Մինգեչաուրում արտակարգ դրությու՞ն է

Մինգեչաուրում արտակարգ դրությու՞ն է

Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում մի քանի հարյուր մարդ շրջափակել է ոստիկանության վարչական շենքը: Մարդկանց հավասարակշռությունից հանել է իրողությունը, որ 27 –ամյա Բահրուզ Հաջիեւը բերման ենթարկվելուց րոպեներ անց չպարզված հանգամանքներում մահացել է:
Ըստ պաշտոնական վարկածի, Հաջիեւը բերման ենթարկվելուց հետո ոստիկանության քննիչի առանձնասենյակի պատուհանից անսպասելի ցած է նետվել եւ ստացած վերքերից տեղում մահացել: Հաջիեւի հարազատները չեն հավատում դրան:
Իրավիճակն ավելի են խճճել ոստիկանությունում: Մինգեչաուրի ոստիկանությունում ասել են, որ Հաջիեւը եւ եւս երկու անձ բերման են ենթարկվել թմրանյութեր իրացնելու կասկածանքով եւ, իբր, Հաջիեւի մահվանից հետո նրա զգեստի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա: Մինչդեռ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունում պնդել են, որ Հաջիեւը եւ մյուս երկու անձինք բերման են ենթարկվել խմբակային հանցագործություն կատարելու կասկածանքով, սակայն ձերբակալության որոշում չի ընդունվել:
Կասկածանքները խորացել են հատկապես, երբ Հաջիեւի հարազատներին թույլ չեն տվել ներկա գտնվելու դիահերձմանը, իսկ մինչ այդ Մինգեչաուրի ոստիականության վարչությունը տեղեկատվություն է տարածել, որ արտաքին զննմամբ դիակի վրա բռնության հետքեր չեն նկատվել:
Մարդիկ ոստիկանության Մինգեչաուրի վարչության շենքն արգելափակել եւ պահանջել են, որ բերման ենթարկված մյուս երկու երիտասարդներն ազատ արձակվեն: Ոստիկանությունը ստիպված տեղի է տվել, բայց ցուցարարները չեն հեռացել: Ըստ լուրերի, Բաքվից Մինգեչաւոր են տեղափոխվել ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ, որոնք վերահսկողություն են հաստատել քաղաքի կենտրոնում:
Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների մասին հաղորդագրություն առայժմ չկա: Անանուն աղբյուրը, սակայն, Ազատություն ռադիոկայանին ասել է, որ քաղաքի մուտքն ու ելքը փակված է, կենտրոնական փողոցներում շրջում են պարեկախմբեր: Նրա խոսքերով, Մինգեչաուրում գրեթե արտակարգ դրություն է: Ավելի լուրջ լարվածություն կարող է ստեղծվել Հաջիեւի հուղարկավորության ժամանակ: