Դոշերը փակեք, օձիքն էլ իջեցրեք | տեսանյութ

Դոշերը փակեք, օձիքն էլ իջեցրեք | տեսանյութ

Օրերս Կոտայքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի հերթական նիստում, որտեղ ներկա է եղել նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, քննարկվել են մարզպետ Արամ Հարությունյանի տարեկան հաշվետվությունը գարնան նախապատրաստական աշխատանքների մասին, համայնքների բյուջեների հավաքագրման ընթացքը, բյուջեից հատկացված դոտացիաների եւ այլ հարցեր: Մարզպետն իր խոսքում գովել է 67 համայնքների ղեկավարներին, որ ճկուն են աշխատում, գիտեն իրենց գործը: Ա. Երիցյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է. «2015 թվականը լինելու է այլ, յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է կատարի իր առջեւ դրված խնդիրները եւ ներկայացնի համայնքի խնդիրները՝ ինչպես կարող ենք միասին լուծել, ինչպես անի համայնքի ղեկավարը, որ բնակչությունը լավ ապրի: Մի մտածեք, որ պետք է պետությունը մեզ գումարներ տա, որ կարողանաք յոլա գնալ: Ոչ ոք չի գալու ձեր տան մի փչացած մաս վերանորոգի, դա ինքներդ պետք է անեք»: Ապա հորդորել է հավաքվածներին. «Կոտայքն իմ համար հարազատ մարզ է, կարծում եք՝ ինչքան դոշերը բաց, օձիքը բարձր՝ էդքան ինքը տղա՞ ա, ուրեմն յուրաքանչյուրդ իմացեք. եթե գալիս եք խորհրդակցության, բարի եղեք հագնվեք էնպես, ինչպես պահանջվում է»: Նախարարի այս խոսքը զարմացրել է հավաքվածներին. «Փողկապ չկրելը չի նշանակում դոշերը բացել»: Սակայն ոչ ոք չի համարձակվել բարձրաձայնել, ինչպես նաեւ ողջ նիստի ընթացքում որեւէ համայնքի ղեկավար որեւէ հարց չի ուղղել նախարարին: Տպավորությունն այնպիսին է եղել, որ համայնքների ղեկավարները միայն ֆիզիկապես են ներկա նիստին, ոմանք ինչ-որ հարցեր են իրար մեջ քննարկել, ոմանց «աչքն» էլ նիստի ժամանակ «կպել» է:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ



Տեսանյութը՝ «Աբովյան» հեռուստաընկերության