Զառով պաստառներ փակցնելն Ընտրական օրենսգրքի խախտում չէ

Զառով պաստառներ փակցնելն Ընտրական օրենսգրքի խախտում չէ

Այս օրերին Գյումրիում փոխադարձ մեղադրանքներով համեմված քննարկումներ են ընթանում զառով պաստառների շուրջ։ Հայտնի է, որ զառի նկարով եւ «Հաջողության բանաձեւ» մակագրությամբ այդ պաստառները քաղաքի տարբեր տեսանելի վայրերում քաղաքապետարանի թույլտվությամբ փակցրել էր «Գյումրեցու ոգի» կուսակցությունը։ Քաղաքացիները պաստառներն ընկալել են որպես հակաքարոզչություն ընդդեմ ԲՀԿ ցուցակի առաջին համար, մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, որը երիտասարդ տարիներին, իբր, ազարտային խաղերին տրվելու մոլուցք է ունեցել։ Արյունոտ այս պաստառները, ըստ լուրերի, նաեւ պատճառ դարձան Գրիգորյանի որդու մահվան, քանի որ հանգուցյալ երիտասարդի պատվախնդրությանն էին դիպել։ Այժմ քաղաքի բնակիչներից շատերը «զառ կախողներին» են մեղադրում տղայի մահվան մեջ, թեեւ, բնական է, որ եթե անգամ պաստառներն իրոք դեր են խաղացել նրա մահվան մեջ, ապա հազիվ թե գտնվեր մեկը, որը կկարողանար կանխատեսել նման հանգուցալուծում։



ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն արդեն սպառնացել է, որ պաստառն «ուտեցնելու» է այդ մտահղացման հեղինակին, իսկ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սահրադյանը, որը ոչ հեռու անցյալում Բալասանյանի խորհրդականն էր եւ նրա հավատարիմներից է համարվում, խոստովանեց, որ ինքն է այդ գաղափարի հայրը, ասելով․ «Մեզ ինչ-որ բան ուտացնողը թող գնա՝ իր մտերիմներին, հարազատներին, իր տան տղամարդկանց ուտացնի»: Այս հարցազրույցը, որը Սահրադյանը տվել էր «Ասպարեզ» ակումբին, Գյումրիում նոր մեղադրանքների փոթորիկ առաջացրեց։ Մարդիկ այն ինքնախոստովանություն դիտեցին մի հանցանքի մեջ, որի համար առնվազն պետք է բերդ նստեցնել։ Բանն այն է, որ իր հարցազրույցում Սահրադյանը ոչ միայն չէր ժխտել ԲՀԿ առաջին համարի հասցեին հակաքարոզ անելու մտադրությունը, այլեւ մանրամասնել էր հակաքարոզչության իր հետագա ծրագրերը։ «Մենք պլանավորել էինք քաղաքական շարք: Երկու օրը մեկ փոխվելու էր պաստառը, եւ ամեն անգամ մի թեկնածուի մասին ինչ-որ բան էր լինելու, իսկ վերջում «Գյումրեցու ոգի» կուսակցության հետ կապված էինք տեղադրելու: Սա քաղաքական գործընթացի հիմնական տրամաբանություններից մեկն է»։



Մենք դիմեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը եւ պարզաբանել, թե, ի վերջո, կա՞ օրենքի խախտում «Գյումրեցու ոգի» կուսակցության գործողություններում, հակաքարոզչությունը կամ «սեւ PR»-ը որեւէ կերպ արգելվո՞ւմ է։ Նա մեզ պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքում չկա հակաքարոզչության կամ «սեւ PR»-ի վերաբերյալ որեւէ դրույթ։ «Ընտրական օրենսգիրքն ամրագրել է քարոզչության եզրույթը, իսկ հակաքարոզչությունը դա նույն քարոզչությունն է եւ տեղավորվում է այս եզրույթի մեջ։ Կողմերը միաժամանակ եւ քարոզչություն են անում, եւ հակաքարոզ։ Որեւէ ցենզուրայի մեջ գրավոր ու բանավոր խոսքը չի կարող տեղավորվել, քանի որ հակառակ դեպքում շատ դժվար կլիներ կանխել չարաշահումները։ Եթե ԸԸՕ-ում մենք նախատեսեինք ցենզուրայի վերաբերյալ դրույթ, որը կսահմանափակեր քարոզչությունը, ապա չգիտենք, թե հանձնաժողովներն ուր կհասնեին»։ Կա քաղաքական ուժ, որն իր քարոզչական նյութերը կառուցում է՝ սեփական ծրագրերը գովազդելով, իսկ կա ուժ, որն իր քարոզչությունը կառուցում է մյուսներին քննադատելու, հակաքարոզչության, ինչպես ընդունված է ասել՝ «սեւ PR»-ի վրա, «մրցակիցներին տրված է ազատություն, եւ ժողովուրդը պետք է գնահատի նրանց արժանիքները»։



Ինչ վերաբերում է պաստառներին․ «Դրանք քարոզչական նյութեր են, որոնց վրա թեկնածուներն ինչ-որ կերպ ամրագրել են իրենց ծրագիրը, գործունեության մասին տեղեկություններ։ Կարող է լինել քարոզչական պաստառ, որը զրպարտություն ու վիրավորանք է պարունակում, սակայն այս հարցն այլ տիրույթում պետք է լուծել, ոչ ընտրական օրենսդրությամբ։ Այս պարագայում պաստառը կա, հասկանալի է, թե ով է այն փակցրել, գիտենք հեղինակին, բայց այն մարդկանց մոտ, որոնք տեղյակ չեն համայնքի ներքին խմորումներին, իրար կծոցներին եւ այլն, կարող են տարբեր ասոցիացիաներ առաջանալ։ Քարոզի տերը կարող է, ցանկանալով իր համար բարձր նիշեր ապահովել, բացատրի, որ, տվյալ պաստառը փակցնելով, նպատակ չի ունեցել հակաքարոզ անելու։ Նման բաները շատ դժվար են ապացուցվում։ Եվ, վերջապես, հաճախ հնարավոր չէ ստույգ ասել, թե ինչպես կաշխատի քարոզչական պաստառը, արդյոք այն քարոզ եղավ, թե հակաքարոզ, շատ բարդ է ասել»։



Ըստ Մուկուչյանի, այստեղ մեծ դեր ունեն ընտրական մշակույթը, բարոյահոգեբանական նորմերը, չգրված օրենքները, որոնք տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում տարբեր են։ Պետք է ընդունել, որ զառերի հետ կապված զարգացումները, իրոք, գյումրեցիների մտածողությանն ու քաղաքում տիրող բարոյական նորմերին համահունչ են։ Այս քաղաքին բնորոշ է դժբախտության մեջ գտնվողին կարեկցելը, եւ վատ վիճակում հայտնվածն անմիջապես արժանանում է հասարակության համակրանքին։ Եվ դեռ հայտնի չէ, թե ում ավելի վնասեց զառը՝ պրոբալասանյանական ուժերի՞ն, թե՞ Վարդեւանի կուսակցությանը։ Ի դեպ, Վարդեւան Գրիգորյանի որդու մահից հետո «Գյումրեցու ոգին» հանեց պաստառները, անգամ անկախության օրվա միջոցառումները չեղյալ համարվեցին, ինչը, ի դեպ, նաեւ կասկածներ հարուցեց եւ քաղաքապետի վարկանիշին վնասեց, քանի որ գյումրեցիք այս քաղաքի մշակույթին համահունչ դատեցին․ «Մի հասարակ երեխա եթե մահանար, այդպես չէին անի»։ Ոմանք էլ հիշեցին, որ Ավետիսյանների սպանդից հետո սուգ չհայտարարվեց։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ