Սպորտի նախարարը՝ Արտյոմ Հակոբյանին խորհրդական նշանակելու մասին

Սպորտի նախարարը՝ Արտյոմ Հակոբյանին խորհրդական նշանակելու մասին

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը օրեր առաջ երկրից դժգոհող գրառում էր կատարել իր ՖԲ էջում՝ հայտնելով, որ պատրաստվում է ընտանիքով հեռանալ Հայաստանից։ Նրա գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցում։ Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ արտագաղթելու պատրաստ, այդ մասին աղմուկ-աղաղակ բարձրացրած ռեժիսորին պաշտոն են տվել։ Նա նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խորհրդական։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարար Ղազարյանից, թե ինչն էր պատճառը, որ Արտյոմ Հակոբյանին նշանակեց իր խորհրդական, և արդյոք դա կապ ունե՞ր նրա գրառման հետ։



«Բացարձակ, մենք շատ վաղուց համագործակցում ենք, և էդ խոսակցությունը վաղուց էր եղել, որ ինքը պետք է գա խորհրդական։ Դա նոր չի հասունացել»,-ասաց նա։



-Բայց նա պատրաստվում էր արտագաղթել Հայաստանից։



-Դա, էդ իրա հետ, խնդրում եմ, իմ հետ դա կապ չունի, ես չեմ կարող իր տեղը պատասխանել։ Ես գործնական բնույթով, բնականաբար, մի շարք ծրագրեր ունենք, որով մենք միշտ համագործակցում ենք, և ինքը հասարակական հիմունքներով խորհրդական է աշխատելու։



-Իսկ ի՞նչ տեսակի խորհուրդներ է տալու Ձեզ։



-Յա, էդ հերիք չի զանգահարել եք, հիմա էլ հարցնում եք...



-Ի՞նչ ոլորտի, ես նկատի ունեմ։



-Իր ոլորտի, ինքը պրոֆեսիոնալ է իր գործով, մենք բազում ծրագրեր ունենք, որոնք իրականացնում ենք նաև այ էդ ուղղությամբ։



-Այսինքն՝ վստահեցնում եք, որ որևէ առնչություն չունի՞ այս նշանակումը նրա գրառման հետ, և հիմա եթե ես էլ, օրինակ, բողոքեմ այս երկրից, ինձ որևէ մեկը չի՞ նշանակի խորհրդական, օրինակ՝ Ձեզ մոտ։



-Բացարձակ։ Դա շատ վաղուց էր այդ խոսակցությունը, որ պետք է գար խորհրդական, դա նոր չի։



 



Հ.Գ. Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը հետևյալն էր.




«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան՝ չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը: Հ.Գ. Էս ցուցակն անվերջա, բայց էսքանն արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ