Մատնագրի ժանրը՝ Slaq.am-ում

Մատնագրի ժանրը՝ Slaq.am-ում

Հարյուր հազարավոր հայեր են բռնադատվել Ստալինի ժամանակներում: Նրանցից շատերը մաշվել անհետացել են անծայրածիր Ռուսաստանի հեռուներում, առավել «վտանգավորները» հենց բանտերում են մորթվել՝ Եղիշե Չարենց, Ակսել Բակունց...



Օրերս Մոսկվայում ձերբակալվել էր հոր շիրիմին այցի գնացած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Պատճառը՝ Ստալինի (Պուտինի՝ էական չէ) քիմքին ոչ հարիր նրա աշխարհայացքն է, տեսակետը, կարծիքը, ելույթները, վերլուծությունները: Չեմ համարձակվի պնդել, որ Ստեփան Գրիգորյանը մեր ամենահակառուս քաղաքագետն է: Ամեն դեպքում՝ նրա ձերբակալությունը Մոսկվայում ահազանգ է մյուսների համար, օրինակ՝ Ստյոպա Սաֆարյանի, որ մի ամբողջ ինստիտուտ է աշխատացնում՝ ոչ ռուսանպաստ վերլուծություններ թողարկելու համար:



Եթե իմ կարծիքը կուզեք իմանալ, ապա ասեմ՝ լավ է անում՝ աշխատացնում է, լավ է անում՝ վերլուծություններ է թողարկում, հրաշալի է, որ իր վերլուծություններով պեղում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոչ դաշնակցային ծալքերը: Եվ, առհասարակ, Հայաստանը, ազատ երկիր է, որտեղ մարդը կարող է իր տեսակետը բաց արտահայտել:



Ո՞ւր է ՀՀ արտգործնախարարության նոտան՝ ՀՀ քաղաքացի Ստեփան Գրիգորյանին ձերբակալելու առնչությամբ: Չկա: Պլոճիկ էր պետք դրա համար: Չկա: Եվ երբ պետությունն է այսպես անտեսում իր զավակներին, վերջիններիս ճակատագրով սկսում են զբաղվել ռուսալեզ տականքները, ովքեր իրենց սեփական կայքերում միտումնավոր ռուսերեն մատնագրեր են հրապարակում հայ քաղաքական գործիչների և քաղաքագետների մասին: Ես հիմա որևէ տարակույս չունեմ, որ նման մի ուռոդի հրապարակումից հետո, Պուտինի սև ցուցակում է հայտնվել նաև Ստյոպա Սաֆարյանը:



25 տարվա անկախության ճանապարհ ենք անցել, որ հասնենք Մենուա Հարությունյանի նման տականքների ժամանակները: Փուչ աշխարհ: Եվ այս ուռոդը, կարծեմ, ՀՀԿ-ական է, նժդեհական՝ այսինքն: Բա տիրություն արեք սրա խելքին: Սա այն նույն Մենուան է, որին Նեմեց Ռուբոն չափալախել է: Վատ է չափալախել: Սրա յոթն ու քառսունքը մի տեղ պետք է արվեր, երբ համացանցում հայտնվեցին նրա ջերմ լուսանկարները մի ուրիշ ուռոդի հետ՝ ոմն Անդրանիկ Նիկողոսյանի, որ Հայաստանը դարձնում էր «պուտինկաների» երկիր:



Այդ դեգեներատը խոսում է Հայաստանում արևմտյան ինչ-ինչ գրանտներից սնվող և հակառուսական տրամադրություններ սերմանող գործիչների ու ՀԿ-ների մասին: Ի՞նքը որտեղից է սնվում: Քանի՞ տեր է փոխել մինչև Պուտինը:



Ոչինչ, մի գեղեցիկ օր Պուտինին կպատմենք այդ մասին՝ ընդ որում՝ Պուտինի մայրենի լեզվով: Հուսամ՝ Կրեմլում փողերը հենց այնպես շաղ չեն տալիս, որ Անդրանիկ Նիկողոսյանն ու Մենուա Հարությունյանը լափեն Հայաստանում և, փոխանակ Ռուսաստանի դրական իմիջ ձևավորելու, զբաղվեմն իրենց ազգակիցների վրա մատնագրեր գրելով:



Էդիկ Անդրեասյան