Հակամարտությունը չի կարող մտնել թեժ փուլ

Հակամարտությունը չի կարող մտնել թեժ փուլ

Ոչ ոք չի ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաճի պատերազմի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Երեկ` ապրիլի 8-ին, Մոսկվայում կայացել է Լավրովի եւ նրա հայաստանցի գործընկերոջ` Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Բանակցությունների ավարտին դիվանագետները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 7-ին:



Ղարաբաղյան հարց



Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում բանակցություններն այլընտրանք չունեն: «Ադրբեջանը մինչ օրս մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները հակամարտության կարգավորման եւ վստահության միջոցների ամրապնդման մասին, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի պայմաններ ստեղծվեն հիմնախնդրի լուծման համար` բոլոր կողմերի համար ընդունելի հենքի վրա: «Մենք բացառում ենք, որ հակամարտությունը կարող է մտնել թեժ փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը, շահագրգիռ կողմերից եւ ոչ մեկը դա չի ցանկանում»,- ավելացրել է նա:



Դաշնակցային հարաբերություններ



«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք գնահատում ենք հարաբերությունները, որոնք ունեն դարերի պատմություն եւ ամրագրված են մեր ժողովուրդների պատմական, մշակութային ու հոգեւոր կապերով»,- շարունակել է Սերգեյ Լավրովը` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ըստ նրա, այդ հարաբերությունները որակական նոր փուլ են մտել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն «այնքան էլ վատ վիճակում չէ». 2014 թ. տվյալներով, այն գերազանցել է 1,4 միլիարդ դոլարը եւ շարունակում է աճել: Սերգեյ Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին` Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Իսկ Էդվարդ Նալբանդյանը, նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել էր. «Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 տնտեսական ու առեւտրային գործընկերն է եւ Հայաստանում գլխավոր ներդրողը»:



Հիշեցնելով, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունի ամուր իրավական-պայմանագրային բազա՝ շուրջ 250 համաձայնություններ ու պայմանագրեր, Նալբանդյանը նշել է. «Ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում սերտ համագործակցությունը կարեւոր գործոն է մեր անվտանգության ապահովման գործում: Հաջող կերպով զարգանում է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունները, էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգիան, լեռնարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային սեկտորը, գյուղատնտեսությունը (…) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարատեւ ծրագիր՝ մինչեւ 2020թ.: Նման փաստաթուղթ մենք ունենք միայն Ռուսաստանի հետ. դրա գոյության փաստը միայն վկայում է այն մասին, որ մեր տնտեսական հարաբերությունները բացառիկ բնույթ են կրում»:



Դռները բացեք, Պուտինն է գալիս



Նալբանդյանն ու Լավրովը բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի հետ կապված կազմակերպչական հարցերը: Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ «առաջիկա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»: Միաժամանակ ավելացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն նաեւ մայիսին, Մոսկվայում, որտեղ տեղի են ունենալու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումները:



Արամ ՍԱՐԳՍՅԱՆ