Երեխաների պաշտպանության օրը Աբովյան քաղաքում անկրկնելի տոն դարձավ

Երեխաների պաշտպանության օրը Աբովյան քաղաքում անկրկնելի տոն դարձավ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվան համահունչ Աբովյանում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցան բազմազան միջոցառումներ: Վերջիններիս ներգրավվեցին բազմաթիվ երեխաներ ինչպես Աբովյան քաղաքից, այնպես էլ Կոտայքի մարզի այլ բնակավայրերից: Աբովյանում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեց նաև Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը` ողջունելով և շնորհավորելով փոքրիկներին:



Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը ողջունեց ներկաներին` շնորհավորելով բոլոր մանուկներին լուսավոր տոնի առթիվ: Քաղաքապետը իր երախտագիտությունն արտահայտեց Գ. Ծառուկյանին` նկատելով, որ որպես Աբովյանի պատվավոր քաղաքացի` նա մշտապես աջակցում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը: Վ. Գևորգյանը փոքրիկներին մաղթեց հեքիաթային ու անամպ մանկություն:



Հավելենք, որ Աբովյանի թատրոնի հարակից` Կարուսելների հրապարակում կայացած միջոցառման մեկնարկը տրվեց գունավոր կավճանկարչությամբ, որին հաջորդեց համերգային ծրագիր: Վերջինիս մասնկացեցին նաև երեխաների կողմից սիրված բազմաթիվ մուլտհերոսներ: Փոքրիկները մեծ խանդավառությամբ խաղում և լուսանկարվում էին իրենց սիրելի հերոսների հետ: Երեխաների համար նախատեսված համերգային ծրագրին մասնակցեցին նաև «Նազենիկ» ու «Ժպիտ» պարային համույթները և այլ երաժշտական խմբեր: Համերգային ծրագիրն ընդմիջվում էր ինտերակտիվ խաղերով և առաջադրանքներով, որոնց ներգրավվում էին մանուկները, իսկ հաղթողներն էլ արժանանում մրցանակների: Երեխաները հաճույքով վայելեցին անվճար ատրակցիոնները, հյութն ու պաղպաղակը:



Համերգային ծրագիրը շարունակվեց ամբողջ օրը` մեծ բավականություն պատճառելով թե’ մանուկներին, թե’ նրանց ուղեկցող ծնողներին: երեխաների տոնին նվիրված միջոցառումներն Աբովյանում շարունակվեցին ողջ օրը:



Նելլի Կարապետյան