Սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ ԵԱՀԿ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել

Սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ ԵԱՀԿ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեր Անդրյոն, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական տարածքներում և դրանց շրջակայքում ականանետեր և ծանր զրահատեխնիկա օգտագործելու առնչությամբ: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության մեջ։



«Նման զենքի օգտագործումն անընդունելի լարվածություն է առաջացնում հակամարտությունում։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ։ Մենք հնարավոր ամենաազդեցիկ ձևով կոչ ենք անում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից: Կողմերը պարտավորություն ունեն Ժնևի կոնվենցիայով պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում:



Մինսկի խմբի համանախագահներն իրենց ափսոսանքն են հայտնել, որ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախաշեմին և հույս են հայտնել, որ նախարարները լուրջ քննարկում կունենան բռնության սրման և բանակցային կարգավորման շուրջ առկա խնդիրների շուրջ։

«Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե ինչպես է ծագել բռնությունը, քանի որ յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես դա քննարկել են նախագահները»,- նշված է հայտարարությունում:

Համանախագահները նշել են, որ կշարունակեն իրենց աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ լարվածությունը նվազեցնելու և տևական ու խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։



Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով Պառավաքարում մեկ կին է զոհվել, ևս երկու զոհ է գրանցվել Բերդավանում։