Նորի պահանջ կա

Նորի պահանջ կա

Ինչո՞ւ մեզանում նորացում տեղի չի ունենում՝ քաղաքական դաշտի, մտածողության, պայքարի ձեւերի, բիզնեսի, կրթական ու առողջապահական համակարգերի։ Ինչո՞ւ նոր գործեր՝ գրական, գեղարվեստական, ճարտարապետական, չեն ծնվում։ Այն դեպքում, որ հասարակությունը կարոտ է նորի․ հենց դա էր պատճառը, որ մենք «գրկաբաց» ընդունեցինք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների շարժումը։ Մի թեթեւ հույս արթնացավ՝ նորի, առաջադեմի ծնվելու ակնկալիք։ Ինչո՞ւ ենք մենք՝ լրագրողներս, ամեն անգամ ոգեւորված վազում հարցազրույցներ անելու, երբ լուրեր են սպրդում, որ այսինչը կուսակցություն է բացում․ բոլորս հասկանում ենք, որ մեր փրկությունը նորացվելու մեջ է։ Եվ երկիրը չի կարող մեջքը շտկել, եթե չի նորացվում քաղաքական դաշտը, եթե նոր կուսակցություններ չեն ձեւավորվում։ «Բարգավաճ Հայաստանի» անփառունակ վախճանից, Հայ ազգային կոնգրեսի պասիվացումից հետո մի մեծ դատարկություն է առաջացել քաղաքական դաշտում՝ նոր կուսակցությունների, նոր շարժումների մեծ պահանջարկ կա։ Եվ հանրությունն ուրախանում է անգամ, երբ կիսատ-պռատ, իշխանական «փեշի» տակ ծվարած, ռուսաստաններից ու եվրոպաներից ֆինանսավորվող քաղաքական պրոյեկտների մասին է լսում։



Առաջին հայացքից թվում է՝ ինչպե՞ս կարելի է հույսեր կապել ԲՀԿ-ից պոկված, ռուսական ազդեցության դաշտում գտնվող, մի քանի կուսակցություն փոխած Տիգրան Ուրիխանյանի, նույն ԲՀԿ-ից անջատված, Ռոբերտ Քոչարյանի կադր համարվող, եվրոպաներից ֆինանսավորվող նախկին արտգործնախարար Օսկանյանի, իր քվեարկություններով հիմնականում ՀՀԿ-ին պաշտպանած նախկին փաստաբան Մարուքյանի ստեղծելիք կուսակցությունների հետ։ Բայց հանրությունը պատրաստ է վստահել ու շանս տալ բոլորին՝ անգամ բազմիցս վարկաբեկված ՕԵԿ-ին, միայն թե հույս արթնանա։