Բոլոր ուժերն էլ հանձնաժողովին առաջարկներ են արել

Բոլոր ուժերն էլ հանձնաժողովին առաջարկներ են արել

Սահմանադրության նախագծի քննությունից հետո խորհրդարանականներն այս օրերին զբաղված են իրենց առաջարկների ամփոփմամբ, որոնք մինչեւ շաբաթվա վերջ պետք է ներկայացնեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:



Նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հաջորդ շաբաթվանից կրկին հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, կքննարկվեն վերջնական առաջարկները, ապա կներկայացվեն նախագահ Սարգսյանին, ու առաջիկա օրերին կորոշվի, թե որ առաջարկներն են ընդունելի: Հետեւաբար, հանձնաժողովն ընդունելի առաջարկների մասին դեռ որեւէ տեղեկություն չի տրամադրում: Այդ մասին կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, Վարդան Պողոսյանն ԱԺ ամբիոնից կհիմնավորի, թե ինչու է որեւէ առաջարկ ընդունվել, մյուսը՝ մերժվել, նախատեսվում է, որ նույն օրը նախագիծը քվեարկության կդրվի, թեպետ չի բացառվում, որ տեղափոխվի հաջորդ օրվան:



ԱԺ-ում Սահմանադրության նախագծի քննարկման վերջում՝ արտահերթ նիստի ավարտին, Վարդան Պողոսյանը խորհրդարանի ամբիոնից միայն հայտարարեց ընտրիչների ինստիտուտից հրաժարվելու մասին, այսինքն՝ նախագահ ընտրելու իրավունքը վերապահվելու է միայն ԱԺ-ին: Մինչդեռ խմբակցությունները եւ անհատ պատգամավորները բազմաթիվ առաջարկներ էին ներկայացրել բարեփոխումների հանձնաժողովին: Չնայած խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն շտապեց հայտարարել, որ ԲՀԿ-ն «այո» է ասելու այդ փոփոխություններին, ու մեզ էլ չհաջողվեց պարզել, թե ինչու չսպասեցին մինչեւ իրենց առաջարկների ընդունել-մերժելու մասին հայտարարությանը, կամ գուցե ԲՀԿ-ն նախապես է իմացել, որ իրենց առաջարկներն ընդունվելու են, եւ շտապել է երախտիքի «այո»-ն ասել: Այս խմբակցությունից որեւէ պատգամավորի հետ կապվել երեկ չհաջողվեց:
Այդուհանդերձ, ոմանք հայտարարում են, որ իրենց վերջնական դիրքորոշումն առաջարկների ընդունումից է կախված: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ մեր զրույցում ասել էր, որ նախագծի քննարկման ընթացքում իրենց մոտ հավելյալ հարցեր են առաջացել, եւ «Հայկական վերածնունդը» որոշակի խմբագրումներ է կատարել նախկին առաջարկներում ու 2 օր առաջ 40 կոնցեպտուալ առաջարկ վերահասցեագրել հանձնաժողովին: Մարգարյանն ընդգծել էր, որ իրենց «դեմ» դիրքորոշումը փոփոխության ենթակա չի կարող լինել, եթե առաջարկներից նույնիսկ մեկը չընդունվի:



«Ժառանգությունը» թեեւ «ոչ»-ի ճակատի հիմնադիրներից է, սակայն խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր հանձնաժողովին իր առաջարկներն է ներկայացնելու. «Քաղաքացիական հասարակության բազմաթիվ խնդիրների մասին, այդ թվում՝ նաեւ ֆինանսավորման մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան իրապես անկախ լինել, եւ վերահսկողության խնդիրների մասին»: Պողոսյանն առաջին անգամ է առաջարկներ ներկայացնելու, ասաց, որ դրանց մասին բանավոր խոսել է Վարդան Պողոսյանի հետ իր եւ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ իր եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հանդիպման ժամանակ:



Մարուքյանը եւս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ընտրական համակարգերի բարելավմանը եւ այլ ոլորտներին: Նրա մտահոգություններից մեկը, մասնավորապես, վերաբերում է պատգամավորների վերաբերյալ ձեւակերպմանը. գործող սահմանադրության մեջ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով» ձեւակերպումը փոխարինվել է «Ոչ ոք պատգամավորին չի կարող տալ ցուցում» արտահայտությամբ: «Սա շատ անհասկանալի ձեւակերպում է»,- կարծում է Մարուքյանը: Նա առաջարկել է վերացնել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու մասին վիճահարույց դրույթը եւ բացառել 2-րդ փուլի հնարավորությունը։ Հրանտ Բագրատյանն էլ է առաջարկներ ներկայացրել, բայցեւ հայտարարել է, որ դրանց ընդունման դեպքում էլ ինքը դեմ է քվեարկելու: «Ես սկզբունքորեն դեմ եմ նախագահական համակարգի վերացմանը:



Նախագահական համակարգի ուժեղացումը եղել է իմ նախընտրական թեզերից մեկը»,- բացատրել է նա: ՀՀԿ-ն հարկ չի համարել վերաշարադրել իր առաջարկները, մեզ փոխանցեց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Մինչեւ նախագծի քննարկումը ՀՀԿ-ն մոտ 300 առաջարկ է ներկայացրել, նշեց Գագիկ Մելիքյանը՝ ընդգծելով, որ պարտադիր չէ գրավոր առաջարկներ ներկայացնել. «Քննարկումից պարզ դարձավ, որ բոլոր ուժերն էլ, այդ թվում՝ ՀԱԿ-ը, առաջարկներ ունեին եւ հնչեցնում էին իրենց ելույթներում»: