Ինչ ուզում եք ասեք, բայց ամեն ինչ մնալու է Ձեր խղճին․ Զուրաբյանը՝ ՀԱԿ անդամների մասին

Ինչ ուզում եք ասեք, բայց ամեն ինչ մնալու է Ձեր խղճին․ Զուրաբյանը՝ ՀԱԿ անդամների մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անհեթեթություն համարեց այն խոսակցութունները, թե ՀԱԿ-ը պառակտված է, քայքայված է, չկա համախմբված ղեկավարում։
«Մենք ունենք կանոնադրություն խմբակցության գործունեության, այդ կանոնադրությունը գործում է, մենք ունենք ռեգուլյար հերթական քվորումը մշտապես ապահովվում է, որոշումներն ընդունվում են, բայց մենք երբեք մեծամասնության կողմից ընդունված որոշումը չենք փորձում պատժամիջոցներով փաթաթել խմբակցության որևէ անդամի վրա»,-վստահեցրեց պարոն Զուրաբյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը միակ խմբակցությունն է ԱԺ-ում, որը միաժամանակ գործում է համաձայն կանոնադրության՝ մյուս կողմից ղեկավարվելով բացարձակ ժողովրդավարական սկզբունքներով։



Hraparak.am-ի հարցին, թե ՀԱԿ խմբակցության այն անդամները, ովքեր դեմ են իրենց հետ կոնկրետ հարցերի շուրջ և Սահմանադրականի մասով էլ գնացել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, նրանց նկատմամբ ՀԱԿ-ի կողմից «դեմոկրատական» բնույթի ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Լևոն Զուրաբյանն ասաց․ «Ես խնդրում եմ ճնշման որևէ օրինակ բերեք, նոր կշարունակենք խոսակցությունը»։



Իսկ մանդատը վայր դնելու առաջա՞րկ, օրինակ՝ Լյուդմիլա Սարգսյանին, ինչի մասին գրվեց մամուլում, Զուրաբյանը կրկին հերքեց․ «Բնականաբար՝ ոչ»։



Մեր մյուս հարցին, թե նրանք (Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը), ովքեր գնացել էին Բաղրամյան 26, համարվում՞ են հաճախորդ Սերժ Սարգսյանի մոտ, Զուրաբյանն ասաց․ «Այ, կներեք, էդ հարցում արդեն հարցրեք Հայաստանի հասրակությանը և հանրությանը, էդ հարցը ինձ մի՛ ուղղեք»։



Զուրաբյանի հետ ավելի ուշ նորից զրուցեցինք այս թեմայով՝ նշելով, որ գուցե էթիկայի տեսակետից դժվար է իրենց խմբակցության անդամներին ևս պիտակավորել որպես «հաճախորդ», բայց այդ պիտակը հենց իրենք էին կպցնում նրանց վրա, ովքեր գնում էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց․ «Ես էդ հարցին էնքան եմ պատասխենլ, ես ասել եմ, որ մեկնաբանության կարիք չկա։ Նախ ամեն ինչ պարզ է, և պետք չի ինձանից հատուկ մեկնաբանություն ստանալ, ամեն ինչ առանց էդ էլ պարզ է, և պարզ է ոչ թե ինձ, այլ հանրությանը, և հանրությունը դրա մասին արտահայտվում է»։



-Եվ ի՞նչ է պարզ։



-Դուք գնացեք հանրության մեջ հարցում կատարեք, Դուք էլ Ձեզ համար կպարզեք, ի վերջո։



-Նրանց, ում Դուք անվանել եք «հաճախորդ», մենք կարո՞ղ ենք նույն տրամաբանության մեջ ձեր խմբակցության՝ Բաղրամյան 26 գնացած անդամներին ևս այդ հարթության մեջ դիտարկել։



-Ինչ ուզում եք, արեք։



-Ըստ հայեցողությա՞ն։



-Ձեր հայեցողության ներքո, այո, բայց ամեն ինչ, իհարկե, մնալու է Ձեր խղճին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ