Իսկական մարդիկ

Իսկական մարդիկ

Ինչ-որ ներքին մի ձայն, բայց ավելի հստակ, ավելի տեսանելի, թեկուզ ակամա, կասկածի տակ է առնում քաղաքական, մշակութային, հասարակական եւ այլ գործուն դաշտերում վերջնականորեն կարծրացած մարդկանց: Եվ ոչ միայն կասկածի տակ է առնում, այլեւ պահանջում է հեռացումը նրանց մի վայրից, ուր մինչեւ հոգեվարքը մնալու, աթոռներից կառչելու հանգամանքն ավերակների է վերածել պետության ապագան:
Ինչ-որ ներքին մի ձայն ավելի հստակ, ավելի տեսանելի պատմում է այն մասին, որ իսկական մարդիկ (թեկուզ, եթե սա ուտոպիայի ժանրից է հնչում կամ պատրանքի) ապրում են մեր, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, իշխանության ու ընդդիմության կողքին, ապրում են երկրի ուղեծրից դուրս, բայց նրա սրտի ճիշտ կենտրոնում, եւ հենց նրանք են պահում-պահպանում, փայփայում երկրի բնույթը, սահմանում նրա անցյալը, ներկան ու ապագան…



Անդրեյ Տարկովսկին ասում էր, որ «Մարդու պատասխանատվությունը նրանում է, թե ինչպես է նա վերաբերվում ինքն իրեն: Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակում: Մեզանից շատերը կարեւոր չեն համարում հետեւողական, պատասխանատու լինել: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ իդեալների բացակայությունը...»:
Վերջին 15-20 տարիների իշխանության տոտալ անպատասխանատվությունը նույն համաճարակով ողողեց ոչ միայն պետական հաստատությունները, այլեւ մարդկային գիտակցությունը: Անպատասխանատվությունը վերածելով ողբերգական սովորույթի, որից ձերբազատվել չի լինում: Քաղաքական դաշտում, կեցության մեջ գերակայող քաոսի համար այլեւս պատասխանատվություն չեն վերցնում նրանք, ովքեր իբր կոչված էին այդ անելու: Իսկ անհայտության, լուռ համեստության մեջ ապրելով՝ իսկական մարդկանց ուսերը հետեւողականորեն տանում են մեր պետության հաջողություններն ու անհաջողությունները, դավաճանություններն ու ստորությունները, տանում են անպահանջ, որպես առաքինություն ու առաքելություն՝ պատասխանատվության իրենց բաժինը երբեք չպարտակելով:



Հայաստանի ներկան կարծես դոնկիխոտություն ու լուսավորչություն է կանխորոշում, բայց հենց այս պահին նրա բոլորակի շուրջ՝ այդ սրբազան անհայտության ու լուռ համեստության մեջ գործում են խենթ դոնկիխոտներ եւ լուսավորիչներ: Նրանք գնում են աշխատանքի, ասեղնագործում են իրենց հասանելիքը, վերադառնում են տուն, գնում են այգիները, դաշտեր, գնում են բանվորության, գնում են առանց սեթեւեթանքի, առանց պաթետիկ զեղումների, նրանք ոչ մեսիա են, ոչ Հիսուսներ են, ոչ Բուդդաներ... պարզապես իսկական մարդիկ, որոնց շնորհիվ դեռ կանք: