Ի՞նչ է նստել քարոզարշավը. ԿԸՀ-ն հրապարակել է ծախսերը

Ի՞նչ է նստել քարոզարշավը. ԿԸՀ-ն հրապարակել է ծախսերը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում բացվել են 16 հիմնադրամներ, որոնցից 4-ում ֆինանսական մուծումներ ու ծախսեր չեն կատարվել։ Տվյալները ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:



«Մուծումներ չեն կատարվել «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամում, «ՀՀ աֆղանական պատերազմի վետերանների միավորում ՀԿ»-ի հիմնադրամում, Ղարաբաղյան պատերազմի վետերաններ կազմակերպության և «Գարտման» միության հիմնադրամներում»,- ասել է նա։



ՀՀԿ հիմնադրամում մուտքերը կազմում են ավելի քան 80 մլն 698 հազ. դրամ, որից ծախսվել է 57 միլիոն 196 հազար դրամը, իսկ մնացորդը կազմում է 23 միլիոն 501 հազար դրամ։ ՀՅԴ հիմնադրամում մուտքերը կազմում են ավելի քան 6 միլիոն 420 հազ. դրամ, որից ծախսվել է 6 միլիոն 403 հազար դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 16 հազար 392 դրամ։



ՀԱԿ-ի հիմնադրամում մուտքերը կազմել են 5 միլիոն 196 հազար դրամ, ծախսվել է՝ 5 միլիոն 188 հազար դրամ, իսկ մնացորդը կազմում է 7700 դրամ։ ԲՀԿ հիմնադրամում մուծումները կազմել են 2 միլիոն 700 հազար դրամ, ծախսվել է՝ 2 միլիոն 662 հազար դրամ, մնացորդը կազմում է 37 հազար 376 դրամ։ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրամում մուծումները կազմել են 2 միլիոն 501 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 377 հազար դրամ, մնացորդը կազմում է՝ 124 հազար 110 դրամ։



Քարոզչական հիմնադրամներում մնացած միջոցները քվեարկության արդյունքների ամփոփումից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամը բացող անձի հայեցողությամբ կարող են ուղղվել բարեգործության: Ժամկետը լրանալուց հետո միջոցները ուղղվում են պետական բյուջե: