«Վարչապետի գամբիտ» կամ՝ ո՞վ է այս խառնակ ժամանակներում «ձիերն» առաջ տալիս

«Վարչապետի գամբիտ» կամ՝ ո՞վ է այս խառնակ ժամանակներում «ձիերն» առաջ տալիս

Երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տալիս ԱԺ նախագահի պաշտոնից, ՀՀԿ-ում մե քեֆ, մե ուրախություն էր տիրում: Սցենարները պարզ էին, բոլորը գիտեին, որ Հովիկ Աբրահամյանը ավելի լավ տեղ է գնում, ավելի լավ պաշտոնի՝ իր սրտին ավելի մոտ: Օլիգարխներն ընդհանրապես ցնծության մեջ էին, որովհետև կրակն էին ընկել մեծն ֆինանսիստ Տիգրան Սարգսյանի ձեռը, ով դրամ-դոլլար խաղերով հանում էր բոլորի հոգին՝ բանկերը դարձնելով ֆինանսական մահակ ոչ միայն տնտեսության, այլև իրենց՝ օլիգարխների գլխին: Յուրային, հասկանալի հայերենով՝ արայով- բանով խոսող Հովիկ Աբրահամյանն ուր, օդեղեն ամրոցներ կառուցող, անհասկանալի բառեր օգտագործող Տիգրան Սարգսյանն՝ ուր:



Այդ երանելի օրերին շատ հետաքրքիր պահվածք ունեին ՀՀԿ կանայք: Նրանք համ տխրել էին, որ Արգամիչը հեռանում է, համ էլ ուրախացել, որ նրա հեռանալով ԱԺ-ում մատրիարխատի ժամանակներ են սկսվում: Գիտեին, որ կարճ ժամանակով Նիկոյանի նախագահելուց հետո ԱԺ գահին բազմելու է իրենց սիրելին՝ Գալուստ Սահակյանը, ով, եթե նույնիսկ Հովիկ Աբրահամյանի չափ առատաձեռն ու կնամեծար էլ չէր, բայց շուլուխչի էր ու ներողամիտ ԱԺ կանանց անիմաստ արտասահմանյան ուղևորությունների հարցում:



Հիմա, երբ Հովիկ Աբրահամյանն արդեն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, ՀՀԿ-ի սրտին դանակ տաս՝ արյուն չի կաթի: Արգամիչի տրամադրությունն էլ այն չէ: Նա իր հրաժարականի մասին խոսել է այնպես տխուր, որ այդ վերջնաճառը կարելի է նույնիսկ դամբանականի հետ շփոթել: Տեսնես ինչո՞ւ է այդպես տխրել: Մի՞թե մենք՝ լրագրողներս, ամեն ինչ չենք արել, որ նա բարձր տրամադրությամբ հրաժարական տա: Մենք Արգամիչի համար բոլոր դռները՝ սկսած ՀՀԿ շտաբից և վերջացրած ՀՀ նախագահի աշխատակազմով, բաց ենք թողել, հուշել ենք, խորհուրդ ենք տվել, նկարագրել դեպի մեծ քաղաքականություն կամ ի շրջանս յուր վերադարձի ուղիները: Եվ ուրեմն ինչո՞ւ է տխուր Հովիկ Աբրահամյանը, ինչո՞ւ է համր ՀՀԿ-ն և, չեն խայտար յուր ալյակք...



Իսկ գուցե ժամանակաշրջա՞ն է փոխվում Հայաստանում: Գուցե գալիս են օրեր, երբ «մշտնջենականներն» այլևս չե՞ն կարողանալու հրամայել: Երանի: Բայց դրան մի քիչ դժվար է հավատալ, որքան էլ նոր վարչապետը իր անհամեմատ բարձր քաղաքական ցենզով հույսեր է ներշնչում: «Ռուսկի յազիկի» տեղը, ով գիտի անգլերեն էլ է լավ իմանում, պետական բուրդը սեփականի հետ խառնող չէ, ասում են թիկունքին երիտասարդություն ունի... Կապրենք՝ կտեսնենք:



Շատացել են նաև «ազգային համաձայնության» կառավարության մասին խոսակցությունները: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որն է այդ կառավարությունը մի երկրում, որտեղ բոլորը կամ գրեթե բոլորը հայ են: Կարծում եմ՝ ազգային բառն այդտեղից պետք է հանել և փոխարենը դնել «բազմակուսակցական» բառը, որովհետև հնարավոր չէ պատկերացնել, որ միայն հայերով ձևավորված կառավարությունում պետք է դեռ ազգային համաձայնություն կայացնել: Կողքից մեզ ի՞նչ կասեն: Եթե ցանկությունը մեծ է «Սասնա ծռերի» այդ դրույթը ի կատար ածելու, խնդրեմ, ի կատար ածեք, միայն թե չեմ հասկանում, ինչպես պետք է ազգային համաձայնություն կայացնեք դիցուք՝ Հրանուշ Հակոբյանի և Հասմիկ Պողոսյանի միջև: «Սասնա ծռերը« նաև «ազգային ազատագրական» շարժում են հռչակում Հայաստանում: Հետո՞: Հո «Սասնա ծռերի» ասած ամեն բան չի՞ կարելի ի կատար ածել:



Օֆ, դե եսիմ, բոլորի մասին խոսեցինք, բացի Սերժ Սարգսյանից, որ Հովիկ Աբրահամյանի տխրության հիմնական մեղավորն է: Մի ամբողջ ժողովրդի նստեցրել է շախմատի առաջ, ինքն էլ սիրում է միշտ սպիտակներով խաղալ: Քայլ է արել՝ e2` e4... Պատասխան՝ e7` e5: Ձի` f3... «Ջոկեցինք», «Վարչապետի գամբիտ է» խաղում: Բայց ո՞վ է այս խառնակ ժամանակներում «ձիերն» առաջ տալիս, դեռ գետ կա անցնելու, բան կա: Կարծում ենք՝ պետք էր «ԱԺ թագուհու» գամբիտ խաղալ, հանդարտեցնել կրքերը և անսպասելի զոհաբերել «ԱԺ թագուհուն»՝ նախևառաջ սպիտակ ֆիգուրների մեջ զգոնություն առաջացնելու համար: Սակայն, ինչպես ասում են՝ շախմատում հուշել չկա: Ձեռք ես տվել՝ խաղում ես: Եվ հիմա մի ամբողջ ազգ նստած մտածում է՝ ինչո՞ւ վարչապետին: Վա՞տ է աշխատել: Իսկ ո՞վ է լավ աշխատել նրա նախորդներից: Այսօր երեկոյան ՀՀԿ-ով շնորհակալություն են հայտնելու Հովիկ Աբրահամյանին՝ կատարած աշխատանքի համար: Կարգ է: Բայց գոնե Հովիկ Աբրահամյանին կասե՞ն, թե ինչի համար է այս ամենը, թե՞ Սերժ Սարգսյանը նույնիսկ նրանից է գաղտնի պահել իր հաջորդ քայլը:



Էդիկ Անդրեասյան