Էկոնոմիկայի նախարարություն չունենք, սփյուռքինն էլ ավելորդ է

Էկոնոմիկայի նախարարություն չունենք, սփյուռքինն էլ ավելորդ է

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար, որի վերջին պետական պաշտոնը ՀՀ նախագահի խորհրդականն է եղել՝ 1998 թվականին, կառավարության կողմից հայտարարված ապարատի միջոցների կրճատումը մեծ ներկայացման մի մասն է։ «Փոխանակ հիմնական հարցը լուծելու, այն է՝ կառավարման արդյունավետության բարձրացումը, մենք ոչ մի արժեք չունեցող ցուցադրական քայլեր ենք անում։ Կառավարության արածը ոչինչ է,- ասում է նա։- Ժամանակին, որ ասում էինք՝ պետք չէ ուռճացնել կառավարման ապարատը, ոչ ոք չէր լսում։ 98 թվականի նախագահականը, որը պակաս արդյունավետ չէր աշխատում, համեմատեք այսօրվա ապարատի հետ։ Այսօր դա մի առանձին կառավարություն է՝ ավելորդ հաստիքներով»։ Ըստ Վահագն Խաչատրյանի, այսօր էլ պետական ապարատն ուռճացվում է։ Նա վերջին նշանակումներից է օրինակ բերում։ «Խոսրով Հարությունյանի որդուն նշանակեցին ԱԳ փոխնախարար՝ ներդրումների գծով։ Ինչո՞ւ ԱԳ նախարարի տեղակալը պետք է զբաղվի ներդրումներով։ Պետք է բարձրացնել այդ հարցը։ Կամ՝ ես համարում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունն իր այսօրվա գործառույթներով պետք չէ։ Ես պատկերացնում եմ այլ էկոնոմիկայի նախարարություն, որը կլինի կառավարության ուղեղը՝ ռազմավարություն մշակողը, գաղափարներ, մտքեր գեներացնողը, որի մեջ պետք է մտնեն նաեւ ֆինանսների նախարարության, հանրային ծառայությունների, այլ ֆունկցիաներ։ Մենք, կարելի է ասել, չունենք էկոնոմիկայի նախարարություն։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում»,- ասում է Վահագն Խաչատրյանը։



Նա ավելորդ է համարում սփյուռքի նախարարությունը, որն ԱԳՆ ֆունկցիա է կատարում, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը։ Ըստ Վահագն Խաչատրյանի, պաշտոնները մեզանում հաճախ ստեղծվում են ըստ քաղաքական նատակահարմարության։ «Օրինակ, գյուղնախարարն ինչո՞ւ 5 տեղակալ ուներ։ Որովհետեւ կոալիցիայի կուսակցությունները պետք է ունենային մեկ ներկայացուցիչ այնտեղ»։ Վահագն Խաչատրյանն առաջարկում է անարդյունավետ ծախսերը կրճատելիս հաշվի առնել մի որեւէ զարգացած երկրի փորձը։ «Կառավարման ստրուկտուրաներն սպասարկում են ավտոծառայությունները, որոնք մրցույթով են ընտրվում։ Նրանց նախարարություններն իջեցնում են պատվեր, իսկ սպասարկման արժեքը ժամավճարով է հաշվարկվում։ Ոչ թե վարորդներ են պահում, ավտոներ եւ այլն։ Այսկերպ նաեւ շուկան է զարգանում, աշխատատեղեր են ստեղծվում։ Աշխարհը բոլոր հարցերի պատասխանները տնտեսագիտորեն գտնում է շուկայում, մրցակցության մեջ։ Երբ դա չկա, մնացածը պետական, սովետական մոտեցումներ են, երբ «պադավատը», վարորդը, քարտուղարուհիները հավելյալ հատուցումներ են պաշտոնական դիրքի համար»,- ասում է Վահագն Խաչատրյանը՝ եզրակացնելով, որ մեզ մոտ տեսանելի եւ ընդգրկուն համակարգային ճգնաժամ է, եւ առանձին լուծումներն օգուտ չեն տալու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ