Վիլյամ Սարոյանի վաճառված տան մասին

Վիլյամ Սարոյանի վաճառված տան մասին

Ֆրեզնոյում գտնվող Վիլյամ Սարոյանի աճուրդի հանված տունը վաճառվել է, որի մասին տեղեկացնում է Ֆրեզնոյի անշարժ գույքի գործակալություններից մեկի կայքը: Տունն աճուրդի էր հանվել 110 հազար դոլարով, այն գնել են 162 հազար դոլարով: Աճուրդը հայտարարված էր մայիսի 5-ին: Այն անցկացվել է Ֆրեզնոյի շրջանային դատարանում, քանի որ տունը գրավի տակ է եղել սեփականատիրոջ պարտքերի պատճառով: Ֆրեզնոյի տանը գրողն ապրել է 17 տարի: Սարոյանի մահից հետո տունն ունեցել է երեք սեփականատեր եւ մի շարք վարձակալներ:



Ֆրեզնոյում գտնվող աճուրդի հանված Սարոյանի տան վաճառքը մեր հայրենակիցների մոտ որոշակի դեպրեսիա ու թախիծ է առաջացրել: Լավ, ենթադրենք, ինչ-որ հայ օլիգարխ, առանց աչք թարթելու, հաներ ու տար այդ 162 հազար դոլարը, գներ տունը, հետո ի՞նչ էր լինելու: Տան ճակատին հուշատախտակ էր փակցնելու՝ հետեւյալ գրությա՞մբ. «2015 թվականի մայիս ամսին աճուրդի հանված հայազգի արձակագիր Վիլյամ Սարոյանի տունը՝ հանուն իր ազգի ու ազգի մեծության, գնվեց Իշխան Փղիկյանի կողմից եւ նվիրվեց հայրենիքին»:



Գրողի տունը՝ սուրբ մասունքավայր, մեռած թանգարան սարքելու ժամանակները վաղուց անցել են: Աշխարհում թանգարանների կամ խոնարհավայրերի վերածված հազարավոր գրողների տներ հենց այդ ամենի պատճառով էլ կորցրել են իրենց կենդանի լինելու, ապրելու հնարավորությունը: Սարոյանի տան վաճառքը պետք չէ դարձնել հերթական համազգային ողբը: Հանգիստ եղեք, դրանից նրա գրականությունն ու համբավը չեն վնասվելու:



Մեծ ցանկության դեպքում էլ Սարոյանին թանգարանային գրողի պատմուճանի մեջ ոչ մի կերպ չես տեղավորի: Եվ, առհասարակ, գրողի միակ տունն իր գրած գիրքն է, որի դռները միշտ բաց են աշխարհի բոլոր անտունների ու տնավորների առջեւ:
Այնպես որ, ինչպես կասեր Վիլլին՝ «Թեթեւ տարեք»: