Մերկացող Ադրբեջան

Մերկացող Ադրբեջան

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը դիմել է դատախազությանը, ՆԳ եւ ԱԱ նախարարություններին եւ հաղորդում տվել, որ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը մահափորձ է նախապատրաստում իր դեմ: Ֆաթուլլաեւը Մուսաբեկովին մեղադրել էր «ընդմիշտ դավաճանելու հակում ունենալու» մեջ եւ իշխանություններին մատնացույց արել նրա անցած ճանապարհը:



Կասկած չկա՝ խորհրդարանի պատգամավորի, որի թեկնածությունը հինգ տարի առաջ պաշտպանել է իշխող կուսակցությունը, «մերկացումը» ոչ թե լրագրողի, այլ իշխանությունների ձեռքի գործն է: Նոր ընտրությունները մոտենում են, Ալիեւը նախաձեռնել է «շարքերի զտում», եւ Մուսաբեկովը քննություն չի բռնել:
Բայց այս պատմությունը կարող է շատ ջուր վերցնել: Բանն այն է, որ Ֆեյսբուքի իր էջում Մուսաբեկովը գրել է, որ «Ֆաթուլլաեւը մահվան է արժանի, շանը՝ շանսատակություն»: Ընդ որում, նա մի թափանցիկ ակնարկ է արել. «Երբ սպանվեց Էլմար Հուսեյնովը, շատերը ցավեցին, Ֆաթուլլաեւ համար, երբ նրան կսպանեն, ոչ ոք չի ցավի»:



2005թ. մարտի 2-ին իր տան շքամուտքում դիմահար 4 կրակոցով սպանվել է «Մոնիտոր» հանդեսի խմբագիր Էլմար Հուսեյնովը: Առայսօր այդ սպանությունը բացահայտված չէ: Հուսեյնովի ընտանիքը վտարանդել է Հոլանդիա: Հուսեյնովի սպանության հետ Ֆաթուլլաեւ կապն է, ըստ երեւույթին, ակնարկել Մուսաբեկովը:
Դա բավական ուշագրավ է, եթե նկատի ունենանք, որ 2005-ի ձմռանը «Մոնիտոր»-ի թղթակից Էյնուլլա Ֆաթուլլաեւը շատերի համար անսպասելի այցելել է Լեռնային Ղարաբաղ: Իր տպավորությունները նա «Ղարաբաղյան օրագիր» վերտառությամբ տպագրել է «Մոնիտոր»-ում:



Ֆաթուլլաեւի տպավորությունները չէին համապատասխանում Ադրբեջանի պաշտոնական քարոզչության կաղապարներին: Սենսացիոն էին, մանավանդ Խոջալուի դեպքերի մասին նրա դիտարկումները: Դրանցում խոսք չկար «ցեղասպանության», «հազարավոր խաղաղ մարդկանց դաժան սպանությունների» մասին: Իր գնահատականը Ֆաթուլլաեւը ձեւակերպել էր այսպես՝ «Խոջալուից անասունները տարհանվել են, մարդիկ՝ ոչ»:
Էլմար Հուսեյնովն սպանվեց Ֆաթուլլաեւի «Ղարաբաղյան օրագիր»-ը տպագրելուց կարճ ժամանակ անց: Ադրբեջանի հանրային կարծիքը հիմնականում սպանությունը բացատրեց «դավաճանական հրապարակումների համար արդար վրիժառության» կանխավարկածով, ինչը, վստահաբար, հատուկ ծառայությունների մշակում էր:



Երկու տարի անց քրգործ հարուցվեց Ֆաթուլլաեւի դեմ՝ խոջալուցիների արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով: Հայցվորը «Բակինսկի ռաբոչի» թերթի խմբագրի տեղակալ Տատյանա Չալաձեն էր: Ֆաթուլլաեւը բանտում մնաց մինչեւ 2011 թվականը եւ ազատ արձակվեց Իլհամ Ալիեւին հասցեագրած ներման խնդրագրի հիման վրա:
Ազատության մեջ հայտնվելով՝ Ֆաթուլլաեւը հիմնադրեց միանգամից երկու լրատվամիջոց՝ haqqin.az եւ virtual.az.org: Ներկայում նա Ալիեւի ռեժիմի ամենաեռանդուն «դատապաշտպանն» է: Նրան է տրված բացառիկ տեղեկատվությունը «սեփական աղբյուրների» հղմամբ առաջինը հրապարակելու իրավունքը:
Ֆաթուլլաեւի անկումը պարզ իրողություն է: Նախկինում «խղճի կալանավոր», այսօր նա առաջինն է ցեխ նետում բանտերում հեծող ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների հասցեին: «Շանը՝ շանսատակություն» ասելով, ի՞նչ է նկատի ունեցել Մուսաբեկովը:



Նա սպառնացել է, որ կսպանի՞ Ֆաթուլլաեւին: Անհավանական է, Բաքվում փողոցային շներն էլ գիտեն, որ Ֆաթուլլաեւը հատուկ ծառայությունների սիրելին է: Կարելի է ենթադրել, որ Մուսաբեկովը փորձ է արել Ֆաթուլլաեւին հեռու պահել իշխանությունների հետ չափազանց հեռուն գնացող համագործակցությունից՝ ակնարկելով, որ նրան շան պես կսատկացնեն, հենց որ ռեժիմն այլեւս չունենա «լրագրողական բացահայտումների կարիք»:
Բայց կարելի է նաեւ այնպես հասկանալ, որ Մուսաբեկովը «Մոնիտոր»-ի խմբագրի սպանությունը համարում է հատուկ ծառայությունների հետ Ֆաթուլլաեւի համագործակցության հետեւանք եւ հասկացնում, որ ընկերոջը դավաճանելով՝ Ֆաթուլլաեւը շանսատակություն է վաստակել:



Պատկան մարմինները, անկասկած, համապատասխան ընթացք կտան Ֆաթուլլաեւի դիմումին: Իր դեմ Մուսաբեկովի «սպառնալիքները» Ֆաթուլլաեւը համարել է սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ «Ադրբեջանում խառնակություններ հրահրելու որոշակի շրջանակների ծրագրի մաս»: Փաստացի նա ակնարկել է, որ իրեն կարող են սպանել, որպեսզի Ադրբեջանում «նավակ ճոճելու» առիթ ստեղծվի:
Բայց ավելի իրատեսական կլիներ, եթե նա նկատի ունենար, որ «նավակ ճոճելը» բացառելու համար ռեժիմին պետք է առիթ, որպեսզի պնդօղակները ձգի մինչեւ վերջ: Եվ Ֆաթուլլաեւի սպանությունը «վրեժխնդրության հողի վրա» կարող է ձեռնտու լինել ավելի շատ ռեժիմին, քան «Ադրբեջանում խառնակություններ հրահրելու նախանձախնդիր որոշակի շրջանակների»:
Ինչ էլ որ լինի, Մուսաբեկովը ճիշտ է՝ Ֆաթուլլաեւն իրոք արժանի է շանսատակության:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ