Երրորդ տարբերակը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին այլընտրանք

Երրորդ տարբերակը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին այլընտրանք

Երեկվանից ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Hraparak.am-ին այսօր ասաց, որ այս պահին քննարկվում է Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակի հարցը։ Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից որոշակի տեղաշարժ, կարծես թե, նկատվում է այս հարցում։ Ավետիսյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում այդ երրորդ տարբերակը։ Այսինքն՝ դա կարո՞ղ է այլընտրանք հանդիսանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի, Ավետիսյանն ասաց, որ այդ երրորդ տարբերակն իրենց համար ոչ պակաս արժեք ունեցող մի բան է, մնացածը թող ընթերցողն ինքը եզրակացնի՝ ինչ կարող է լինել։



Այս հարցով զրուցեցինք նաև նույն խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հետ։



-Պարոն Մանուկյան, արդյոք Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած այդ երրորդ տարբերակը հնարավո՞ր է իրագործվի։



-Քննարկման փուլում է, հնարավորություն կա, կլինի, կլինի, չի լինի, չենք նեղանալու։



-Իսկ կարո՞ղ եք մանրամասնել՝ երրորդ տարբերակն իրենից ի՞նչ է ներկայացնում։



-Դեռ քննարկման փուլում է, չեմ կարող ներկայացնել։



-Արդյոք դա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին այլընտրա՞նք է լինելու։



-Կարծում եմ, հավանականությունը շատ մեծ է, դժվարանում եմ ասել, բայց մոտ է։



-Այսինքն՝ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չլինի, բայց այնպիսի լուծում լինի, որը ձեզ ձեռնտու՞ լինի։



-Հավանական է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ