Կուռքեր մի սարքեք

Կուռքեր մի սարքեք

Եզակի ազգ ենք կուռքեր սարքելու եւ տապալելու հարցում։ Մեկ էլ տեսար՝ ոչնչից հերոս կերտեցինք, նրա հետ կապեցինք մեր բոլոր դարավոր հույսերը, նրա ուսերին բարդեցինք մեր բոլոր հույզերը, առանց որեւէ հիմքի հերոսացրինք, սիրունացրինք ու մի բարձր պատվանդանի վրա դրեցինք՝ սպասելով, որ կարդարացնի մեր ակնկալիքներն ու մեզ կառաջնորդի դեպի լուսավոր ապագա։ Իսկ մի գեղեցիկ օր, ինչպես անսպասելիորեն ու անհիմն հերոսացրել էինք, նույնքան անհիմն ու անսպասելի վայր կնետենք պատվանդանից, կկոխկրտենք ու կսեւացնենք։ Նման հերոսացման, ապա դափնեզրկման փուլեր մեզանում շատ գործիչներ են անցել․ Կարեն Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Բաբայան։ Սա, հավանաբար, անցումային շրջան ապրող, չկայունացած հոգեւոր ներաշխարհով եւ ներկայի ու ապագայի հետ կապված իր տեսլականը չհստակեցրած ազգերին է բնորոշ։ Ընդ որում, տարօրինակն այն է, որ գահընկեց ենք անում ոչ այնքան որոշակի արարքների՝ վրիպումների ու սխալների համար, որքան նույն այն արարքների, որոնց համար ժամանակին փառաբանել էինք։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, օրինակ, ժամանակին մերժեցին տոտալիտար երկրի ղեկավար լինելու համար, հետագայում՝ հենց նույն պատճառով սկսեցին մեծարել ու գնահատել։ Տարիներ շարունակ «Լեւոն, հեռացիր» բղավող բազմությունը մի գեղեցիկ օր սկսեց էյֆորիա ապրել Տեր-Պետրոսյանի՝ հարթակում հայտնվելուց, պաշտել ու գովերգել նրան, նրա ելույթները, նրա մտքի ճկունությունը։ Սամվել Բաբայանի դատավարությանը հետեւող ժողովուրդը մատը մատին չտվեց նրան պաշտպանելու համար, իսկ այսօր ոգեւորությունից շնչահեղձ է լինում նրա վերադարձի կապակցությամբ։ Նրանցից յուրաքանչյուրի մեջ ժողովուրդը փրկիչ է տեսել։ Իսկ փրկիչներ, ինչպես գիտեք, չեն լինում։