Սիրիայում կռվում են բոլորը եւ մանավանդ Ռուսաստանը

Սիրիայում կռվում են բոլորը եւ մանավանդ Ռուսաստանը

Ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում կայացած Օբամա-Պուտին հանդիպումը ոչ մի արդյունք չի ունեցել: Մենք չէինք համարձակվի նման բան պնդել, մանավանդ, երբ ակնհայտ փաստեր կան, որոնք վկայում են ճիշտ հակառակը: Օրինակ՝ այն փաստը, որ Ռուսաստանը Սիրիայում ակտիվ գործողությունների անցավ հենց այդ հանդիպումից հետո: Սա արդեն իսկ նշանակում է, որ Օբաման եւ Պուտինը կամ պայմանավորվել են, կամ, ընդհակառակը, չեն կարողացել գալ պայմանավորվածության: Նկատենք, որ եւ մեկը, եւ մյուսը վերոնշյալ հանդիպման որոշակի արդյունք է ինքնին:



Այդ հանդիպումից մեկ ամիս անց ավելի քան ակնհայտ է, որ Ռուսաստանի շուրջն այլեւս չկա բլոկադայի այն օղակը, որ գծվել էր ուկրաինական իրադարձությունների ծավալումից հետո: Սա արդյունք չէ՞: Ղրիմի մասին խոսք չկա այլեւս, ԵՄ անդամ Իտալիան ներդրումներ է անում ռուսական Ղրիմում, անխափան գործում է «նորմանդական քառյակը», համաձայնություն է կայացվում՝ հետաձգել Դոնբասի ՏԻՄ ընտրությունները, «Գազպրոմը» գերմանական ընկերությունների հետ բանակցում է Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ, ԵՏՄ-ԵՄ ինտեգրացման եւ միասնական տնտեսական տարածքի ստեղծման ռեալ քայլեր են արվում, այդ ուղղությամբ աշխատանքային հանձնախմբեր ձեւավորվում եւ այլն, եւ այլն:



Այստեղ պետք է նշեմ նաեւ ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Ռուսական մեդիան պարզապես ոչնչացրեց Պորոշենկոյի միֆը՝ իր անճարակ կառավարությամբ եւ Օդեսայում բուն դրած կլոուններով հանդերձ: Հենց ռուսական մեդիայի շնորհիվ ԵՄ-ում բոլորը հասկացան, որ իրենք կթու կով չեն Եվրոպայի սրտում ԱՄՆ դրածոների համար: Հոլանդիայի վարչապետը հանկարծ Ռուսաստանին հրավիրեց մասնակցելու մալայզիական «Բոինգ-777»-ի կործանման հետաքննությանը, ԵՄ կառույցները հանկարծ մտահոգություն հայտնեցին, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը կարող է ձգձգվել, այդ նույն կառույցները համարյա որեւէ վերաբերմունք չարտահայտեցին Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքներում անցկացված վերջին ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ոչ միայն ընդդիմությունը չմասնակցեց, այլեւ այս կարճ ժամանակամիջոցում զրոյական վարկանիշ արձանագրած վարչապետ Յացենյուկի կուսակցությունը, ինչն անմիջապես նկատվեց արեւմտյան փորձագետների կողմից: Արդյոք սա արդյունք չէ՞:



Իհարկե, ոմանք դեռ իներցիայի ուժով խոսում են Ռուսաստանի դեմ կիրառված, կիրառվող եւ կիրառվելիք պատժամիջոցների մասին, բայց դա, ինչպես ասում են, պատժամիջոցներով ոչնչի չհասածների սրտի մխիթարանք է այլեւս: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, երբ ԵՄ տարածքում սկսել են աշխուժանալ հակա-ՆԱՏՕ-ական շարժումները, երբ Եվրոպայում սկսել են հասկանալ, որ հատուկ տարածվող ռուսաֆոբիան ընդամենը լավ միջոց է ՆԱՏՕ-ի միջոցով միլիարդներ լվանալու եւ օվկիանոսից այն կողմ տանելու համար: Ի՞նչ եք կարծում, սա Նյու Յորքում կայացած հանդիպմանը Օբամայի եւ Պուտինի միջեւ խոսակցության հետեւանք ու արդյունք չէ՞:



Ռուսաստանի ողբերգական վախճանը գուշակող որոշ հայ քաղաքագետներ հոդվածներ են տպագրում այն մասին, որ Ռուսաստանը Սիրիայում ակտիվ գործողությունների անցավ՝ մեկուսացումը, իրենց բառով՝ մերժումը հաղթահարելու, մեծ քաղաքականությունից դուրս չմնալու համար: Եթե միայն դա էր նպատակը, Ռուսաստանը գուցե մարտի կնետվեր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Իրաքի կառավարության լուռ համաձայնությամբ «Իսլամական պետություն» էր ստեղծում այդ երկրի տարածքում, որը շատ արագ գրավեց Մոսուլը, վստահաբար՝ ոչ ռուսական զենքով: Սակայն պաուզան, որ պահեց այդ երկիրը եւ միջամտեց միայն այն ժամանակ, երբ, չնայած, այսպես կոչված, կոալիցիոն ուժերի «ջախջախիչ» հարվածներին, ԻՊ-ն մոտեցավ Դամասկոսի արվարձաններին, խոսում է միանգամայն այլ բանի մասին: Եվ ապա՝ միջազգային մեդիայի առաջին էջերում հայտնվելու համար դեռ ոչ մի երկիր պատերազմ չի սկսել կամ չի մտել մի պատերազմի մեջ, որտեղ շահեր չունի:



Այս օրերին միջազգային մեդիան եթե մի բան էլ գրում է, ապա միայն այն մասին, որ Ռուսաստանի կողմից ԻՊ-ին հասցվող հարվածները նպատակին չեն հասնում եւ դիպչում են Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Գրում են, որ Կասպից ծովից արձակված ռուսական հրթիռներն ընկել են Իրանի տարածքում, եւ նման բաներ: Եվ դրանից այն կարծիքն է ձեւավորվում, որ, իբր, Ռուսաստանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել: Դա, վստահաբար, այդպես չէ: Նախ՝ ԱՄՆ Սենատը, մինչեւ ռուսները կխոսեին այդ մասին, շտապեց հայտարարել, որ դադարեցնում են Սիրիայի չափավոր ընդդիմություն կոչվող ուժերին ամերիկյան օգնություն ու զենք մատակարարել, քանի որ նրանք այդ ամենը փոխանցում են ԻՊ-ին: Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն շտապում է թոթափել պատասխանատվությունը, որ ստանձնել էր դաշնակիցների հանդեպ, այն է՝ տապալել Ասադին եւ Սիրիայում իշխանության բերել այնպիսի կառավարություն, որ կենթարկվի բացառապես Արեւմուտքին: Ռուսաստանի միջամտության շնորհիվ երկրորդ պլան մղվեց Սիրիայի մասնատման ծրագիրը, ինչից սկսեց անհանգստանալ Թուրքիան, որովհետեւ քրդական խնդիրն ամբողջությամբ ծանրացավ իր վրա:



Ռուսաստանի միջամտության արդյունքները շատ են: Դրանք պարզապես տեսնել է պետք: Օրինակ՝ Սիրիայի կառավարական բանակի աշխուժացումը, ԻՊ գրոհայինների զանգվածային փախուստը Թուրքիա, որտեղից նրանց թուրքական, քաթարական եւ սաուդյան ինքնաթիռներով տեղափոխում են Եմեն, Ասադի այցը Մոսկվա, Սիրիայի հարցով սպասվող բանակցությունները եւ այլն: Այս ամենը Ռուսաստանի կարճ միջամտության արդյունքն է եւ ոչ թե ԱՄՆ-ի՝ ԻՊ-ի դեմ տարիներ շարունակ մղած «խիստ արդյունավետ» պայքարի:



Իսկ ինչ վերաբերում է Կասպից ծովից արձակված հրթիռների մասին խոսակցություններին, որ դրանք, իբր, ընկել են Իրանի տարածքում, այն շփոթմունքի արդյունքն են, որ տիրել էր հակասիրիական կոալիցիային: Նրանք առաջին անգամ գործողության մեջ տեսան մի զենք, որից արձակված թեւավոր հրթիռները հազարավոր կիլոմետրեր անցան՝ շրջանցելով լեռնային ռելիեֆն ու չնկատվելով ՀՕՊ կայանքների կողմից: Հետաքրքիր հարց է ծագում՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն այս իրադարձությունից ամիսներ առաջ Թուրքիայից հեռացրեց հակաօդային պաշտպանության կայանքները, դրանք տեղափոխվեցին Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ մեկ այլ տեղ, դիցուք՝ Իրաք:



Վերջում կցանկանայի երկու բառով անդրադառնալ սիրիական իրադարձությունների ֆոնին հայ վերլուծաբանների այն պնդմանը, որ Ասադը Սիրիայի չճանաչված նախագահ է: Զարմանալի է, թե որտեղից ծագեց այդ միտքը, երբ նույնիսկ Օբաման նրան չճանաչված չի հայտարարել, իսկ Սիրիայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններն էլ ոչ լեգիտիմ չեն գնահատվել: Չգիտեմ, գուցե դա արվում է ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում արդարացնելու համար, բայց ԱՄՆ-ն դրա կարիքը չունի, որովհետեւ նա ներկա է ամեն տեղ, եւ այնպես չէ, որ միայն չճանաչված նախագահների դեմ է կռվում: Չթվարկենք այն երկրները, որոնց ճանաչված ղեկավարները, ովքեր ժամանակին ԱՄՆ նախագահների գործընկերներն էին, այսօր չկան: Ռուսաստանը, ի դեպ, նաեւ այս հարցի լուծումն է առաջարկել, որն ընդունվել է բոլորի կողմից: Բանաձեւը հետեւյալն է. նախ ոչնչացնում ենք ԻՊ-ն, որպես ինքնիշխան պետությունների սպառնալիք, եւ հետո Սիրիայում անցկացնում ընտրություններ: Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը: Իսկ թե ինչու հակասիրիական կոալիցիային դա դուր չի գալիս, արդեն բոլորովին այլ թեմա է եւ կապ չունի ոչ Ասադի լեգիտիմության եւ ոչ էլ Սիրիայի ժողովրդի հետ: