Գործից ազատվելուց առաջ Մովսեսյանը եղել է նախագահականում

Գործից ազատվելուց առաջ Մովսեսյանը եղել է նախագահականում

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի անարդյունավետ, վատ աշխատանքի մասին մամուլը վաղուց էր գրում։ Եվ ոչ միայն «բաց երկնքի» քաղաքականության ձախողումներն էին նրա գործունեության հետ կապվում։ Վաղուց խոսակցություններ էին տարածվում, որ ավիացիայի զարգացման համար պատասխանատու վարչությունն անմաքուր, կոռուպցիոն գործարքների է գնում լիցենզիաներ տրամադրելու համար, եւ սա նորություն չէր։ Տեղեկացված աղբյուրը վկայում է, որ անգամ աշխատողների քաղծառայության մրցույթներում «մաղարիչն» էր դեր խաղում։



Մովսեսյանին ժամանակ չեն տվել



Այնուամենայնիվ, ոչ ոք չէր սպասում, որ Արտյոմ Մովսեսյանին «կուղարկեն» նման անփառունակ ձեւով՝ մեկ օրում, առանց նախապես տեղյակ պահելու։ Փաստորեն, «Հրապարակն» Արտյոմի պաշտոնանկության մասին իմացել էր նրանից շուտ եւ ստիպված էր մի քանի օր նախատինքներ եւ վիրավորական արտահայտություններ ստանալ վարչությունից՝ այդ մասին գրելու համար։ Ինչեւէ, այսօր Մովսեսյանը հաշտ է իր ճակատագրի հետ եւ վարչությունում փիլիսոփայել է․ «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի եւ փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում»: Հնչել է գեղեցիկ, բայց ոչ համոզիչ։



Մեր տեղեկություններով, գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում կաշառք են պահանջել, արտասահմանցի գործընկերներն էլ զայրացել են, թե «դուք պետք է խնդրեք, որ գանք ձեր երկրում ավիաբիզնես անենք»։ Ապա հայտնել են այս մասին նախագահականում։ Այս ընկերությունը Հայաստանում աշխատել է 2005-2009 թվականներին, ապա տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցրել է թռիչքները ոչ միայն Երեւան, այլեւ Բրիստոլ, Ուֆա, Պորտլանդ։ Ըստ ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի, «Լյուֆթհանզան» ոչ եկամտաբեր ուղղություն էր ընտրել՝ Երեւան-Մյունխեն, որն իրեն չարդարացրեց։ «Շատ ավելի եկամտաբեր է Ֆրանկֆուրտի ուղղությունը, որը մենք ժամանակին բացեցինք»,- ասում է նա։ Մեր տեղեկություններով, իշխանությունները համոզել են գերմանացիներին վերադառնալ հայկական շուկա, սակայն Արտյոմ Մովսեսյանն ամեն ինչ փչացրել է։ Վերեւում էլ որոշել են, որ նա չի տիրապետում իրավիճակին, ինչը պաշտոնանկության բավարար պատճառ է։



Մովսեսյանը փողոց է նետել մեր օդաչուներին



Քաղավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Ռուբեն Գրդզելյանի համար, որը հերքում էր մեր լուրը Մովսեսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, նախկին պետի հեռացումը կատարյալ անակնկալ է եղել։ Վարկածը, թե վարչությունում գերմանական «Լյուֆթհանզա» ընկերությունից կաշառք են պահանջել Հայաստանի օդային տարածքում լիցենզիա տալու համար, նա անհավանական է համարում։ «Կարող եմ ասել, որ վերջին շրջանում մենք գերմանական «Լյուֆթհանզա» ընկերությունից լիցենզիա ստանալու հայտ չենք ունեցել»,- ասում է նա։ Քաղավիացիայի վարչության պետի պաշտոնանկությունը ավիացիային մոտ կանգնած մարդիկ, փորձագետները բնական են համարում։ Կարծիք կա, որ վերջին 10-12 տարիների ընթացքում պետը, ոչինչ չանելով, ուղղակի ոչնչացրել է հայկական ավիացիան, նվաստացրել եւ փողոց է նետել օդաչուներին, որոնցից շատերն էլ հեռացան Հայաստանից։ Մեր տեղեկություններով, կառավարական շրջանակներում գոհ չեն Արտյոմ Մովսեսյանից այն պատճառով, որ նրա անգործության պատճառով ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը գնային «բեսպրեդել» է իրականացնում Ռուսաստանի հայաշատ համայնքներ թռչելիս՝ Ստավրոպոլում եւ Կրասնոդարում։ «Ինքնաթիռի տոմսը Կրասնոդար մոտ 500 դոլար արժե, եւ չվերթը տեւում է մոտ 6 ժամ։ Մինչդեռ ավտոբուսով, եթե չլինեն սահմանակետերը, որոնք անցնելը շատ ժամանակ է պահանջում, Կրասնոդար կարելի է հասնել նույն ժամանակում՝ 6-7 ժամում»,- ասում է մեր աղբյուրը։ Մի խոսքով, պաշտոնանկության առիթները շատ են։ Արտյոմ Մովսեսյանը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր զանգերին, ուստի տեղեկությունները, որոնք ստացել ենք բացառապես սեփական աղբյուրներից, ստիպված ենք հրապարակել առանց նրա մեկնաբանությունների։



Մովսեսյանի հարցը դեռ նախորդ շաբաթ էր որոշված



Աշխատանքից ազատվելուց առաջ, նախօրեի երեկոյան, Արտյոմ Մովսեսյանին տեսել են նախագահականում, իսկ հունիսի 7-ին նա շամպայնով դիմավորել է քաղավիացիայի նոր պետին՝ Սերգեյ Ավետիսյանին, որը հունիսի 8-ին է նշանակվել այդ պաշտոնին։ Նորանշանակը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն է, նախկինում էկոնոմիկայի փոխնախարարն էր։ Իր հրաժեշտի լուսանկարները, որոնց վրա «լիաբերան» ժպտում է, տարածել է համացանցով մեկ, որ մարդիկ տեսնեն, որ ինքն ամենեւին էլ չի «կոտրվել», այլ, հակառակը՝ երջանիկ է հեռանում յուղոտ պաշտոնից։ Նրա պաշտոնանկության հարցը դեռ նախորդ շաբաթվա վերջին որոշված էր վարչապետի կողմից, որը բոլորից շատ էր դժգոհ Մովսեսյանից։ Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանի անվան հետ են կապում նոր ազգային փոխադրող «Armenia» ավիաընկերությունը, որը մեր շուկայում մրցակցության մեջ է հայտնվել ռուսական ավիաընկերությունների հետ։ Հովիկ Աբրահամյանը խիստ խոսակցություն է ունեցել Մովսեսյանի հետ։ Կառավարության ղեկավարն սպասել է, որ նախագահը վերադառնա ուղեւորությունից, եւ զեկուցել է նրան, որից հետո որոշվել է, որ Մովսեսյանը պետք է գնա։ Ասել են՝ ուրախ եղիր, որ թողնում ենք սեփական դիմումի համաձայն հեռանաս։ Սակայն պաշտոնանկությունների այս ձեւը վատ ավանդույթ է դառնում, երբ մարդը կարող է պետական պաշտոնին թալանել, հետո ծիծաղը դեմքին հեռանալ՝ առանց պատասխանատվության ենթարկվելու։ Միհրան Պողոսյանն այդպես հեռացավ, ՊՆ պաշտոնանկ գեներալները՝ Ալիկ Միրզաբեկյանն ու մյուսները՝ նույնպես, հիմա Մովսեսյանի հերթն է։



ՀԳ․ Երեկ հայտարարվեց, որ կրճատվելու են փոխնախարարների հաստիքներ՝ էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն արդեն իսկ կրճատվել է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ