Ոչ ոք թող չկասկածի, որ մենք այս ուղուց հետ ենք կանգնելու (լուսանկարներ հանրահավաքից)

Ոչ ոք թող չկասկածի, որ մենք այս ուղուց հետ ենք կանգնելու (լուսանկարներ հանրահավաքից)

Ինչպես և նախատեսել էին ժամը 20.00-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը սկսեց իր հանրահավաքը: Չնայած նրան, որ Ազատության հրապարակը սպասվածի պես մարդաշատ չէր, սակայն մի փոքր ուշ այդ բացը լրացվեց:



«Այսօր Հայաստանում ծայրից ծայր Հանրապետական կուսակցապետությունը, որ ուզում է ստրկացնել քաղաքացուն և ոստիկանին և որը գտնվում է իր հոգեվարքի մեջ, նրանք իջեցրել են հրաման՝ մի վերջին կռիվ տալ, պատերազմ տալ սեփական ժողովրդի դեմ: Սա այսօր պետական ողբերգություն է».-իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:



Ժիրայր Սեֆիլյանն էլ պնդեց, որ եթե իրենք թվաքանակով քիչ են, չի նշանակում, որ դադարեցնելու են իրենց պայքարը. «Եթե այսօր մեր սպասած բանակն այստեղ չի, չի նշանակաում, որ մեր պայքարը կանգնելու է, մենք անպայման մեր նպատակին հասնելու ենք: Գուցե մենք որպես կազմակերպիչներ ունենք թերություններ, ունենք սխալներ, գուցե այդ պատճառով է, որ մեր մոբիլիզացիան տեղի չի ունենում, կուղղենք այդ սխալները, բայց ոչ ոք թող չկասկածի, որ մենք այս ուղուց հետ ենք կանգնելու»:



Ելույթներից հետո սահմանադրական փոփոոխությունների դեմ պայքարող Հանրապետական կուսակցության «երդվյալ թշնամիները» շարժվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ ըստ ցուցարարների` հենց այդ պահին կեղծվում են հանրաքվեի արդյունքները: Ցուցարարներին «ուղեկցում էին» մեծ թվով ոստիկաններ: Մարդիկ երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, մարդկանց առաջնորդում էին Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ հետ, Զարուհի Փոստանջյանը, Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը: Մոսկովյան պուրակում ԿԸՀ-ի «երեսը տեսնել» չհաջողվեց, քանի որ ինչպես սպասվում էր, ոստիկաններն արդեն հասցրել էին փակել ճանապարհը:



Անդրիաս Ղուկասյանը պահանջեց՝ կամ  ոստիկանները պետք է բացեն ճանապարհը, կամ էլ ԿԸՀ որևէ ներկայացուցիչ պետք է ներկայանա: Բավականին երկար սպասելուց հետո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ 20 րոպեից ԿԸՀ ներկայացուցիչ կմոտենա, սակայն ցուցարարների դիտարկմամբ սա ճանապարհ էր իրենց Մոսկովյան պուրակում պահելու համար, որոշում ընդունեցին երթով վերադառնալ Ազատության հրապարակ, հայտնելով որ էլի «կայցելեն» ԿԸՀ: Այս պահին ցուցարարները գտնվում են Ազատության հրապարկում: