«Ոչ»-ի ճակատը հրաժարվում է մասնակցել նախընտրական ռեալիթի շոուին

«Ոչ»-ի ճակատը հրաժարվում է մասնակցել նախընտրական ռեալիթի շոուին

ՀՀ Սահմանադրության նախընտրական շոուն էկրանավորելու գաղափարը կարծես գլուխ չի գալիս: Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներից շատերը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից կազմակերպվող ռեալիթի շոուին մասնակցելուց հրաժարվում են: Նախկինում կազմակերպված քարոզարշավների պատմության մեջ իր տեսակով եւ ձեւով առաջին անգամ հայաստանյան քաղաքական գործիչներին, կուսակցությունների ղեկավարներին, ակտիվիստներին հնարավորություն է ընձեռվելու 20-22 օր շրջել Հայաստանի մարզերով, օգտվելով անվճար տրամադրվող ուղիղ եթերի հնարավորությունից, օրվա մեջ 10-12 ժամ ներկայացնել սեփական դիրքորոշումը, բանավիճել հակառակ կարծիքն ունեցող մարդկանց հետ, ներկայանալ ընտրողին: 



Սակայն այս գաղափարը որքան էլ ողջունելի, նույնքան վտանգավոր է քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության համար։ Ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը գրեթե կիսվել է, բայց իշխանականները տեղից չեն շարժվում, քարոզարշավ չեն իրականացնում։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց շրջանակներում էլ են հասկանում, որ մարդկանց համբերության բաժակն այնքան է լցվել, որ լայնամասշտաբ հանդիպումները չեն կարող առանց տհաճ միջադեպերի անցնել: Եվ այս շոուի գլխավոր իմաստը գործընթացում ակտիվություն մտցնելն է, որ ընդդիմադիրներն ստիպեն իշխանականներին տեղից շարժվել:



Մտավախություններ ունեն նաեւ ընդդիմադիրները. նրանք կարծում են, որ վարչական ռեսուրսի օգտագործումով «այո»-ականները հնարավորություն կստանան հեռավոր համայնքներում լեփլեցուն դահլիճներում քարոզել՝ լայն աջակցության իմիտացիա ստեղծելով, իսկ իրենք դահլիճներ չեն կարող լցնել: Թեեւ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները հեռուստաշոուին չմասնակցելու այլ բացատրություններ էլ ունեն:



ՀԱԿ-ը վերջնական որոշում ունի՝ չեն մասնակցելու։ Ինչո՞ւ։ Զոյա Թադեւոսյանի խոսքով՝ բովանդակային քննարկման մեջ չեն մտնում: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ պատգամավորներն ակտիվորեն մասնակցում են այս թեմայով խորհրդարանական քննարկումներին, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Իրենք բովանդակային քննարկման մեջ չեն մտնում, ընդամենը կարծիք են հայտնում, որ Հայաստանում որեւէ սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն չկա»: Տիկին Թադեւոսյանն ասաց, որ կօգտվեն Հանրայինով քարոզչության համար հատկացվող անվճար եթերաժամից, եւ այնտեղ ՀԱԿ պատգամավորները կկարողանան իրենց տեսակետն ասել. «Սահմանադրությունները մեծ հաշվով ժողովրդի համար են գրվում, եթե որեւէ մեկը ժողովրդի կարծիքը չի հարցնում, եւ ընդունել իշխանության առաջարկների հետ համաձայնելը՝ կնշանակի քննարկել, թե ինչն է լավ, ինչը վատ այդ Սահմանադրության մեջ»։ Տիկին Թադեւոսյանը նկատեց նաեւ, որ այսօր քչերն են հեռուստացույց նայում, իրենց տան հեռուստացույցները, օրինակ, այսօր «ավելորդ կահույքի» կարգավիճակ են ստացել: «Որովհետեւ մենք գիտենք, թե հեռուստատեսությամբ այսօր ինչ են ցուցադրում»: Դահլիճներ լցնելու մտավախության մասին հարցադրմանը ՀԱԿ անդամը պատասխանեց. «Գուցե մենք դահլիճներ չենք լցնում, բայց մենք նաեւ ժողովրդին չենք ստիպում արտագաղթել, այն, որ գլխապատառ երկիրը լքում են, դա է չափանիշը եւ ոչ թե հարկադրաբար դահլիճներ լցնելը»:



Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը փոխանցեց, որ մոտեցումը դրական է, ՀԽ-ն եւս բովանդակային քննարկման մեջ չի մտնում, բայց, նրա խոսքով, կարելի է մասնակցել, միայն թե այս պահին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չունեն. «Քննարկում ենք՝ ինչպես, ինչ, ով, արդյոք դա մեզ համար արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ։ Մենք մի փոքր այլ ծրագիր ենք ներկայացնում։ Անշուշտ, «ոչ»-ի տրամաբանության մեջ է, բայց մարտավարությունը տարբեր է, եւ հեռահար ռազմավարական նպատակ կա, չի բացառվում, որ չտեղավորվենք «այո-ոչ» ձեւական բաժանման մեջ՝ քարոզչական իմաստով»:



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն այս պահին ստանձնել է կուսնախագահի պարտավորությունները, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է, ասաց, որ չեն քննարկել, ժամանակ չունեն. «Ոչ սկզբունքորեն դեմ եմ, ոչ էլ կողմ, ես ժամանակի խնդիր ունեմ եւ չեմ մասնակցելու»։ Իսկ կուսակցությո՞ւնը։ «Չենք քննարկել, մասնակցելու-չմասնակցելու խնդիր գոյություն չունի, կուսակցականներն ազատ են իրենց որոշման մեջ»: Մինչդեռ, մեր տեղեկություններով, Անահիտ Բախշյանն սկզբում համաձայնել է մասնակցել, ապա հաղորդել է կազմակերպիչներին, որ կուսակցությունը դեմ է մասնակցությանը: Արմեն Մարտիրոսյանը հերքեց տեղեկությունը. «Կարող է Անահիտ Բախշյանին ընդամենը կուսակցականները խորհուրդ են տվել, որովհետեւ կուսակցությունը որեւէ որոշում չունի այս հարցի վերաբերյալ»:



«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար գաղափարը լավն է, սակայն ինքը չի մասնակցի նման շոուի: «Հայաստանում խոսքն անիմաստ է դարձել ու ոչինչ չի փոխում: Չնայած քաղաքականության մեջ կարեւոր են խոսքն ու միտքը, բայց Հայաստանում խոսքն ամբողջությամբ կորցրել է իր դերը»: Նա համոզված է՝ իշխանությունն այս անգամ միայն «թվեր է նկարելու». «Եթե առաջ քարոզարշավ էին կազմակերպում, շոու-բիզնեսի աստղեր էին հրավիրում, հիմա փող չունեն եւ դա էլ չեն անելու: Ուղղակի նկարելու են: Այդ պարագայում պտտվել, խոսել, համոզել... իմաստը ո՞րն է»: Նա, որպես քաղաքական գործիչ, չի մասնակցի նաեւ «Ոչ»-ի ճակատի քարոզարշավին, քանի որ նախկինում մի քանի անգամ ընդդիմությունը ոտքի է հանել ժողովրդին, բայց հետո նրանց տուն է ուղարկել. «Եթե ռեալ պրոցեսներ չեն լինելու, պայքարը վերջանալու է մի երկու օր գոռալով ու տուն գնալով, ապա դրա մասնակցելու իմաստն էլ չեմ տեսնում: Մարդկանց չեն հետաքրքրում այս փոփոխությունները»: Ասում է նաեւ․ որ իշխանությունները շատ են ուզում, որ ինչ-որ մեկը ժողովրդին ակտիվացնի: «Ժողովուրդն այս հանրաքվեի հանդեպ շատ իներտ է, ինչպես 2005-ին, բայց նկարելու համար պետք է հիմք լինի, չէ՞, մասնակցություն լինի»: Նա կողմ է բոյկոտի տարբերակին:



Օրեր առաջ էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մեզ փոխանցել էր, որ սկզբունքորեն դեմ չեն ցանկացած հարթակում հնչեցնել իրենց խոսքը, բայց մասնակցությունը, այդուհանդերձ, պայմանավորել էին այլ ուժերի մասնակցության պարագայով եւ հաղորդման ձեւաչափով: