Լուկաշենկոն առաջադրվեց 5-րդ ժամկետի համար

Լուկաշենկոն առաջադրվեց 5-րդ ժամկետի համար

Ալեկսանդր Լուկաշենկոյի առաջադրման նախաձեռնող խումբը շաբաթ, սեպտեմբերի 5-ին, ԿԸՀ է ներկայացրել իր թեկնածուի փաստաթղթերը՝ նախագահական ընտրություններում գրանցվելու համար, հայտնել է ԿԸՀ պաշտոնական կայքը:



Բելառուսի օրենսդրությամբ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 հազար ստորագրություն ներկայացնել: Լուկաշենկոյի թիմը ներկայացրել է 1 միլիոն 700 հազար նախնական ստորագրություն այն դեպքում, երբ այդ երկրի բնակչության թիվը 9.5 միլիոնից չի անցնում: Ներկայացված ստորագրությունների 99.55 տոկոսը ԿԸՀ-ն վավեր է ճանաչել:



Թեկնածուներ են առաջադրել ևս 7 նախաձեռնող խմբեր: Նրանցից ստորագրությունների անհհրաժեշտ քանակություն են հավաքել ընդամենը երեքը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Հայդուկևիչի, քաղաքացիական «Ասա ճշմարտությունը» շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկևիչի և գիտնական-տնտեսագետ Վիկտոր Տորեշչենկոյի կողմնակիցները:



Նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսված են հոկտեմբերի 11-ին: Ալեքսանդր Լուկաշենկոն իշխանության ղեկին է արդեն 21 տարի: Առաջին անգամ նա նախագահ է ընտրվել 1994 թվականին, ինչից հետո վերընտրվել է ևս երեք անգմ՝ 2001-ին, 2006-ին և 2010-ին:



Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը հրաժարվեց ճանաչել վերջին նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրությունները ուղեկցվել էին զանգվածային բողոքի ցույցերով, որոնք հետագայում ճնշվեցին ոստիկանական և բանակային ուժերի միջոցով: