Հաջորդ ԱԺ-ի ուղիղ կեսը կլինեն կուսակցություններին «տոկոս ապահովողները»

Հաջորդ ԱԺ-ի ուղիղ կեսը կլինեն կուսակցություններին «տոկոս ապահովողները»

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն մի կերպ պատմության գիրկն ուղարկելուց հետո ՀՀ իշխանությունները լծվել են նոր Ընտրական օրենսգրքի ստեղծման գործին: Այն պետք է ապահովի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացումը սահմանադրական նոր դրույթների համաձայն։ Իսկ ԸՕ մշակման գործընթացը մոտ ապագայում հաստատ դառնալու է իշխանության եւ ընդդիմության հերթական կռվահարթակը:



Տեղեկացանք, որ իշխանություններն արդեն իսկ ունեն փոփոխությունների «բազային տարբերակ»։ Դրա հեղինակները սահմանադրագետներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանն են, որոնք տարեվերջին հանդիպումներ են ունեցել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հետ, լսել նրանց տեսակետները: Չնայած լուրերին, թե իշխանությունը որոշել է «մենակով» իրականացնել գործընթացը, կառավարությունը նախագիծը պետք է ներկայացնի խորհրդարան, որտեղ քննարկման ընթացքում էլ կլսեն ոչ իշխանականներին ու կընդունեն նրանց «անշառ» առաջարկները: Բայց, հասկանալով, որ դրանից կարող է մեծ աղմուկ բարձրանալ ու հասնել մինչեւ անգամ եվրոպական կառույցներ, կարծես թե փոշմանել են:



Ըստ ամենայնի՝ փետրվարին, երբ կմեկնարկի գարնանային նստաշրջանը, ԱԺ նախագահը կամ գլխադասային համարվող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհայտարարեն փոփոխությունների մեկնարկի մասին, որից հետո աշխատանքային խումբ կձեւավորվի՝ բաղկացած օրենսդիրում ներկայացված բոլոր ուժերից, որոնք կանցնեն նոր ԸՕ-ի ձեւավորման գործին: Այդուհանդերձ, հիմա արդեն որոշակիություն է նկատվում՝ իշխանությունները չեն պատրաստվում միլիմետր իսկ շեղվել իրենց ընտրած դրույթներից։



Գուցե, տուրք տալով քննադատություններին, եւ-ը փոխարինեն ու-ով, բայց ընդդիմադիրների էական առաջարկներն այս անգամ էլ կմնան թղթի վրա:
Այժմ քննարկվում է էլեկտրոնային քվեարկության տարբերակը, որը գրեթե ռեալ է համարվում։ Այդ տարբերակի իմաստը հետեւյալն է․ այն բացառապես իրականացվում է կենսաչափական քարտերով եւ մատնահետքերով:



Ընտրատեղամասերում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության եւ ընտրական հանձնաժողովի միջեւ. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը եւ տրամադրում կտրոն, որի հիման վրա ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ: Ընտրական պրոցեսն սկսվում է հետեւյալ կերպ. քաղաքացին, մուտք գործելով ընտրատեղամաս, ներկայացնում է իր կենսաչափական նույնականացման քարտը եւ մատը դնում համապատասխան սարքի վրա, որը ցույց է տալիս վերջինիս նկարն ընդհանուր էկրանի վրա, ինչպես նաեւ տպում կտրոն՝ տվյալ անձի բիոմետրիկ տվյալներով: Եթե անձն այդ օրն արդեն քվեարկել է, ապա սարքն ընդհանուր մոնիտորի վրա ցույց է տալիս, թե այդ անձը երբ եւ որտեղ է քվեարկել:



Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձինք էկրանի միջոցով հավաստիանում են, որ դրա վրա արտացոլված եւ ներկա անձը նույնական են, եւ կասկածներ չեն առաջանում, օրինակ` մահացածների կամ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ: Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին եւ ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը: Քվեարկության ավարտից հետո քվեատուփն ավտոմատ հրապարակում է ընտրությունների արդյունքները եւ տպում արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որտեղ նշված է, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել, եւ քանի անվավեր քվեաթերթիկ կա արկղում, ինչից հետո, համաձայն օրենքի, քվեատուփերը բացվում են, եւ քվեաթերթիկների քանակը մեկ անգամ եւս հաշվում են՝ դրանք համեմատելով էլեկտրոնային քվեատուփի հաշված տվյալների հետ:



Այս տարբերակը գործում է որոշ երկրներում, իսկ անցած տարվա նոյեմբերին կիրառվեց նաեւ Ղրղզստանում՝ արժանանալով միջազգային կառույցների բարձր գնահատականին:



Ուշագրավ է, որ այս տարբերակն օրերս հրապարակած առաջարկություններում ներկայացրել են եւ ՀԱԿ-ը, եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը: Ըստ տեղեկությունների, ՀՅԴ-ն եւս տարեվերջյան հանդիպման ժամանակ սահմանադրագետներին է ներկայացրել էլեկտրոնային քվեարկության առաջարկը:



Տեղեկություններ կան նաեւ, որ արդեն իսկ լուծված է միջազգային դոնոր կազմակերպությունների հարցը, որոնք կֆինանսավորեն այս մեխանիզմի կիրառումը Հայաստանում։ Այն հսկայական գումարներ է պահանջում, թե կոնկրետ որքան՝ դեռեւս հայտնի չէ: Սակայն սույն մեխանիզմի կիրառումը ենթադրում է համատեղ ուժերով ընտրացուցակների մաքրում, որը թույլ չի տա մահացածների եւ երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները եւ լցոնումները: Հենց այս հարցերում է, որ իշխանությունները կոմպրոմիսի չեն գնա ընդդիմության հետ, որպեսզի հնարավոր լինի իրենց «սեւ գործն» անել։ Օրինակ, ՀԱԿ-ն առաջարկում է, սույն խնդիրը կարգավորելու համար, հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունն ստացած Վրաստանի 2011-2012 թթ. փորձը, ստեղծել իշխանությունների եւ ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման, մաքրման աշխատանքով: Իշխանական օղակներից պնդում են, որ դա բացառված է: Իշխանությունը չի ընդունի նաեւ ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակների հասանելիության հարցը, որը կրկին առաջարկել է ՀԱԿ-ը: Իշխանությունը թիզ անգամ չի զիջելու այն հարցերում, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Օրինակ, ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում: Վստահված անձանց իրավունքների հարցը թեժ բանավեճերի առիթ կդառնա: Ինչպես ասացինք, կոմպրոմիս չի լինի ցուցակների մաքրման, հետո ընտրողների ցուցակների հրապարակման, եթե էլեկտրոնային տարբերակը չգործի, նաեւ մատի թանաքոտման հետ կապված, որոնք ընդդիմադիրների սկզբունքային առաջարկներից են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կայուն մեծամասնություն ապահովելու 50+3 բոնուսային տարբերակին է նախապատվությունը տրվելու, այսինքն՝ կոալիցիա կազմող ուժերի թիվը սահմանափակվելու է առնվազն 3-ով։ Իսկ ռեյտինգային քվեարկության դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, կգործի 50/50 համամասնությունը։ Այսինքն, սահմանային շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությունից ԱԺ կմտնեն կեսը քաղաքական ցուցակից, մյուս կեսը՝ ռեյտինգով քվեարկվածներից։ Այնպես, որ խորհրդարանի ուղիղ կեսը կլինեն «տոկոս ապահովողները», ինչը նշանակում է մի կողմից անցնել համամասնականի ձեւին, մյուս կողմից՝ պահել ու ընդլայնել բովանդակությամբ մեծամասնականների թիվը: Եթե նախորդ խորհրդարանում ընդամենը 41 մեծամասնական տեղ գոյություն ուներ, ապա ապագայում առնվազն 50 տոկոսն է լինելու, միայն թե այդ թիվը բաշխվելու է բոլոր ուժերի միջեւ, եւ ոչ թե գլխավորապես ՀՀԿ-ից են լինելու: