«Տարածքներ՝ Արցախի դիմաց» կարգախոսը թույլի կարգախոս է․ Վահան Բադասյան

«Տարածքներ՝ Արցախի դիմաց» կարգախոսը թույլի կարգախոս է․ Վահան Բադասյան

Այսօր Շուշիում ստորագրված հռչակագրի վերաբերյալ քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ մեր իշխանությունների նկատմամբ չկա վստահություն, չկա դիվանագիտական ջանք՝ ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ հայկական դիվանագիտությունը ՌԴ-ի պոչից է գնում։ Նա տարակուսում է, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է եւ ակնհայտ արտահայտում է իր դիրքորոշումը, չեզոք չի պահում իրեն։



Արցախցի հրամանատար Վահան Բադասյանն ասաց, որ այսօր միակ տեսակետն այն է, որ պետք է զիջում չլինի։ Նա ասաց, որ սոցհարցում են կատարել հասարակության շրջանում, որպեսզի մարդիկ զիջումների կողմնակից լինեն, սակայն 95տոկոսը դեմ է արտահայտվել զիջմանը։ Վահան Բադասյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը փորձել է զինվորականության, տարբեր գործիչների շրջանում համոզել, որ առանց զիջումների հնարավոր չէ հարցը կարգավորել։ Նա հիշեցրեց, որ 88-ին մեր ողջ ժողովուրդն Արցախի համար է ոտքի կանգնել, զոհեր տվել։



«Մենք պետք է իմանանք, որ միշտ ուժի հետ են հաշվի նստում, որովհետեւ Արցախում հայությունը միավորվել էր»,- ասաց Վահան Բադասյանը։ Նա ասաց, որ պետք է ուժեղ բանակ ստեղծել, իսկ «տարածքներ՝ Արցախի դիմաց» կարգախոսը թույլ մարդու կարգախոս է։ Այս ամենի համար, ըստ նրա, պետք է լինի իշխանափոխություն։
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ քսան տարուց ավել է, ինչ փորձում են ներարկել նույն բանաձեւը՝ տարբեր ձեւակերպումներով։ Նա հիշեցրեց, որ մեր պետականության ողնաշարը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է եւ ջարդել այդ ողնաշարը, նշանակում է, որ Արցախյան պատերազմում ունեցած զոհերն անիմաստ են։ Նա մտահոգություն հայտնեց, որ քաղաքական ուժերը անտարբեր են դարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նկատմամբ։ Նա ասաց, որ մեր դաշնակիցը սանձարձակ վերաբերմունք ունի մեր նկատմամբ, եւ դա մեր իշխանության մեղքն է։
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության նախագահ Արմեն Աղայանն ասաց, որ 2001թ․ մենք չունեինք այն միասնական դիրքորոշումը տարածքները չհանձնելու վերաբերյալ, ինչ ունեինք այսօր։



Ըստ նրա՝ նոր սահմանադրությամբ կոլեկտիվ անպատասխանատվություն է ստեղծում, որը եթե զուգակցենք պատերազմական իրավիճակի հետ, ապա կարող ենք կանգնել լուրջ խնդիրներ։ Նա ասաց, որ կոչ է անելու, որ Արցախը որպես 14-րդ ընտրատարածք, մասնակցի ընտրություններին։Արմեն Աղայանն ասաց, որ պետք է ձեւավորել տարածք չհանձնողների ցուցակ։



Երաժիշտ Արտավազդ Բայաթյանն ասաց, որ մեր ամենամեծ սխալն այն էր, որ մենք ունեցանք երկու հայկական պետություն։
Արցախից ժամանած Վաչագան Զաքարյանը նկատեց, որ եթե լուծվի էլ Արցախի կարգավիճակի հարցը, ապա դրանից հետո էլ Ադրբեջանը շարունակելու է հարձակվել Արցախի վրա։



Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո պատասխանատվության հարցը պետք է քննարկվի։ Նա ասաց, որ հիմա մոդայիկ է դարձել տարբեր պետություններին քննադատելը, սակայն սլաքը պետք է ուղղել իշխանություններին։ Ի վերջո, ըստ նրա, մենք չենք ապրում 19-րդ դարում, եւ ունենք հետախուզություն։ Նա ասաց, որ հասարակության մեջ կա դատապարտվածություն, եւ իշխանությունները պատրաստվում են տարածքների հանձնմանը։ Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց, որ պետք է փոխվի իշխանությունը, եւ ժողովուրդը պետք է պատրաստ լինի դուրս գալ հրապարակ, պահանջել իշխանություն։ Նա հայտարարեց, որ կուսակցություններից պետք չէ ունենալ սպասելիքներ։



«Ես առաջարկում եմ մտածել այս ուղղությամբ, թե երբ ենք դնում այս իշխանությունների հարցը»,- ասաց ազատամարտիկը։