Ահազանգ

Ահազանգ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) գրավոր դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երեւան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ կազմակերպության կողմից վերջին օրերին ստացված ահազանգերի մասին: Ըստ ստացված տեղեկությունների՝ դրամահավաքը կազմակերպվում է, մասնավորապես, Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական եւ թիվ 174 հիմնական դպրոցների ավարտական դասարաններում (4-րդ, 9-րդ եւ 12-րդ) «տնօրենին տալու», ինչպես նաեւ քննական առարկաները նույն դպրոցի ուսուցիչների մոտ նախապատրաստվելու նպատակով: ԹԻՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում, որ այս արատավոր երեւույթն առկա է հանրապետության մյուս դպրոցներում եւս: