Մարդիկ կան, որ ծանոթ են մեջ գցում ցուցակում տեղի համար

Մարդիկ կան, որ ծանոթ են մեջ գցում ցուցակում տեղի համար

Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից արդեն հստակ հայտարարում են, որ փոխվելու է Հայաստանի կառավարման մոդելը՝ նախագահականից անցում է կատարվելու խորհրդարանականի, որտեղ խորհրդարանն ունենալու է բացառիկ իրավունքներ եւ լիազորություններ, իսկ նախագահի լիազորությունները հասցվելու են հնարավոր նվազագույնի:



Կառավարման խորհրդարանական համակարգի անցման դեպքում, հետեւաբար, պետք է մեծանա նաեւ խորհրդարանական խմբակցությունների դերակատարումը, թվում է՝ կուսակցությունները պետք է ոգեւորված լինեն նման փոփոխությամբ, քանի որ երկրի կառավարմանը մասնակցելու իրական հնարավորություն են ստանալու: Սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ իշխանությունները չեն պատրաստվում հեշտորեն հրաժարվել մենաշնորհային դիրք զբաղեցնելու մեխանիզմներից: Խոսքն ընտրակարգի փոփոխության մասին է, ենթադրվում է, որ խորհրդարանական մոդելի դեպքում պետք է անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Սակայն տեղեկություններ կան նաեւ, որ իշխանությունները մեծամասնականին այլընտրանքային լուծումներ են որոնում, խոսքը ռեյտինգային քվեարկության մասին է:



Խորհրդարանի ներկա համամասնությունից ակնհայտ է, որ մեծամասնական ընտրակարգի գոյությունը հնարավորություն է տալիս ՀՀԿ-ին խորհրդարանում մեծամասնություն ունենալ, քանի որ մեծամասնական ընտրատարածքներում մինչ օրս հաղթել են իշխանության հովանավորյալները, որոնք տիրապետում են վարչական եւ ֆինանսական լծակների: Մեր տեղեկություններով, իշխանությունը ռեյտինգային քվեարկության հարցում դեռեւս վերջնական որոշում չունի, բայց ձեռքի տակ քննարկում է ընտրությունների ֆիննական մոդելը, որի համաձայն՝ կուսակցությունների ցուցակը չի լինելու անփոփոխ։ Դա նշանակում է, որ ցուցակներում տեղեր զբաղեցնելու «ռազբորկաներ» չեն ընթանալու, քանի որ ընտրողը քվեարկելու է ոչ միայն քաղաքական ուժի, այլեւ այդ ուժի կողմից ներկայացված ցուցակի որեւէ թեկնածուի օգտին: Ավելի շատ ձայներ ստացած պատգամավորները բարձրանալու են ցուցակի վերջին հորիզոնականներից, իսկ քիչ ստացածներն իջնելու են ներքեւ:



Ռեյտինգային քվեարկության համակարգը ներդրված է առավել ժողովրդավարական երկրներում, եւ բուն իմաստն այն է, որ ընտրողը ձեւավորի կուսակցության խորհրդարանական խմբակցությունը եւ ոչ թե կուսակցապետը: Իսկ մեզ մոտ նման համակարգի ներդրման դեպքում, ըստ էության, մեծամասնական է դառնալու ամբողջ ընտրական համակարգը: Որովհետեւ օլիգարխիան, գործարարները, ովքեր մեծամասնական ընտրակարգով «գնում» էին իրենց մանդատը, նույն մեխանիզմն են գործարկելու: Ի դեպ, ըստ ֆիննական մոդելի, ռեյտինգային քվեարկությունը տարածվում է ողջ հանրապետության սահմաններում, մինչդեռ ՀՀԿ-ում քննարկում են դա մեզ մոտ տեղայնացնելու տարբերակը։ Քանի որ, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանին միայն Մալաթիայում կամ մի քանի այլ մերձակա տարածքներում կարող են ընտրել, բայց ոչ ամբողջ հանրապետությունում:



Այս հարցը խմորումներ է առաջացրել առաջին հերթին ՀՀԿ-ի ներսում, «գերազանցիկները» հասկանում են, որ հանուն իշխանության մենաշնորհի կարող են իրենց «ժերտվա» տալ, նման քվեարկության դեպքում եղանակ ստեղծողը լինելու է փողը, իսկ իրենք մղվելու են ցուցակի վերջին հորիզոնականներ: Քննարկվում է նաեւ խորհրդարանում վերին եւ ստորին պալատների առկայության մոդելը, որի պարագայում մարզերից հաշվված պատգամավորներ կանցնեն խորհրդարան:



ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հայտնեց, որ դեռ կարծիք չի կարող հայտնել ռեյտինգային քվեարկության մասին, որովհետեւ դեռեւս տարբեր մոդելներ են քննարկում, մասնագիտական հանձնաժողովը վերջնական ընտրություն չի կատարել: Մեծամասնականով Արագածոտնից պատգամավոր դարձած Մնացական Մնացականյանն էլ լավ չէր պատկերացնում, թե ինչ է ենթադրում ռեյտինգային քվեարկությունը, երբ բացատրեցինք, պատգամավորը վրդովվեց. «Էդ էլ սխալ կլինի, հիմա ամբողջ Հայաստանն ո՞ւմ ա ճանաչում, որ մի հատ էլ ընտրի: Եթե էդ ռեյտինգը ցուցակի հերթականությունը պտի վերանայի, չգիտեմ ոնց կլինի: Արդեն դառնալու ա նույն մեծամասնականը, արդեն բոլորով գնալու են ամբողջ համամասնականով, մեծամասնականով խառնվեն իրար, մեկը մյուսի դեմ պայքարի, որ ռեյտինգ հավաքի, էդ էլ մի կաշա է դառնալու»: Պատգամավորին հիշեցրինք իր պասիվ պատգամավորական գործունեությունը՝ նկատելով, որ հակառակ պարագայում իր համար այս մոդելն այդքան տհաճ չէր թվա։ «Դե ի՞նչ ասեմ, ժամանակը կգա՝ կերեւա»:



Իսկ եթե տեղայնացնեն, չի՞ ստացվի մեծամասնականը՝ համամասնականում, որովհետեւ այդ պարագայում էլ մեծամասնականով մշտապես ընտրված պատգամավորները կդիմեն «հարազատ» մեթոդներին եւ ցուցակներում առաջնային դիրքեր կապահովեն։ «Ի՞նչ մեթոդներ, ի՞նչ բան, էդ մարդիկ իրանց հեղինակությամբ, իրանց տարածքներում ձայն են հավաքում, ի՞նչ խնդիր կա: Եթե մարդը հեղինակություն չունեցավ, չի կարող ուրիշ տարբերակներով պատգամավոր դառնա»:



Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Համլետ Հարությունյանը նույնպես հստակ չգիտի, թե ինչ մոդել է ներկայացվելու, բայց տեսականորեն քննարկեց մոդելի դրական եւ բացասական կողմերը. «Դրականն այն է, որ հասարակությունն իր ձայնը կտա այն մարդկանց, ում ինքը վստահում է, այս կամ այն բանից տվյալ մարդը կախված չի լինի, եւ պատգամավորն ավելի անկախ կարգավիճակում կլինի: Իսկ հիմա գիտեք ցուցակն ինչ սկզբունքներով են գրում, եւ մարդիկ կան, որ շատ դժգոհ են իրենց տեղերից, մարդիկ կան, որ ծանոթներ են մեջ գցում, որ ավելի առաջ լինեն, ռեյտինգայինի պարագայում ավելի ժողովրդավարական է լինելու, պարզապես պատգամավորների գործունեությունը պետք է մատուցել ողջ հասարակությանը»:



Պատգամավորի կարծիքով՝ եթե ռեյտինգային քվեարկությունը ողջ հանրապետության սահմաններում իրականացվի, ապա միանշանակ դրական է, կկրճատվի նաեւ ընտրակեղծիքների գործոնը, որովհետեւ ողջ հանրապետությունում հնարավոր չի լինի գումար բաժանել, իսկ եթե ոչ՝ արդեն քննարկման հարց է: