Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Անուշ Սեդրակյան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Անուշ Սեդրակյան

Hraparak.am-ի՝ «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Այս անգամ մեր ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:



Հագուստի մասին



Չգիտես ինչու մեր իրականության մեջ ոճաբանը ջղայն, ուսուցչի կերպարով է հանդես գալիս: Ասելով ոճաբան` պատկերացնում ենք շատ խնամված և ճաշակով հագնված մի աղջիկ, ով կգա քո տուն, կթափի քո բոլոր զգեստները, կնախատի քեզ վատ ճաշակի համար, հետո քեզ հետ կգա խանութ և կստիպի առնել միայն այն, ինչ իրեն է դուր գալիս` բացարձակ հաշվի չառնելով քո կարծիքը ու նախապատվությունը: Կարծում եմ` այս պատկերացումը թելադրված է ոճի և կերպարանափոխության մասին հեռուստահաղորդումներով, բայց իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է իրականում անում ոճաբանը. Փորձում է հասկանալ, թե դուք ինչ պայմաններում եք աշխատում, կա՞ աշխատանքային դրեսս-կոդ թե՞ ոչ, ինչպե՞ս եք անցկացնում ձեր հանգիստը, ի՞նչ ոճ եք նախընտրում ու ինչքանո՞վ է այդ ոճը գեղեցկացնում ձեզ: Մի խոսքով, եթե դուք ձեր կյանքը չեք պատկերացնում առանց կարճ կիսաշրջազգեստների, ոճաբանի առաքելությունը ոչ թե ձեզ հանդիմանելն է, այլ գտնել այն երկարությունը ու ձեւը, որը կընդգծի ձեր գեղեցկությունը և կգոհացնի ձեզ, այլ ոչ թե փորձել փոխել ձեր ճաշակը: Ոճի մասին մեր հերոսուհին` Անուշ Սեդրակյանը, այս իմաստով շատ հետաքրքիր է, քանի որ նկարներում առկա են երկու տարբեր կնոջ ոճ: Առաջինը առատ դեկորի սիրահար, միջին տարիքի կին է, ով կարծում է, եթե մի զգեստի շրջանակներում համադրվեն բոլոր արդի թրենդները, ապա դա կգեղեցկացնի իրեն: Երկրորդը շատ պարզ, սպորտային մինիմալիզմի երկրպագու երիտասարդ աղջիկ: Անկեղծ այս հակասութունը ինձ զարմացնում է: Եթե փորձել աշխատել առաջին տիկնոջ ոճի վրա, ես խորհուրդ կտայի մի լուքում մեկ կամ երկու ակցենտ ընտրել, եթե հագուստը արդեն իսկ զարդարված է ցեպերով, գրպաններով, փորերով կամ բարդ օձիքով, արժի հրաժարվել բոլոր տեսակի զարդերից կամ շատ պարզ փոքր ու աննկատ զարդերին նախապատվություն տալ: Եվ, հակառակը պարզ զգեստը կարելի է գեղեցկացնել ճոխ զարդերով: Ինչ վերաբերում է հենց հագուստի դեկորին` փոռիկներ, վալաններ, կարճ բոլերոններ ցանկացած կնոջ ավելորդ տարիք են տալիս` մի տեսակ հուշելով, որ մոդայիկ են եղել 90-ականներին, հետևաբար այն ժամանակից ի վեր մնացել են զգեստապահարանում: Այ իսկ ֆոտոներում մինիմալիզմ նախընտրող աղջկան ես շատ հավանեցի, կարծում եմ, եթե այդ սպորտային ոճը աշխատանքից դուրս է կիրառվում, ապա շատ տեղին է, պարզ, միագույն զգեստները, գեղեցիկ բիժուտերիաներով համադրված հաջող ընտրություն են:











Սանրվածքի մասին



Ասում են, երբ կինը սանրվածք է փոխում, դա նշանակում է` նա ձգտում է կյանքում փոփոխություններ կատարել: Տիկին Անուշը նախանձելի հետևողական է այս հարցում, միշտ հավատարիմ իր երանգին: Նարնջագույն մազերը ունեն մի թերություն, եթե դիմահարդարումը բացակայում է, ապա նրանք դեմքին հողագույն երանգ են տալիս և հոգնած տեսք, հետևաբար պահանջում են մաշկի անթերի գույն, ինչը ցավոք միայն գովազդային հոլովակներում է հնարավոր: Երկարությունը և ձևը ճիշտ են ընտրված և սազում են տիկին Սեդրակյանին:











Դիմահարդարման մասին



Զարմանալի է, բայց տիկին Անուշը գրեթե չի օգտագործում շպար, իհարկե ավելի լավ է հրաժարվել դիմահարդարումից, քան այն անհմուտ կիրառել, բայց տարիքի հետ շատ դժվար է պահպանել դեմքի գեղեցիկ երանգը ու թարմությունը, իսկ լավ տոնային քսուկը ու կարմրաներկը ամենալավ օգնականներն են այս գործում: Ինչ վերաբերում է բարակ ունքերին, չոլկան լավ ելք է, բայց խորհուրդ կտայի ամեն դեպքում ունքերը ևս ներկել. մազերի երանգի կամ մի քիչ ավելի մուգ ներդաշնակ տեսք ունենալու համար: Եվ բաց վարդագույն շրթներկերը ճիշտ ընտրությունն են տիկին Անուշի դեպքում:









Զարդերի մասին



Զարդերը մեկ ընդհանուր կանոնին պետք է ենթարկվեն` էժան տեսք չունենան, եթե զարդին նայելիս ձեր մոտ մտավախություն է առաջանում, որ դրանք գետնանցումից են գնված, այդպիսինի տեղը աղբաման է: Բարեբախտաբար Հայասանում շատ են ձեռքի աշխատանքի գեղեցիկ և ինքնատիպ զարդերը, հետևաբար արժի հրաժարվել չինական երկու կոպեկանոց բիժուներից և սատարել տեղական արտադրողին: Եվ, վերջում, ես իհարկե հասկանում եմ, որ բնապահպանական նկատառումներից ելնելով` մորթե իրերից հրաժարվելը ամեն մարդու անձնական գործն է, բայց եթե անգամ, մի կողմ դնենք էթիկայի հարցը, մորթե իրերը (կամ արհեստական մորթին) պետք է լինեն անթերի, եթե մուշատկի մորթին արդեն իսկ խճճված է և գույնը փոխել է, անկախ գնից` արժե հրաժեշտ տալ դրան:











Մեր շարքի շրջանակներում նախկինում անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին, երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանին, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին,ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նախկին ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին, «Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին, Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին: