Հյուսիսային պողոտայում դեռ աշխատելու տեղ կա

Հյուսիսային պողոտայում դեռ աշխատելու տեղ կա

Նոյեմբերի 16-ը Հյուսիսային պողոտայի հիմնադրման օրն է։ Այս տարի լրացավ Երեւանի ամենաթանկարժեք ու հայտնի պողոտայի 8-ամյակը։



Հյուսիսային պողոտայի ճարտարապետ, այդ շրջանում նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ, այժմ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հարցին, թե պողոտայի այժմյան տեսքն իրեն բավարարո՞ւմ է, թե՞ աշխատանքների տեղ էլի կա, ասաց, որ սա դեռ վերջնական վիճակը չէ։



«Ինքն ընդհանուր առմամբ անհամեմատ բարելավվել է, բայց Հյուսիսային պողոտան ինքը միայն բուն պողոտան չէ, այն մեծ, ընդհանուր համալիր է։ Էնտեղ դեռ Լալայանց փողոցի հարակից հատվածներն ավարտված չեն. Հյուսիսային պողոտան ավելի ընդգրկուն տարածք ունի։ Ես կարծում եմ՝ մասնավորապես, էդ «Մանկական աշխարհի» հարակից հատվածը կառուցված է, բայց ներսը դեռ շահագործման չի հանձնված՝ Աբովյան փողոցի կողմից»,-ասաց նա։



Իսկ ընդհանուր ճարտարապետական տեսքի առումով ի՞նչ կասի, հնարավո՞ր է փոփոխություններ լինեն, նախարարն ասաց. «Տեսքը, դե ես եմ եղել ղեկավարն ամբողջ ծրագրի, ես չեմ կարող ինքս գնահատական տալ, պետք է մարդիկ տան այդ գնահատականը»։



Մարդիկ, սակայն, բացասական գնահատական են տալիս։
«Բայց շատ շատերն էլ դրականն են ասում։ Դուք տեսնում եք բացասական, իսկ ես բոլորովին այլ ինֆորմացիաներ ունեմ։ Էդտեղ հետնախորշեր էին, քաղաքի տասը հեկտար տարածքը, այսօր այն դարձել է Երեւանի ամենակարեւոր հատվածներից մեկը»,-նշեց Նարեկ Սարգսյանը։



Հետաքրքրվեցինք նաեւ «Հին Երեւան» ծրագրից, թե ինչ փուլում են աշխատանքները։
«Նորմալ է, թույլտվություններն ստացվել են, եւ շինարարությունը՝ հողային աշխատանքներ, քանդվող շինությունները՝ ոչ հուշարձան, դրանց քանդման թույլտվություններն ստացվել են, եւ էս տարի կսկսվեն տարածքի հատվածների պարսպապատումն ու հողային աշխատանքները»,-տեղեկացրեց ճարտարապետ-նախարարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ