Եթե վստահ չեք ձեր ձայնի վրա, ինչո՞ւ եք գնում անվավեր անում թերթիկը

Եթե վստահ չեք ձեր ձայնի վրա, ինչո՞ւ եք գնում անվավեր անում թերթիկը

Այո՞ քվեարկել, թե՞ ոչ, կամ ընդհանրապես գնա՞լ հանրաքվեին, թե՞ տնային փափուկ պայմաններում  հետևել, թե ինչպես է ընթանում այն: Ինչպես նախագահական, կամ ԱԺ ընտրություններին, այնպես էլ հանրաքվեին մեր շատ սրամիտ քաղաքացիները չեն ծուլացել, այս ցրտին գնացել, հասել են ընտրատեղամաս և շատ կրեատիվ եղանակով անվավեր են դարձրել իրենց քվեաթերթիկը: Շատերը քվեաթերթիկների այսպիսի «ապականումը» վերագրեցին անլրջության:



«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումն է. «Գնացի ու իմ Ո՛չ-ն ասեցի ու հա հենց շատ բան փոխվելու է ԻՄ ու ՔՈ ոչ-ից, ու հա հենց շատ կարևոր է ԻՄ ու ՔՈ ձայնը, ու այո ԵՍ ու ԴՈՒ ենք որոշողը։ Իսկ եթե այդպես վստահ չեք ձեր վրա ու ձեր ձայնի վրա՝ բա էլ ինչո՞ւ եք գնում քվեարկում, կամ անվավեր անում թերթիկն ու մի հատ էլ հանրային ցուցադրում ձեր անզորությունը․․․ մեր խնդիրը միշտ էլ եղել է այն, որ մենք մեր վրա վստահ չենք ու դրա համար էլ ինչ ուզեցել արել են»:



«Մի պահ ասի «բոցվեմ» քվեաթերթիկի վրա, նկարեմ, խնդանք մի քիչ, հետո մտածեցի, որ իմ ՈՉ-ն ավելի արդյունավետ ու պետքական է հայ ժողովրդի համար». - գրում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արմեն Փամբուկչյանը:



Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ գրում է. «Չմոռանանք, որ հանրաքվեն անցողիկ է, իսկ կրթությունը՝ մնայուն: Նրանց համար, ով արդեն քվեարկել է, առաջարկում եմ այս օրվա մնացած հատվածը, ինչպես նաև գալիք օրերը նվիրել սովորելուն»: