Հրանոթի արկը էլեկտրասյուն է վնասել Իրանի տարածքում

Հրանոթի արկը էլեկտրասյուն է վնասել Իրանի տարածքում

Ինչպես փոխանցում է parstoday.com-ի հայերեն ծառայությունը, Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալն ասել է, որ ԻԻՀ սահմանապահ ուժերը պատրաստ են կտրուկ և ջախջախիչ պատասխան տալ Իրանի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:



Թավրիզից «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ լրագրողներին տված ճեպազրույցում Սաաիդ Շաբեսթարին անդրադառնալով շաբաթ օրվանից Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ուժերի միջև ընթացող բախումներին հայտնել է.-«Բախումները տեղի են ունենում հակամարտող ուժերի տարածքների խորքերում և դեռ շարունակվում են»:



Նա տեղեկացնելով որ շաբաթ ապրիլի 2-ի առավոտյան հրետանու արկեր են պայթել Իրանի Խոդաաֆարին գավառի գյուղերից մեկում, ասել է.- «Բարեբախտաբար ականի պայթյունը մարդկային կամ նյութական կորուստներ չի պատճառել, միայն շրջվել է էլեկտրական սյուներից մեկը և հոսանքազրկվել է այս տարածքը»:



Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալն ասել է, որ դեպքի հետևանքով նահանգի սահմանապահ ուժերի առաջարկությամբ հանդիպում է տեղի ունեցել Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ուժերի պաշտոնատարների միջև: Հանդիպման ընթացքում ԻԻՀ սահմանապահ ուժերի կողմից խիստ դիտողություն և պաշտոնական զգուշացում ստանալուց հետո, հակամարտ կողմերը հանձնառություն են ստանձնել զերծ մնալ նման դեպքերի կրկնությունից: