացել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:



- Ուրեմն խորապես հարգում եմ իմ ընկերոջը՝ Կարապետ Ռուբինյանին եւ նրա տեսակետները, բայց, ցավոք, պետք է արձանագրեմ մի բան, որ հնարավորություն չենք ունեցել նրա հետ քննարկելու այս հարցը, որովհետեւ ինքը Հայաստանում չէ, իսկ այն ժամանակահատվածը, որ պետք էր այդ որոշումը կայացնել, շատ կարճ էր:



- Բայց չէ՞ որ կապի միջոցներ կան, որոնցով հնարավոր էր խոսել նրա հետ:



- Բնականաբար, կապի միջոցներն առկա են, բայց մի բան եկեք ֆիքսենք, որ երբ որ նման խնդիր է լինում, եւ կա վարչություն, որի անդամների մեծամասնությունը գտնում է, որ նպատակահարմար է այդ հանդիպումն իրականացնել, այդ ժամանակ կոնկրետ կարող է իրոք վրիպում է եղել, որ մենք չենք փորձել մեր վարչության բոլոր անդամներին տեղյակ պահել, որովհետեւ, օրինակ, Հովհաննես Իգիթյանն էլ Հայաստանում չէ, եւ նա էլ տեղյակ չէր այդ մասին: Բայց ես սրա մեջ նաեւ ուզում եմ շատ դրական բան տեսնենք, այն է՝ մենք շարունակում ենք արձանագրել, որ ՀՀՇ-ն իր բնույթով լիբերալ եւ դեմոկրատական ուժ է, որտեղ կարող են տարբեր տեսակետներ, տարբեր գնահատականներ լինել տարբեր հարցերի կամ քայլերի վերաբերյալ:



- Սակայն շատերը դրանում բացասական բան են տեսնում այն առումով, որ Սերժ Սարգսյանին, փաստորեն, հաջողվում է պառակտել ընդդիմադիր ուժերին՝ տարաձայնություններ առաջացնելով նրանց մեջ:



- Գիտե՞ք, եթե մենք փորձենք գնալ այն ճանապարհով, որ ամեն ինչ բարդենք Սերժ Սարգսյանի վրա, կստացվի, որ յուրաքանչյուրի մոտ ինչ կատարվում է, դրա մեղավորը… շատ հարցեր կան: Մեր հասարակության ստվար հատվածի մեջ նստած է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան…



- Նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյան:



- Այո, ճիշտ եք, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյան. չեմ ուզում բաժանել ուսուցչին իր աշակերտներից:



- Դուք նաեւ որոշակի բիզնես գործունեություն եք ծավալում: Հնարավո՞ր է այս հանդիպմանը չներկայանալը որոշակի վտանգ սպառնար Ձեր կամ Ձեր գործընկերների բիզնեսի համար:



- Այո, ես ունեմ իմ ընտանիքին պատկանող ինչ-որ միավոր, որն աշխատում է եւ իմ հանապազօրյա հացն է վաստակում: Ես ուզում եմ Ձեզ մի բան հիշեցնել, որ ամբողջ 2008 թվականի հանրահավաքների կենտրոնատեղին եղել է իմ՝ այդպես կոչված բիզնեսը (Կարապի լճի հարեւանությամբ գործող սրճարաններից մեկը՝ Վ. Մ.), որտեղ նստած է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ամբողջ այդ մարդկանց խումբը, շտաբը, եւ ամբողջ հասարակությունն է օգտվել այդ բիզնեսից, հաց, ջուր, թեյ կամ սուրճ է բաժանվել բոլոր այդ միտինգավորներին: Այդ բիզնեսը գործել է նաեւ այն ժամանակ, երբ ես նստած եմ եղել Ազգային անվտանգության մեկուսարանում, եւ այս բիզնեսի գործելու միակ գաղտնիքը կայանում է նրանում, որ այն որեւէ հարկային կամ այլ օրենքի շեղումներ, խախտումներ չի արել: Բայց բիզնես ունեմ ոչ միայն ես: Հայ ազգային կոնգրեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն բիզնես, եւ կարծում եմ՝ իրենց գործունեության ընթացքում մտահոգ չեն եղել, որ իրենց բիզնեսը կկորի: Բայց եթե ես կարեւորեի իմ կյանքում բիզնեսը, լինելով Երեւան քաղաքի Կենտրոնի թաղապետ եւ ստանալով առաջարկ իշխանություններից՝ դառնալ Երեւանի քաղաքապետ եւ այլն, կգնայի այդ ճանապարհով: Իսկ ես երբեւէ չեմ գնացել այդ ճանապարհով:



ՀԳ. Նշենք, որ Կարապետ Ռուբինյանը երեկ մեզ հետ զրույցում զարմանք էր հայտնել այդ այցի կապակցությամբ՝ նշելով, որ իր համար անսպասելի էր Սերժ Սարգսյանի հետ իր կուսակիցների հանդիպումը: Ըստ նրա՝ կուսակցությունում այդ հարցով որեւէ նիստ չի գումարվել, եւ քննարկում տեղի չի ունեցել: Նա նշել էր, որ Բաղրամյան 26 այցելածները թե՛ իրեն, թե՛ ողջ հասարակությանը պետք է բացատրություններ տան, թե ինչ ստացան այդ այցից: «Եթե այդ հանդիպումը նշանավորում է ռեժիմի վերացման խնդրի առաջնահերթության վերանայում եւ ռեժիմի հետ հարմարվողական քաղաքականության սկիզբ, ապա ես անելիք չեմ տեսնում նման կուսակցությունում»,-ասել էր Ռուբինյանը: