Պայմանավորվել են՝ սեղմ ժամկետում

Պայմանավորվել են՝ սեղմ ժամկետում

Պերմյակովի գործի հանձնումը հայկական կողմին ի՞նչ ժամկետներում պետք է տեղի ունենա, ինչ-որ իրավական պրոցեդուրա պե՞տք է նախորդի դրան, ի՞նչ փուլում է ընդունման-հանձնման գործընթացը, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Ֆորմալ առումով, դա ընթացակարգ է, որը ժամկետային սահմանափակում, նաեւ կարգավորում չունի` ոչ միջազգային եւ ոչ էլ քրեադատավարական պայմանագրերի տեսանկյունից: Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այդ պայմանավորվածությունից հետո ռուսական կողմը պետք է քրեական գործն ամբողջականացնի, նկատի ունենալով հանգամանքը, որ այդ քրեական գործով զինվորական հանցագործության վերաբերյալ եւս հաղորդում կա, երկու գործերն իրարից առանձնացնելու, նյութերը դասդասելու խնդիր կա: Բոլոր դեպքերում, մենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք՝ հնարավորինս սեղմ ժամկետում, Ձեր ձեւակերպմամբ, «ընդունման-հանձնման» գործընթացն իրականացնել»: Իսկ ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի հետ առանձնահատուկ ջերմացել են: «ՌԴ գլխավոր դատախազի հետ մենք ունենք շատ կառուցողական-աշխատանքային հարաբերություններ, չմոռանանք, որ բացի նրանից, որ ՌԴ գլխավոր դատախազը պրոֆեսիոնալ է ոչ միայն որպես իրավաբան, այլեւ հեղինակավոր է որպես դատախազ, եւ իր հետ համագործակցությունն ինձ համար նաեւ խիստ ուսանելի է: Եվ այո, ինչու ոչ, մենք լավ հարաբերություններ ունեցող գործընկերներ ենք»: