Չարենցավանի երիտասարդները հատուկ ծրագրով այցելեցին մերօրյա հերոսներին (ֆոտոշարք)

Չարենցավանի երիտասարդները հատուկ ծրագրով այցելեցին մերօրյա հերոսներին (ֆոտոշարք)

Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության (ԵՈՒՀԿ) անդամներն այս օրերին այցելեցին ՀՀ մի քանի զորամասեր՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացնելով «Մերօրյա հերոսներ» ծրագիրը։



«ԵՈւՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ քննարկելով 2016 թվականի տարեկան ռազմավարական պլանը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակների սահմանի լարվածությունը, միևնույն ժամանակ խիստ կարևորելով հայ զինվորի ազգասեր և հայրենասեր գործը, որոշեցինք 2016 թվականի օգոստոս ամսին նախաձեռնել «Մերօրյա հերոսները» խորագրով հայրենասիրական ծրագիրը: Խորհրդի նիստին մասնակցում էին ԵՈՒՀԿ-ի խորհրդի անդամները, ինչպես նաև ողջ ակտիվ երիտասարդական խումբը: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը քննարկվեց նաև ԵՈՒՀԿ-ի հերթական զորամասեր այցելությունների ժամանակ, երբ ԵՈՒՀԿ-ն իր քաղաքացիական պարտքն էր կատարում Հայաստանի Հանրապետության սահմանը պահող հայ զինվորի հանդեպ և հերթական օգնությունն էր ուղարկել առաջնագիծ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Չարենցավանի ԵՈւՀԿ նախագահ Գառնիկ Բեգլարյանը։



Նա նշեց, որ ծրագիրն իրականացվել է երկու փուլով, որից մեկն իրականացվեց օգոստոսի 2-ին Գյումրու զորամասերից մեկում։ Նրանք Գյումրու զորամաս էին այցելել՝ հաշվի առնելով Գյումրու առանձնահատկությունները և այն փաստը, որ Գյումրին այսօր փայլում է ո՛չ միայն իր մշակութային, մարզական ու երիտասարդական նախաձեռնություններով, այլև հայտնի դարձավ իր հայրենասեր և մեծ պատվախնդրություն ու եռանդ ունեցող հայորդիներով:



Չարենցավանից ժամանած մշակութային երիտասարդական խումբը զորամասում կազմակերպել է ազգագրական և հայրենասիրական համարներով մշակութային ծրագիր: Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողներն իրենց երգ ու պարով: Համերգային ծրագրի ավարտին զինվորներին հանձնվել են նվերներ (հագուստ, հիգիենայի պարագաներ, գրքեր): Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղ։



Օգստոսի 10-ին էլ Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության անդամները եղան Դիլիջանի N զորամասում՝ իրականացնելով կրկին նույն առաքելությունը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ