Առողջ սունկը շարունակում է թունավորել մարդկանց. խոստումները մնացին օդում կախված

Առողջ սունկը շարունակում է թունավորել մարդկանց. խոստումները մնացին օդում կախված

Դեռեւս օգոստոս ամսին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Առողջ սունկ» ընկերության կապված Նուռնուսում հայտարարեցին՝ կամ խնդիրն է լուծվելու, կամ կոմպոստի արտադրամասը փակվելու է: «Առողջ սունկ»-ին նույն օրը տրվեց տեխնիկական առաջադրանք՝ տեղադրել ֆիլտրեր եւ վերացնել թունավոր արտանետումները: Բայց որեւէ մեկը մինչ օրս այդպես էլ չի ներկայացրել բնակիչներին, թե ինչ եղավ՝ խնդիրը լուծվե՞ց, թե՞ ոչ:



Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը ժամանակավոր հանձնաժողով էր ստեղծել, որը պետք է իր հերթին ուսումնասիրեր իրավիճակը: Դեռ մեկ ամիս առաջ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կամո Թումոյանից փորձեցինք իմանալ, թե ինչ արդյունք են տվել ուսումնասիրությունները և ինչ եզրահանգման են եկել: Կամո Թումոյանը ասաց, որ գրություն են ուղարկել բնապահպանության նախարարություն, որպեսզի իրենց տրամադրեն վերջին ստուգումների արդյունքները: Ստացել են ազոտի ստուգումների պատասխանը, հիմա սպասում են ամիակի արդյունքին. Արձանագրություն են ուղարկել, 10 օրյա ժամկետում սունկ արտադրող ընկերությունը պետք է պատասխանի՝ առարկություններ կան թե ոչ:



Դիմեցինք Կոտայքի մարզպետարան՝  պարզելու, թե ինչ արդյունք են տվել «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի ուսումնասիրությունները և ինչ եզրահանգման է եկել բնապահպանության նախարարությունը եւ նախարարության կողմից տրվել է հանձնաժողովին վերջին ստուգումների (ամիակի) արդյունքները: Ինչ է սպասվում «Առողջ Սունկ» ՍՊԸ-ին, եթե խնդրին լուծում չտրվի: Մարզպետարանից մեզ պատասխանեցին, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի մասին մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը մարզպետարանը չի տնօրինում: Ստացվում է, որ մարզպետի հանձնարականով ձեւավորված հանձնաժողով ձեւական բնույթ է կրում:



Նելլի Կարապետյան